Մի քիչ էլ, ու արտագաղթի անիվը հետ կպտտվի
Քանի դեռ Նիկոլը կլինի վարչապետ, իսկ Վահե Հովհաննիսյանը, պատկերավոր ասած, ֆինանսների նախարար, արտագաղթի անիվը հետ չի պտտվի: Այս իշխանության պայմաններում դա հնարավոր չէ: 2018 թվից արտագաղթել ենք ու շարունակում ենք արտագաղթել, որովհետեւ Հայաստանում մի այնպիսի բան տեղի չի ունենում, որ մարդկանց հետ պահի արտագաղթից: Ավելին ասեմ, չգիտես ինչու, Նիկոլի Հայաստանում տեղի են ունենում միայն այնպիսի բաներ, որ մարդիկ արտագաղթեն: Թվարկե՞մ… Պատերազմներ են տեղի ունենում, մարդիկ են գերեվարվում, գյուղեր, լճեր ու պաշտպանական բնագծեր են անհետանում, բանակում տղաներ են սպանվում, դպրոցում դասագիրք չկա, բուհերի համար քաղաքում տեղ չկա, տրանսպորտի համար 100 դրամ չկա, գնաճը սպանում է, իրավապահ համակարգը՝ քերթում, հարկայինը՝ «ծնըցնում», հրշեջ, շտապօգնության, ոստիկանության ավտոմեքենաների սիրենաները ոչ մի վայրկյան չեն լռում, պարեկներն անընդհատ ու աննպատակ «շվիշտոկ» են տալիս, վարչապետի ընտանիքից սկսած՝ բոլորը թաղված են կոռուպցիայի մեջ, մենաշնորհներ են գրեթե բոլոր ոլորտներում, մանրումիջիններն անհետանում են, բանկերը թալանում են, կառավարությունը՝ կողոպտում, նախագահ չկա, իշխանության պատգամավորներն էլ էշ-էշ դուրս տալուց այնկողմ չեն անցնում: Ու սա դեռ բոլորը չէ: Եվ, ուրեմն, ձին այդ ինչպես պետք է քո գլխին քացի տված լինի, որ չարտագաղթես այս երկրից ու չգնաս կյանքիդ հետեւից:
Ինչ էլ որ կա, հիմնված է ստի ու կեղծիքի վրա: Վարչապետը ստում է, ԱԺ նախագահը ստում է, չեղած նախագահը ստում է, դատախազը ստում է, ՔԿ-ն ստում է, կոռուպցիոն մարմինը ստում է, ԲԴԽ-ն ստում է, ՄԻՊ-ը ստում է, նախարարները ստում են, ՔՊ-ի գրասենյակը ստում է, ՔՊ-շնիկները ստում են, Անդրանիկ Քոչարյանը ստում է: Իբր սա քիչ էր, ստել է սկսել նաեւ ֆինանսների նախարարը: Մեկն ասեր՝ այ Վահե Հովհաննիսյան, դո՞ւ ինչ շահ ունես ստելու մեջ, ի՞նչդ է ավելանալու: Էդ որ թվեր ես կրակում, թե 2024-ին կանխատեսում եք 5,8, իսկ 2025-ին 5,6 տոկոս տնտեսական աճ, կարողանալո՞ւ ես տակից դուրս գալ: Բա անգրագիտությունը, բա քաղաքական տհասությունը… Մենք ինչպե՞ս կարող ենք Նիկոլի վարչապետության օրոք մեզ թույլ տալ, որ 2025-ին կանխատեսվող տնտեսական աճը փոքր լինի 2024-ի տնտեսական աճից: Էլ չեմ խոսում այն մասին, որ 2025-ին խաղաղության պայմանագիրը կնքված, բոլոր ճանապարհներն էլ բաց են լինելու, առեւտուր ենք անելու, աճելու ենք ու աճացնելու ենք: Մեր առջեւ արդարանալու խնդիր չկա, պարոն Հովհաննիսյան, դու գնա Նիկոլի առաջ արդարացիր, որովհետեւ իրական Հայաստանի տնտեսական աճի մեջ ուղիղ 0,2 տոկոսի պակասորդ ես տվել: Կարող էիր, չէ՞, ասել՝ 2025-ին նախատեսվում է 6-6,5 տոկոս տնտեսական աճ, ո՞վ էր ստուգելու: Մենք էլ կլսեինք, ու մեկ էլ տեսար՝ արտագաղթը կանգնեց, արտագաղթի անիվը սկսեց հակառակ պտտվել:
Ես տնտեսագետ չեմ եւ ոչ մի կերպ չէի կարող հասկանալ, թե ինչ է նշանակում «տնտեսության ներուժային աճ» ասվածը: Դիմեցի Google-ին, նա էլ մի այնպիսի բան չասաց, որ հասկանայի: Ինչեւէ, Վահե Հովհաննիսյանն ասում է, որ մեր տնտեսության ներուժային աճը նախկին 4-4,5 գնահատված միջակայքից աճել է` հասնելով 5-5,5 միջակայքի: Չհասկանալով հանդերձ, թե սա ինչ է, կարող եմ միանշանակ պնդել, որ Վահե Հովհաննիսյանը ստում է: Չե՞ք հավատում: Նայեք շուրջներդ եւ կտեսնեք, որ մեզանում ոչինչ եւ առավել եւս ինչ-որ «ներուժ» չի աճում, որ մի բան էլ այն դնենք որոշակի միջակայքի մեջ ու հաշվենք, թե ինչքանով է աճել կամ պակասել: Եվ դարձյալ նույն հարցը պետք է տամ Վահե Հովհաննիսյանին․ հարգելի թիվ մեկ ֆինանսիստ, եթե խաղաղության պայմանագիրը կնքված է, ճանապարհները՝ բացված, առեւտուր ենք անում, աճում ու աճացնում, իսկ Ձեր նշած «տնտեսության ներուժային աճն» էլ միջակայքեր է պայթեցնում, ապա ինչո՞ւ եք 2025 թվականին կանխատեսում տնտեսական աճի մի ողջ 0,2 տոկոս անկում՝ 2024-ի համեմատությամբ:
Թե բա՝ «Տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը»: Նույն Վահե Հովհաննիսյանն է ասել: Հայաստանում այսօր քանի՞ քաղաքացի ունի անվտանգության բարձր զգացում: Ձեզ եմ հարցնում, պարոն Հովհաննիսյան: Խոսքը Նիկոլի, Ձեր, ՔՊ-ի ու ՔՊ-շնիկների մասին չէ, այլ սովորական քաղաքացիների, որոնք, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, անվտանգության զգացում առհասարակ չունեն, հոգնել են բոլոր ստերից եւ ուզում են մի տեղ փախչել, միայն թե ազատվեն Նիկոլից ու նիկոլակրատների տեռորից: Էն էլ ասեմ, որ մեր արտագաղթի անիվը ժամանակին, այո, կանգնել է եւ սկսել է անգամ հետ պտտվել: Բայց դա վաղուց էր, երբ ո՛չ Նիկոլ կար, ո՛չ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան… Առհասարակ, ոչինչ չկար թավշի նմանվող: Եվ անվտանգության զգացումն էլ իսկապես բարձր էր՝ թիկունքներիս Հայոց բանակ ունեինք, Արցախ ունեինք, Սփյուռք ունեինք, տնտեսության աճը երկնիշ թվերով էր արտահայտվում: Հիմա եկել՝ մա՞րդ եք զարմացնում ձեր բերած անվտանգությամբ:
ՀԳ. Օգտվելով առիթից, որ ԱԺ-ում բյուջե եք քննարկում, հիշեցնեմ, որ Նիկոլը մի անգամ ասել է, որ դա մեր մեծ ընտանիքի բյուջեն է: Ասել է թե՝ ափեղ-ցփեղ շատ մի խոսեք, որովհետեւ ընտանիքում ընդունված չէ սեփական բյուջեի վրա երազանքների դղյակներ կառուցել: Մենք մեր գրպանի փողի հաշիվը լավ գիտենք:
Կարծիքներ