Ապարանի քաղաքապետի «յուրացումը» 20-30 հազար դրամ է կազմում

Ապարանի քաղաքապետի «յուրացումը» 20-30 հազար դրամ է կազմում

Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ համապատասխան փաստաթղթերն իրենից չի պահանջել։ Հիշեցնենք․ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ապարան համայնքի ղեկավարի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ըստ ՔԿ-ի՝ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (4 դրվագ) եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը): 
Սեպտեմբերի 8-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ապարանի համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ չի հասկանում, թե մեղադրանքներն ինչի հետ են կապված, բայց կարծում է, որ շուտով ամեն ինչ կպարզվի։ «Միանշանակ՝ չեմ ընդունում, չկա նման բան։ Ես չեմ կարող ասել, թե իրենք այդ մեղադրանքներն ինչի հետ են կապում, ես իրավաբան չեմ։ Գուցե ես եմ սխալ, բայց ոնց նայում եմ, նմանատիպ կետ չեմ գտնում՝ մեղադրանք առաջադրելու։ Թե ինչի համար են առաջադրել, թող դատարանը որոշում կայացնի։ Ես վստահում եմ ե՛ւ մեր քննչականին, ե՛ւ դատախազությանը, ե՛ւ դատական համակարգին, ինձ թվում է՝ ամեն ինչ կպարզվի, եւ եթե մենք մեղավոր ենք, ապա բոլորս ենք օրենքի առաջ հավասար,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով։- Իրենք փաստաթղթերի կեղծում են համարում այն, որ համայնքի ղեկավարի տեղակալն իրավունք չունի ստորագրելու, իրենք ուղղակի «ՏԻՄ-ի մասին» օրենքը չեն հասկանում, ես առաջնորդվել եմ «ՏԻՄ-ի մասին» օրենքով»։

Մեղադրանքի այն հատվածը, ըստ որի՝ Եղիազարյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, վերաբերում է նրան պատկանող «Գնթունիկ» առեւտրի սրահին։ Եղիազարյանն ասաց, որ ինքը «Գնթունիկը» հանձնել է հավատարմագրային կառավարման, սակայն քննչականից նույնիսկ չեն ցանկացել ծանոթանալ փաստաթղթերին։ «Ես ունեմ սեփական բիզնես, «Գնթունիկն» իմ սեփականությունն է, միակ սեփականատերը ես եմ, անցնելով համայնքային ծառայության՝ ես այն պետք է տամ հավատարմագրման, այն տրված է հավատարմագրված կառավարման, իրենք ուղղակի ցանկություն չունեն թղթերը պահանջելու, որեւէ փաստաթուղթ չեն պահանջել։ Իմ խնդրանքով, պաշտպանի խնդրանքով միայն ինձ են մի անգամ հարցաքննել եւ վերջ»,- ասաց համայնքապետը։

Մենք զրուցեցինք նաեւ Եղիազարյանի պաշտպան Էդգար Արամյանի հետ։ Վերջինս հերթով անդրադարձավ առաջադրված մեղադրանքներին։ «Դրանք անհիմն մեղադրանքներ են, որոնք մենք չենք ընդունում։ Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դրվագի վերաբերյալ կա հավատարմագրային կառավարման հանձնելու մասին փաստաթուղթ, որը վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ չուզեց տեսնել։ Մենք մեր ցուցմունքում ասել ենք, որ նման փաստաթուղթ գոյություն ունի։ Մնացած մեղադրանքների հետ կապված՝ 308-րդ հոդված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, դրսեւորվել է աշխատանքի չգալով, այսինքն՝ իր պարտականությունները չկատարելով, որի արդյունքում համայնքի ղեկավարի տեղակալները ստորագրել են համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումները, դա դիտում են որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ընդ որում համայնքի ղեկավարի տեղակալների գործունեությունն այս դեպքում դիտարկվում է որպես օժանդակություն։ Հետաքրքիրն այն է, որ «ՏԻՄ-ի մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի տեղակալներն իրավունք ունեն համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրելու նրա կողմից կայացված որոշումները։ Այս հարցի կապակցությամբ նաեւ պաշտոնական պարզաբանում է ստացվել տարածքային կառավարման նախարարությունից։ Խնդրո առարկա հարցի վերաբերյալ պարզաբանումը ստանալուց հետո մենք այն ներկայացրել ենք վարույթն իրականացնող մարմնին եւ պահանջել ենք, որ այդ փաստաթուղթը ճանաչվի ապացույց։ Վարույթն իրականացնող մարմինը եւ դատախազը մերժել են, բայց հետագայում ճանաչվել է որպես ապացույց։ Ես չհասկացա իրենց տրամաբանությունն ու գործելաոճը։ Պաշտոնեական կեղծիք է դիտվել այն, որ համայնքապետը ներկա է եղել համայնքապետարանի նիստին, բայց ունեցել է անաշխատունակության թերթիկ։ Մենք հիմնավորել ենք, որ նա չպետք է գար աշխատանքի, բայց հարցի կարեւորությունն այնքան մեծ է եղել, որ ինքը ստիպված մասնակցել է նիստին, եւ այդ մի դրվագը հանեցին իրեն առաջադրված մեղադրանքից։ Մյուս դրվագները, որոնք կապված են պաշտոնեական կեղծիքի հետ, էլի նման բաներ են, որ եղել է գործուղման մեջ եւ եկել որոշումներ է ստորագրել, մինչդեռ համայնքապետը եռօրյա ժամկետ ունի՝ որոշումները ստորագրելու համար»,- ասաց պաշտպանը։

Անդրադառնալով յուրացման մեղադրանքին՝ Արամյանն ասաց, որ դա կապված է աշխատավարձի հետ, թե Եղիազարյանը, իբրեւ, որոշ ժամանակով աշխատանքի չի գնացել, բայց աշխատավարձ է ստացել․ «Աշխատավարձի փոխանցումը լինում է գլխավոր հաշվապահի եւ աշխատակազմի ղեկավարի տեղեկագրերի հիման վրա։ Եղել է բացակայության դեպք, մենք դա չենք հերքում, բայց գործուղման մեջ գտնվելու դեպքում աշխատավարձը պահպանվում է, իրենք դա ներառել են քրեական գործում։ Ինչ վերաբերում է մյուս օրերին, ապա ինքը հրահանգել է աշխատակազմի ղեկավարին, որ անձնական խնդիրների պատճառով արձակուրդ ձեւակերպի, քանի որ հարազատը ծանր վիճակում գտնվել է Գերմանիայում, եւ ինքը պիտի գնար Գերմանիա։

Արձակուրդ ձեւակերպելն աշխատակազմի ղեկավարի պարտականությունն է, որը նա չի արել, բայց մեղադրանք է առաջադրվում համայնքի ղեկավարին։ Մեր բազմաթիվ միջնորդությունները, որ աշխատակազմի ղեկավարին կանչեք, հարցաքննեք, առերեսեք Կարեն Եղիազարյանի հետ, անցան ապարդյուն, այսինքն՝ չբավարարվեցին։ Իրենց պետք էր, որ գործը գնար դատարան։ Աշխատավարձի չափման հետ կապված, ըստ իրենց եզրակացության՝ 207 հազար դրամ է կազմում այդ ենթադրյալ յուրացումը, բայց եթե այդ գումարից հանում ենք գործուղումները, հանում ենք չձեւակերպված արձակուրդները, որը պարտավոր էր անել աշխատակազմի ղեկավարը, տակը մնում է 20-30 հազար դրամ։ Ես անկեղծ զարմացած եմ։ Քանի որ ես իրավաբան եմ եւ քաղաքականությունից հեռու եմ, չէի հավատում, որ ասում էին՝ պատվեր է, մտածում էի՝ գործը կքննեն, ի վերջո կպարզվի, բայց այս շտապողականությունը, որ իրենք մեզ չլսեցին եւ որեւէ գործողություն չարեցին, ես արդեն համոզվում եմ դրանում, որ սա քաղաքական պատվեր է»։

Պաշտպանի խոսքով՝ համայնքապետը նույնիսկ չի էլ ստանում իր աշխատավարձը, տեղյակ էլ չէ դրա կոնկրետ չափից, քանի որ այն ամբողջովին ուղղում է բարեգործության․ «Իր աշխատավարձի քարտը լիազորագրով հանձնված է «Գնթունիկ» ՍՊԸ-ի տնօրենին, երբ աշխատավարձը փոխանցվում է, որից ինքն ընդհանրապես տեղյակ էլ չէ, թե ինչքան է փոխանցվում, աշխատավարձը գնում է բարեգործության, այսինքն՝ այդ դրամական շարժին ինքը չի տիրապետում, մինչդեռ յուրացման դեպքում մարդն ուղղակի դիտավորություն պիտի ունենա հափշտակելու, այսինքն՝ պետք է տեղյակ լինի իր աշխատավարձի չափից եւ ցանկություն ունենա հափշտակելու, բայց տվյալ դեպքում ինքը նույնիսկ իր աշխատավարձից էլ տեղյակ չէ, թե ինչքան է նստում, ամեն ամիս տարբեր է, եւ դա որոշում է համայնքի ավագանին, եւ այդ աշխատավարձն ուղղակի օգտագործվում է բարեգործական նպատակներով»։