Ավտոմեքենայի հրկիզման հետ կապված՝ որեւէ կասկածյալ չի ներգրավվել

Ավտոմեքենայի հրկիզման հետ կապված՝ որեւէ կասկածյալ չի ներգրավվել

«Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ավտոմեքենայի հրկիզման հետ կապված՝ որեւէ կասկածյալ չի ներգրավվել քրեական գործի շրջանակներում»,- այս մասին մեզ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Նաիրա Հարությունյանը եւ հավելեց, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, իսկ հարցաքննվողների անուները չեն կարող հրապարակել:  

Ավտոմեքենայի հրկիզումն այդքան հետաքրքրություն չէր առաջացնի, եթե դա տեղի չունենար Աբովյան քաղաքում,  ընտրությունից մեկ օր առաջ: Դեպքից հետո ողջ համացանցը լցվեց միմյանց մեղադրող  եւ դատապարտող հայտարարություններով, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեպքը որակեց այսպես․ «Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը»: 
 Ի վերջո` հանրությանը հետաքրքրում է, թե ով է հրկիզել Գրիգոր Գուլյանի ենթաշտաբի պետ Վահան Սարիբեկյանի ավտոմեքենան եւ բնակարանի դուռը: Վահան Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննությունից տեղյակ չէ, գործով զբաղվում են   իրավապահ մարմինները. «Իրենք գործը քննում են, հիմա ամեն րոպե հո չե՞մ գնա ասի՝ ի՞նչ արիք: Որեւէ մեկին չեմ կասկածում, ոչ մի բանից էլ տեղյակ չեմ»: 

Դեպքի առնչությամբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հավաստիացրեց, որ այս պահին իրավապահներն աշխատում են:  Այն հարցին, թե Աբովյանում խոսակցություններ են գնում, որ հրդեհը կազմակերպված էր ՔՊ-ի կողմից՝ այդպես փորձելով ստվեր գցել ներկայիս քաղաքապետի վրա, Պետրոսյանը պատասխանեց. «Անհեթեթ են նման «մեղադրանքները»։ Լիահույս եմ, իրավապահներին կհաջողվի բացահայտել, և բոլոր հարցերի պատասխանը կստանա հանրությունը»։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։ 

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով, որում ասվում է․ «Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել եւ որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել»։