Միտումնավոր չեն շեշտում, որ այդ մրցույթը հենց տրանսգենդերների մրցույթ է

Միտումնավոր չեն շեշտում, որ այդ մրցույթը հենց տրանսգենդերների մրցույթ է

Առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցելու է «Miss Star International» տրանսգենդերների գեղեցկության մրցույթին: Հայաստանն այդ մրցույթին ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը, ով «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ վաղ մանկության տարիներից է երազել նման մրցույթի մասնակցելու մասին: Նա պատմել էր, որ ինքն անձամբ է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել և չնայած այն բանին, որ համակրում է օրվա իշխանություններին, իշխանությունները որևէ կապ չունեն այս մրցույթի հետ: Ամեն անգամ, երբ հանրությունը ակտիվ քննարկումներ է ծավալում ԼԳԲՏ համայնքի մասին, տպավորություն է, որ հասարակության մեջ ագրեսիան, ատելությունն ու անհանդուրժողականությունն ավելի է շատանում այս համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք տրանսգենդեր Քիմբերլի Խաչատրյանի հետ, ով ունի իր սեփական կոսմետիկայի բրենդը` Cimberly beauty-ն:

- Քիմբերլի, տրանսգենդեր կինն առաջին անգամ Հայաստանը ներկայացնում է գեղեցկության մրցույթում: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Նման դեպքերում ագրեսիան այս համայնքի ներկայացուցիչների հանդեպ ավելի չի՞ մեծանում:

- Նախ ուզում եմ անպայման շեշտել, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանից տրանսգենդեր կինը մասնակցում է գեղեցկության մրցույթին: Առաջին անգամն էր սա, որ այսքան մեծ աղմուկ բարձրացավ: Տրանսգենդեր Մոնիկա Սարգսյանը մի քանի տարի առաջ մասնակցել էր գեղեցկության մրցույթին և հաղթել: Այնպես չէ, որ առաջին անգամ է տրանսգենդերը մասնակցում նման մրցույթին: Ուղղակի այս ամենի մեջ աբսուրդն այն է, որ Դիանան մասնակցում է հենց տրանսգենդերների մրցույթին, բայց շատերը միտումնավոր չեն շեշտում, որ այդ մրցույթը հենց տրանսգենդերների մրցույթ է: Իրենց անգրագետի տեղ դրած ասում են` եկեք բողոքենք, որ տրանսգենդերը մասնակցում է գեղեցկության մրցույթին: Ինչ վերաբերում է ագրեսիային, ապա անգրագետ մի մեծ զանգված կա, որը սովոր է տեսնել միայն այն, ինչ ինքն է պատկերացնում: Լսել են, որ տրանս անձինք հիմնականում միայն ինչ-որ վատ աշխատանքներ անելու համար են, սովոր չեն, որ նման անձինք կարող են նորմալ աշխատանք, մասնագիտություն ունենալ: Այսինքն` իրենք իրենց մարդ են համարում, բայց տրանսգենդերներին` ոչ:

- Երբ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր ելույթ ունեցավ, ֆիլմ նկարահանվեց Մելինե Դալուզյանի մասին, դրանից հետո դրակա՞ն, թե՞ բացասական փոփոխություն նկատեցիք ձեր համայնքի ներկայացուցիչների հանդեպ:

- Մեր հեռուստատեսային իրականությունն էլ է դրան նպաստում: Սերիալներ են ցուցադրում, որտեղ ընդհանրապես չկան ԼԳԲՏ անձինք: Իբրև բոյկոտում են մեզ: Հիմնականում գեյերը թաքնված են, իսկ տրանսգենդերները քիչ են երևում և որոշ մարդկանց թվում է, որ այդ կերպ կարողանում են մեր վրա ազդել, մեզ դաս տալ, այսպես ասած: Այն պահից, երբ դու քեզ ընդունում ես այնպիսին, ինչպիսին, որ կաս, սկսում ես թքած ունենալ, ով ինչ է ասում: Իհարկե, շատ բան փոխվել է, աբորիգեն տեսակները քչացել են:

- Եկեք խոսենք Ձեր բիզնեսից` ի՞նչ կոսմետիկ միջոցներ եք պատրաստում:

- Բավականին նոր պրոդուկտներ կան, առաջ եթե միայն շրթներկեր, գլոսներ և մատիտներ էի պատրաստում, հիմա արդեն նաև մաշկի խնամք, կրեմներ` ձեռքի, մարմնի և այլն, տոնային կրեմներ, մազաթափության շիճուկներ: Դրանք լրիվ ես եմ պատրաստում: Իմ օրը անցնում է այդ աշխատանքի մեջ: Առաքումներ, հաճախորդներին պատասխանել և այլն: Հասարակությունը սովոր է տրանսգենդերներին միայն սեքս աշխատողներ տեսնելու, մտածում են միայն փողով տղամարդկանց հետ հանդիպելու համար ենք սեռափոխվում, բայց դա այնքան էլ այդպես չէ, իմ օրինակը տեսեք: Ամեն դեպքում Հայաստանը կարելի է համարել ժամանակակից երկիր, եթե տրանսգենդերները մասնակցեն «Միսս աշխարհ» մրցույթին, այլ ոչ թե ուղղակի տրանսգենդերների համար նախատեսված մրցույթին: Եվրոպական մի շարք երկրներ տրանս անձանց են ներկայացնում մրցույթներին:

Արեգ Մարգարյան