Դատարանը մերժել է Մեխակ  Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու  կամ փոփոխելու միջնորդությունը

 Դատարանը մերժել է Մեխակ  Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու  կամ փոփոխելու միջնորդությունը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 8-ին կշարունակվի քրեական գործն ըստ մեղադրանքի՝  Մեխակ  Հարությունյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ այս   քրեական գործով  ամբաստանյալ Մեխակ  Հարությունյանի պաշտպան Ռուստամ  Խաչատրյանը  միջնորդություն էր    ներկայացրել Մեխակ  Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու  կամ փոփոխելու մասին, սակայն դատարան  միջնորդությունը մերժել է: 

Հիշեցնենք, որ  Մեխակ  Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է ռազմամթերք հանդիսացող 48 ատրճանակային փամփուշտներ և գործարանային արտադրության մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ԻԲ 6528 համարի Մակարով տեսակի ատրճանակ, որից արձակված 7 կրակոցներով 2017թ. հունվարի 07-ին, ժամը 12.20-ի սահմաններում սպանել է համագյուղացի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Անդրանիկի Հակոբյանին:

Դատարանն անցել է  վկաների հարցաքննման փուլ, այս մասին մեզ ասաց Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանը:  Ըստ Սարգսյանի՝ դատական  նիստերը դռնբաց են, եւ հանգիստ են ընթանում. «Համեմտած դռնփակ նիստերի, ավելի խաղաղ են  ընթանում դատական նիստերը: Դատարանը երբ, որ որոշում կայացրեց դռնփակ նիստ անելու համար պատճառաբանեց, որ դա արվում է  ամբաստանյալի անվտանգությունից ելնելով՝ դրանով ավելորդ լարվածութուն ստեղծեց:  Նոր դատավորը  նշանակվեց, իհարկե պաշտպանական կողմը նորից միջնորդություն արեց, որ դռնփակ նիստեր անցկացնել,  մենք առարկեցինք,  որովհետեւ գտնում ենք, որ հանրությունը ունի այդ իրավունքը,  տեղեկացված լիելու,  որ ի՞նչ է կատարվել, եւ ինչո՞ւ է կատարվել:  Չկար հանրության շահը գերակայող  իրավիճակ, որ  նիստերը դռնփակ անցկացվի: Եթե անվտագության տեսանկյունից նայում ենք ամբաստանյալի   անվտագությունը 25 –ից ավելի ոտիկաններ են ապահովում:   Կողմերի հարազաներից  աշխատում են չներկայանալ դատական նիստերին՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար:  Որպես տուժող իրավահաջորդի կողմ հասկանում են մենք, որ  դռնբաց դատարվարությամբ պետք է գործը քննվի, գտնում ենք, որ իրավաբանական որակումն է սխալ,  ավելի  ծանր հոդվածով պետք է դատապարտվի՝ 104 հոդվածի 2-րդ մասով,  բայց մեղադրանք է առաջադրված  104 հոդվածի 1-ին մասով, որովհետեւ շարժառիթի իմաստով մենք գտնում ենք, որ ավելի քան խուլիգանական դրդումներով է եղել»:

Հովսեփ Սարգսյանի խոսքով՝  վկաները  չեն ներկայանում դատարան, դատարանն էլ՝ բերման որոշում է կայացրել,  ծանուցում ուղարկվել  վկաներին:   

-Պարո´ն Սարգյան, 1 տարի եւ  ավելի շարունակվում է դատավարությունը  Հակոբյանների եւ Հարությունյանների ընտանիքների միջեւ նախկինում  լարվածություն եղե՞լ է:  
Քրեական գործի դատական վարույթով պայմանավորված  փաստական հանգամանքներ ձեռք չեն բերվել լարվածության վերաբերյալ: Կոնկրետ Մեխակ Հարությունյանի եւ Հայկ Հակոբյանի  միջեւ լարվածություն չի եղել,  այս պահի դրությամբ դրա մասին  հայտնի պատճառներ չկան:

-Կարծում եք  նախօրոք ծրագրած սպանությո՞ւն է եղել: 

 Որպես իրավաբան ես գտնում եմ, որ ընդանրապես սպանությունները կատարվում են դիտավորությամբ: Դիտավորությունը նախատեսում է որոշակի գործողությունների   նախապատրաստական շրջան,  զենքի  ձեռք բերում,  կրում եւ այլն:  Այս պարագայում մենք ունենք դեպքի վայր, ունենք մեքենաներով դեմ առ դեմ  հանդիպում,  եւ մի քանի կրակոցներով դիմահար սպանության:  Ինքանո՞վ է սա ծրագրված կամ պլանավորված եղել,   այս հարցի պատասխանը կարծում են գործի դատաքննության արդյունքներով կտրվի, առավել եւս,  որ իրենք  ընկերներ չեն եղել,   ընդամենը եղել են համագյուղացիներ,  մեկը՝ 28 տարեկան էր, մյուսը՝  20:  Ոնց կարո՞ղ է բանակում չծառայած 20 տարեկան երիտասարդը լավ տիրապետել  զենքին:  Ամբաստանյալը չի ծառայել, ըստ գործի տվյալների՝ 2016թ փետրվարի  19-ին քննչական կոմիտեի 5-րդ կայազորային բաժնում  քրեական գործ է հարուցված եղել  Մեխակ Հարությունյանի ժամկետային պարտադիր զինծառայությանից  2016 ձմեռային զորակոչից խուսափելու դեպքի վերաբերյալ,  քրեական գործի քննություն է կատարվել,  եւ քրեական գործի վարույթը կարճվել է:  08.02. 2016 Գավառի  զինկոմիսարի կողմից տրված գրության համաձայն՝ Մեխակ Հարությունյանը 2013թ. անցել է կցագրում, եւ ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար:  2015թ.- նոյեմբերի 4-ին Գավառի զորակոչային հանձնաժողովի    որոշմամբ ուղարկվել է բժշկական հետազոտման  եւ կայացվել է որոշում, որ կարիք ունի 1 տարի ժամկետով բուժման:  2016թ-ին տարեկետում են տվել Հարությունյանին, իսկ 2017թ.-ի  հունվարին տեղի  ունեցավ  այդ չարաբաստիկ սպանությունը:  Դատավարության խոչընդոտներ  չկան, եւ հավատում ենք երկրի արդարադատությանը, որ հավուր պատշաճի քննություն կկատարվի ե´ւ  բովանդակային իմաստով համաչափ, օրինաչափ եւ իրավաչափ պատիժ կնշանակի:    Ցանկացած սպանություն պետք է ունենա շարժառիթ, չկա այդ շառժառիթը:  Էնտեղ ինչ-որ  պատմություն են առաջ բերում, թե դրա նախորդ օրը Հայկ Հակոբյանը դիտողություն է արել Մեխակին  մեքենան վատ վարելու համար, նվաստացրել է, այս հանգամանք են փորձում շահարկել: 

Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյան մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին անվտանգության խնդիր չի  տեսնում, 2 դատավարություն  է ընթանում,  մեկում Մեխակ Հարությունյանը,  որպես  տուժող է հանդես գալիս, մյուսում՝ ամբաստանյալ. «Դատական նիստերին խոչընդոտներ չկան,  մեկ դատական նիստ արդեն կայացել է, ամեն ինչ նորմալ է, 1 վկա արդեն հարցաքննվել է, ամսի 8-ին 2-րդ դատավարություն  է: Դատական նիստերը ձգձգվեց,  խառնաշփոթ իրավիճակ էր, հարձակումներ տարբեր կողմերից, իսկ հիմա նորմալ է ամեն ինչ»: 

Մեր այն հարցին, թե ինչն է եղել դրդապատճառը, որ Մեխակ Հարությունյանը սպանել է Հայկ Հակոբյանին. Խաչատրյանը պատասխանեց. «Նախապես Հայկ Հակոբյանը զգուշացրել էր Մեխակին, եթե  մեկ անգամ էլ մեքենան էդ ձեւի քշել ա Գավառում կամ Նորատուսում,  մինչեւ անգամ ասել ա. «Չգիտեմ քո հետ ինչ կլինի»:  Ամսի 7-ի օրը ըստ Մեխակ Հարությունյանի պատմածի՝ փաստորեն փորձ է արել, որը մենք պետք է ներկայացնենք, ատրճանակը պահել է Մեխակ Հարությունյանի  վրա, նա էլ իր  մոտ գտնվող զենքով կրակել ա : Իսկ զենքը ըստ Մեխակի պատմածի՝ գտելա»:

Խաչատրյանից հետքաքրվեցինք արդյո՞ք,  ամբաստանյալը  խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից,  քրեական  գործ հարուցվել, ապա կարճվել. «Դա սխալ ինֆորմացիա  է, դա չի համապատասխանում ճշմարտությանը,  տարեկետման մեջ է, ոչ մի քրեական գործ չի եղել: Դատարանի կողմից հարցում է կատարվել եւ ստացել է նամակ, որ Մեխակ Հարությունյանը տարեկետման մեջ  է եղել այդ դեպքը տեղի է ունեցել»: