Ես այնքան հայ եմ, որքան Շնորհալու տաղերը փնտրող երեխան էր

Ես այնքան հայ եմ, որքան Շնորհալու տաղերը փնտրող երեխան էր

Երկու տարի առաջ էր, թուրքերեն մի հաղորդագրություն ստացա. «Ես հայկական արմատներ ունեցող ժամանակակից թուրք բանաստեղծ եմ: Կարո՞ղ եք ինձ օգնել»: Հետագա նամակագրությունից պարզ դարձավ, որ երիտասարդ բանաստեղծի երազանքն է՝ իր ստեղծագործությունները տեսնել «իր պապերի լեզվով» եւ հայերեն թարգմանությունների միջոցով գուցե նաեւ կապ հաստատել հեռավոր ազգականների՝ մասնավորապես Լիոնում բնակվող Հակոբ Թոփալյանի ժառանգների հետ, քանի որ տարիներ շարունակ պահպանված նամակագրական կապն ընդհատվել է բռնաճնշումների հետեւանքով:

Ժամանակակիցթուրք գրականության ինքնատիպ բանաստեղծներից մեկն է Նիհաթ Օզդալը, ծնվել է 1984 թ.- ին՝ Հալֆեթիում (Ուրֆա/Եդեսիա), բարձրագույն կրթությունը ստացել Այնթապի համալսարանում:

Առաջին գիրքը՝ «Google-ից առաջ» (Google’den Önce) վերնագրով, լույս է տեսել 2008 թ., որի համար հեղինակն արժանացել է երիտասարդ բանաստեղծների «Մեմեթ Ֆուաթ» եւ «Հոմերոս» բանաստեղծական մրցանակներին: 2011 թ. տպագրվել է «Թեւի հետագծերը» (Kanat zleri) ժողովածուն: 2015 թ. հրատարակվել է բանաստեղծի հայտնի եռապատումի առաջին՝ «Կոճակներ» (Dümeler) գիրքը, իսկ 2017 թ.՝ երկրորդ գիրքը՝ «Մաշկ» (Deri) վերնագրով, որի համար էլ բանաստեղծն արժանացել է «Ոսկե դափնի» գրական մրցանակին: Եռապատումի վերջին՝ «Կոորդինատներ» (Koordinatlar) գրքի համար Ն. Օզդալն աշխարհի տարբեր երկրներում եւ աշխարհագրական հարթություններում շարունակում է կոորդինատներ վերցնել:
     

- Որտեղի՞ց է սկսվում Ձեր պատմությունը:

- Ծնվել եմ Ուրֆայի Հալֆեթի գավառում: Մորս կողմն Այնթապից է, հորս մի կողմը Հալֆեթիից է, մյուսը՝ Ադըյամանից: Հալֆեթին Եփրատ գետի ափին հիմնված՝ միջերկրածովային կլիմայական պայմաններ ունեցող էգեյան գյուղաքաղաք է հիշեցնում: Իր քարակերտ տներով, սալարկված փողոցներով, մրգատու այգիներով եւ խոհանոցով ինքնատիպ մի բնակավայր է: Կարծում եմ՝ պատմությունս սկսվում է այնտեղից, որտեղ մանկությունս է անցել, երբ Եփրատի ափերին աճող ուռենիներից գետն էի ցատկում, ընկնում: Ու դեռ մի գետ է թե՛ պոեզիաս, թե՛ ճամփաս:

- Ինչո՞ւ հայերեն:

- Աշխարհագրական եւ պատմական հեռավորություններում ապրված աղետալի երեւույթները եւ դրանց առաջ բերած ցնցումներն իմ բանաստեղծության հիմնական թեմաներից են: Վաղ մանկությունից ի վեր հիշողությանս ափերին զարնվող ալիքները մշտապես դառը պատմություններ են բերել: Տարբեր ուղղություններով առաջ ընթանալով՝ փնտրել եմ ինքս ինձ. գուցե սա ինքնին մի տարօրինակ փախո՞ւստ է: Ներկայից պոկվելով՝ կուզեի հաստատվել անցյալում: Շատ վաղուց ինչ-որ տեղ գրածս բառերը պետք է վերադառնային իրենց սրտին հարազատ ակունքին, որից բխել են:

 - Ե՞րբ եք իմացել Ձեր հայկական ինքնության մասին:

