ԲԿ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նախկին տնօրենի որդին

ԲԿ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նախկին տնօրենի որդին

Հրազդանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Սահակյանը: Սահակյանը Հրազդանի ԲԿ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Սահակյանի որդին է: 2018թ․ իշխանափոխությունից հետո Ռոբերտ Սահակյանին աշխատանքից ազատեցին եւ քրեական գործ հարուցեցին: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության տարածած հաղորդագրությամբ՝ «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենը, «1988-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, բժշկական կենտրոնում աշխատակիցներ է հրամանագրել և նրանց փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում աշխատավարձ դուրս գրելով, չկատարված ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով և ԲԿ-ից գումար դուրս գրելով, փաստացի կատարված վերանորոգման ծավալներն ուռճացնելով և այլ եղանակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից պետությանը պատճառված վնասը՝ 11.560.000 ՀՀ դրամ գումարը, վերականգնվել է, որը փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտային հաշվին: Վերջինս քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»: 

Այժմ, Սահակյանը նշանակվել է ԲԿ տնօրենի պաշտոնակատար, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյան եւ մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանի կողմից ներկայացվել է բուժանձնակազմին եւ ստանձնել պաշտոնի կատարումը: Սակայն Նելլի Ավետիսյանը, ով Հրազդանի ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարն էր, աշխատանքից չի ազատվել, ստանձնել է փոխտնօրենի պաշտոնը: 
Օրեր առաջ Կարեն Սահակյանին հարց էինք ուղղել, թե ճի՞շտ է, որ նշանակվելու է Հրազդան ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Ոչ դա ճիշտ չէ. Մի բան հարցնեմ էլի, ամեն օր «Հրապարակ» օրաթերթից հարցնում են՝ նշանակվելո՞ւ եք, կամ ձեզ նշանակելո՞ւ են, ինչո՞ւմն ա խնդիրը, որ դուք իմ անձի մասին հետաքրքրված եք: Ես ասել եմ, կրկնում եմ ինձ չեն հովանավորում, եւ չեն նշանակելու տնօրենի պաշտոնին»: 

Երկուշաբթի օրվանից Կարեն Սահակյանը անցել է աշխատանքի: Մենք կրկին կապ հաստատեցինք Սահակյանի հետ, փորձեցինք որոշ հարցեր ճշտել, սակայն ասաց, որ զբաղված է: Փորձեցինք Կոտայքի մարզպետին մի քանի հարց տալ, սակայն լրատվամիջոցներից խուսափող մարզպետը մեզ չընդունեց: Մարզպետի վարորդը՝ Վլադը ով նախ ներկայացավ, որպես մարզպետի օգնական, հետո ասաց, որ վարորդն, մեզ փոխանցեց, որ մարզպետը շատ զբաղված է: