Ի՞նչ կապ ունի ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը՝ Սերոբ Գասպարյանի կալանքի հետ 

Ի՞նչ կապ ունի ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը՝ Սերոբ Գասպարյանի կալանքի հետ 

Արցախի ազատագրական պատերազմների մասնակից, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը ձերբակալվել էր «իշխանության յուրացման նախապատրաստության» մեղադրանքով։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին ձերբակալել էին երեք անձի, իսկ չորսի նկատմամբ էլ հետախուզում էին հայտարարել։ 

Փաստաբանական թիմը այդ օրերին հայտարարեց, որ մեղադրանքն ապօրինի է, իսկ Գասպարյանն իրեն մեղավոր չէր ճանաչում։ Չնայած Գասպարյանը ամենակոշտ ձևերով քննադատում էր այս իշխանություններին եւ պարզ էր, որ հետապնդումը քաղաքական է, սակայն փաստաբանական թիմը հակված էր կարծել, որ Գասպարյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական բովանդակություն չունի, պարզապես մի քանի հոգի` ղեկավարության աչքը մտնելու համար այս անձանց դեմ վարույթ են հրահրել, որպեսզի ցույց տան, որ իբր իրենք պետությանը, անձամբ` Նիկոլ Փաշինյանին սպառնացող վտանգավոր հանցանք են կանխել։ 

Գասպարյանի պաշտպաններից մեկը իր խոսքում անգամ անունն էր հիշատակել` որ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն է անցնում այս գործով։ Ենթադրում ենք, որ «իշխանության յուրացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման մասին» ԱԱԾ-ին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր, նախկինում ոստիկան, ծնունդով գորիսեցի Արմեն Խաչատրյանը։ 

Մենք կապվեցինք Արմեն Խաչատրյանի հետ, հարցին, թե ինքը որևէ առնչություն ունի՞ այս գործի հետ, նա ասաց, որ Քննչական մարմնի հրապարակումների ծավալով է ծանոթ այդ գործին։ «Եթե ես քաղաքացի լինեի և ասեին, որ Հայաստանի Հանրապետության դեմ դիվերսիա, տեռորիստական ակտ կամ զինված ինչ-որ գործողություններ են նախատեսվում, նախապատրաստվում, սովորական քաղաքացի լինեի՝ իհարկե, ես միջոցներ էի ձեռնարկելու»,- անորոշ ասաց Խաչատրյանը։

Նորից հարցրեցինք՝ ինքը դիմե՞լ է իրավապահ մարմիններին այս գործով, ասաց, որ ուշի ուշիով, ԱԺ-ում ստեղծված բոլոր իրավական մեխանիզմներով հետևելու է, որպեսզի իրավապահները աշխատեն շատ ավելի արդյունավետ և բացահայտեն նման դեպքերը։ 

«Մեր գործառույթը դա է՝ պատգամավորների, բայց եթե տեղեկություն ստանայի, իհարկե, այդ մասին անմիջապես իրավապահներին կասեի՝ օրենքով սահմանված կարգով։ Եվ դա պետք է անի Հայաստանի Հանրապետության համար ցավացող ցանկացած քաղաքացի»,-ասաց Խաչատրյանը։ Եւս մեկ անգամ ուղիղ հարցրինք՝ Դո՞ւք եք դիմել ԱԱԾ, ասաց․«Ոչ, ոչ։ Ազգային Անվտանգության ծառայությունը ունի ողջ գործիքակազմը, հնարավորությունները, ուժերն ու միջոցները և պրոֆեսիոնալիզմը, որպեսզի շատ արագ իր օպերատիվահետախուզական միջոցառումներն իրականացնի, տեղեկությունները ստանա, մշակի, և հետո համապատասխան դատավարական գործողություններ անի։ Ազգային անվտանգության ծառայությունն այդ հնարավորություններն ունի, կարիք չկա, որ մենք ինչ-որ բան ասենք իրենց»։ 

Հետաքրքիրն այն է, որ չնայած Խաչատրյանը ժխտում է իր առնչությունն այս գործին, սակայն կասկածելի սևեռվածությամբ շեշտում էր, որ անպայման հետամուտ է լինելու գործի ընթացքին և որ մեղավորները խստագույնս պատժվեն: Հետաքրքիր է, այսչափ հետաքրքրվածությունը ինչո՞վ է պայմանավորված, եթե, ինչպես ինքն է նշում` մեր ԱԱԾ-ն խիստ պրոֆեսիոնալ է եւ ոչ մեկի օգնության կարիքը չունի։