- Հեքիաթները, որոնցով մեծացել եմ, լավ ավարտ չեն ունեցել: Հավանաբար այն ժամանակ, երբ սկսեցի հասկանալ, որ ստիպված եմ որպես ծանր բեռ տանել այն պատկերները, որոնք հեքիաթի տեսարան եմ կարծել:

- Ինչքանո՞վ եք Ձեզ հայ զգում:

- Շատ դժվար հարց է: Ինքնություն, որը ջանում եմ կառուցել հիշողության տարրերով: Ռումքալեում (Հռոմկլա) է գտնվում բանաստեղծ Սուրբ Ներսեսի եկեղեցին (Հռոմկլայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ ամփոփված է Ներսես Շնորհալու աճյունը), ուր երկար ժամանակ նրա հետքերն եմ փնտրել՝ նրա տաղերը հասկանալու, ժամանակաշրջանի եւ ընդհանուր աշխարհագրականտարածքի ունեցած ազդեցությունը նրա տաղերի վրա ընկալելու համար: Թուրքիայից դուրս տարբեր նախագծերի ժամանակ «որտեղի՞ց եք» հարցին պատասխանում եմ, որ այն հողերից, ուր ապրել է բանաստեղծ Ներսեսը: Ես այնքան հայ եմ, որքան Շնորհալու տաղերը փնտրող երեխան էր:

- Ձեր պոեզիայում բնության ներդաշնակության հետ մեկտեղ խորը ցավի ապրումներ են նկատվում: Արդյոք հայ ժողովրդի անցյալը որեւէ ազդեցություն ունի՞ Ձեր արվեստի վրա:

- Ինչպես ասում է Անդրեյ Տարկովսկին, «Եթե անցյալը յուրաքանչյուրիս համար ներկան, նույնիսկ ներկայի ամեն մի պահն է սահմանում, ի՞նչ է անցյալը»: Իմ պոեզիայում անձայն եւ ծածուկ վրեժխնդրություն կա, այն որպես ազդեցիկ զգացողություն՝ ագուցված է տողերիս մեջ: Հուսով եմ՝ մոտ ապագայում երկար ժամանակ փայփայած երազանքս իրականություն կդառնա, եւ գիրքս լույս կտեսնի նաեւ հայերենով:

- Ձեր հայտնի եռապատումը կարելի է համարել նոր երեւույթ ժամանակակից թուրք գրականության մեջ: Կպատմե՞ք:

- Եռապատումը բաղկացած է արդեն տպագրված «Կոճակները», «Մաշկը» եւ անտիպ «Կոորդինատները» գրքերից:

«Կոճակները» ժողովածուի ստեղծագործական հագեցվածությունը, դրանում կուտակված զգացմունքային բաղադրիչները մեկիկ-մեկիկ արձակվելու ժամանակ որոշ մոտիվներում անհատական կենսագրություններ էլ սկսեցին բացվել:

Երբ աշխատում էի ժամանակակից արվեստի եւ պոեզիայի միջեւ պերֆորմանսի միջոցով շփման ալիքներ առաջ բերել, նպատակ դրեցի իրապես մի սիմֆոնիա ստեղծել՝ գրելով մարդկանց մաշկի վրա...: «Մաշկը» գիրքը կարող է ընթերցվել որպես պերֆորմանսի՝ իբրեւ ժամանակակից արվեստի ոլորտի կիրառում պոեզիայում: Բառերը՝ որպես կրքի վրա հիմնված մի շինություն, մաշկի վրա կառուցելու ժամանակ սկսեցի հարցականի տակ դնել բանաստեղծություն գրելու եւ սրբապատկերներ անելու գործընթացների փոխկապակցվածության շուրջ խորհել:

Ինչ վերաբերում է «Կոորդինատները» գրքին, այն մի տարօրինակ փախուստ է, առաջխաղացում տարբեր կողմեր, ժամանակային եւ աշխարհագրական սահմանափակումներին ձեռնոց նետելու նման մի բան: Փորձում եմ աշխարհը որպես գտածս, հասկացածս կետեր տեսնել եւ հուշերս վերնագրում եմ այդ վայրերի կոորդինատային համարժեքներով՝ համաձայն քարտեզի կոորդինատային համակարգին, ստեղծելով բանաստեղծություններ: Աշխատում եմ աշխարհում առանձնացրածս այս կետերի ցանկություններն ու կրքերը խոստովանել ինքս ինձ, ապա նաեւ՝ ուրիշներին: 

 

40°33’50.7”N 45°00’39.6”E

Գրպանիս մեջ սալորի կտեր եմ պահում: 
Ի՞նչն իրականում ի զորու եղա լույս աշխարհ բերել: Ծառերն ու խոտերը
կլանում են մեր տենչն ապրելու: 
Սեւանա լճի տեռասաներում թողեցի այգին, որ
պապիս տրված չէր տնկել:
Լճի թռչունները տերեւ չեն թողնում: 
Ճյուղավորներից թափված ամեն բան խառնեցի ցախի մոխիրներին:
Ողջ ամառ կարծում էի՝ ստվերածառ եմ, այնինչ
խեցու մի թեփուկ էի լոկ: 
Միացնելը ավելացրածը մշակելն է.
Հենց կողքիս չէ, նվաղում եմ ու շարունակ փնտրում
Տեղը, ուր թողել եմ ինձ:  
Ջրերի մեջ եմ, որ եղել եմ մի ժամանակ: 
Բույրը կցնդի, այնինչ փարվել էի ուզում միայն: 
Եթե այստեղ չեմ մեռնելու, սարսափում եմ, որ անզոր լինի կյանքս երկարացնել: 


37°13'02.7"N 38°51'15.8"E

Նրանք անցան լեռնային ճամփեքով, որ
քամուն անգամ ստիպում են քրտնել, 
ուղղահայաց գծանախշերով անցան
առավոտյան ցողի՝ սեւ փշերին փարված: 
Անդրանիկ ու առաջամարտիկ կնիքներն էին 
կենդանիները, որ քնի մեջ հենց իրենք էին սնել:
Մեզ շնորհված թողության՝ վաղ չորացած դեղձանի մեջ, 
սովորեցրին ոռնալ, երազել ու նամակ գրել:
Չհաջողեցինք:
(8.200 տարի առաջ)
«Լեռը
թո՛ղ մնա»` ասացին:
Թթենու ստվերն էր թռչունների հսկայական քունը...
Ստվերներին չի ապավինի ո՛չ թռչունը, ո՛չ էլ հեքիաթը քարի. 
սուրճի գույներն է նրբագեղ՝ ամա՜ռը: 
Քար կամ կավ, լեռն անձայն մաշող կասկածն է՝ գործված գոբելեններին:
Դախմա՛: 
Արեւին թաղեցինք մեռածներին... 
Խոտերի հիշողության մեջ շրջաններն ու մաշկերը 
խառնվում են ոսկրերին՝ ագռավների ու անգղերի: 
Քարերի մեծագույն զարմանքը նվազեցնելու անկարող
երկու գետ ու մի հրաշք է 
անձրեւը... 
Ընթացքի սկզբից առավել` 
վերջում են հանդիպում գյուղերն ու մեռելները: 
Սարսափ կամ խաղաղություն, օձեր, չորքոտանիներ, որսորդներ. քարե  օդապարուկների է փոխակերպվում այն ամենը,
ինչն ինքներս անզոր էինք դառնալու:
Քամի՛
դարձիր:
Անդունդի մեջ կուտակված տատրակների հետ միասին
միայն ինքն իրեն է կարող սպասել
քարը:

41°02'07.0"N 28°59'07.3"E

Ամբոխների մեջ մնալ անկարող եմ.
թեփետ փոքր է ալիքի բարձրությունը, դրա կեսում անգամ չի համարձակվի լողալ նա:
Արդեն մի պատուհան ունեմ:
Երբ դեռ շունչ էի առնում, գրել էի, որ սա է շեմն աշխարհի.
դու սքողված ես:
Որոշ քաղաքներ ծովն է ծածկում, իսկ շարժո՞ւմը:
Խառնվում են արյունը և քայլքը. տարածվեցի արյունիդ ու քայլքիդ մեջ:
Աշնան վերջին օրը՝ տերև չդարձած,
ընկավ վարսերիդ.
երկարելուն ինչքա՜ն էի սպասել:
Անցնես` կքաշվեմ,
վերադառնաս` վար կիջնեմ.
նեղուցի խորքում ցնցումն է անձրևի ու մնացուկները՝ երկու ծխախոտի:
Ավելի մոտ ենք ամպերին.
այս առավոտ երկինքը դո՛ւ երկնեցիր, անձրևաբե՜ր ծիտ...

 

Հարցազրույցն ու բանաստեղծությունների թարգմանությունները՝ թուրքագետ Կարոլինա ՍԱՀԱԿՅԱՆԻ
Լուսանկարը՝  Jerry Stolwijk-ի  
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