Հանրաքվեն կեղծելու գործը հանձնարարեք ՀԱԿ-ին, և նա դա կանի

Հանրաքվեն կեղծելու գործը հանձնարարեք ՀԱԿ-ին, և նա դա կանի

Եվ այսպես՝ ապրիլի 5-ի հանրաքվեի առնչությամբ ՀԱԿ-ում առավել քան անհանգիստ են, որովհետեւ համարում են, որ իրենց հայտնագործած խնդիրն առավել քան լուրջ է: ՀԱԿ-ին դուր չի եկել, թե ինչպես են ձեւավորվել տեղամասային ընտրական հանձնաժողովները: Կոնգրեսականները վշտահար են, որ ամեն ինչ տակավին կենտրոնացված է ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում հմտացած տիգրանմուկուչյանական կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովներում՝ դեռ տարիներ առաջ նշանակված անձանց ձեռքում, եւ նրանք այնպես են արել, որ տեղամասային հանձնաժողովներում «Ոչ»-ի կողմնակիցները գերակշռեն «Այո»-ի կողմնակիցներին:

ՀՀ, այսպես կոչված՝ նոր սահմանադրության հայր Վահագն Հովակիմյանը փորձել է հանգստացնել կոնգրեսականներին, թե խախտումներ չեն լինի, մեղավորները կպատժվեն, բայց մեկ է, ՀԱԿ-ն իրենն է պնդում ու մի բան էլ հեղափոխական իշխանություններին քննադատում ցուցաբերած դանդաղկոտության եւ քաղաքական մոմենտից բան չհասկանալու համար: 4rd.am-ը շշպռել էր. «Ընդհանրապես իշխանությունները եւ մասնավորապես Վահագն Հովակիմյանը պիտի հասկանան, որ ժողովուրդը փողոց էր դուրս եկել եւ մերժում էր նախկիններին, որ ապրի իրավական երկրում, որ մարտի 1-ի սպանդը իրականացնող հանցագործներն իրենց արժանի պատիժն ստանան, մինչդեռ մարտի 1-ի գործը փակուղում է»։ Քայլոներից ոչ մեկը դեռ հարկ չի համարել պատասխանել ՀԱԿ-ի այս մեղադրանքին, մինչդեռ բոլորը գիտեն, որ մարտի 1-ի գործի քավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը: 

Հանրաքվեի շուրջ ակտիվացած ՀԱԿ-ի արկածները սրանով չեն ավարտվում: 4rd.am-ում կարդում ենք. «Հետո, իշխանությունները մի անչափ կարեւոր բան էլ պիտի լավ հասկանան՝ որ հեղափոխության հաղթանակը մեծապես պայմանավորված էր 2008թ. նախագահական ընտրությունների համաժողովրդական զարթոնքով, որը մեծապես պայմանավորված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադարձով, ինչը շատ լավ են հասկանում մերժվածները, եւ դա է պատճառը, որ բոլոր անպատեհ առիթներով մեղադրանք են կարդում Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Զարմանալի է, որ այս պարզագույն ճշմարտությունը չեն հասկանում իշխանությունները կամ իրենց չհասկացողի տեղ են դնում»։ Հասկացաք, չէ՞, թե ինչ են ուզում ասել՝ չլիներ ԼՏՊ-2008-ը, ոչ մի Նիկոլ-2018 էլ չէր լինի: Այո, մենք թերեւս պետք է իմանանք, որ Տեր-Պետրոսյանը 10 տարին մեկ վերադառնալու սովորություն ունի, իսկ այն, ինչ կատարվում է նրա բացակայությամբ, արդյունք է Պապիի նախորդ վերադարձի: Բայց այստեղ անհաղթահարելի մի պահ կա. ի՞նչ անենք «Սասնա ծռերի» այն պնդման հետ, ըստ որի՝ թավշյա հեղափոխությունը ՊՊԾ գնդի գրավման հետեւանք է: «Ծռերն» էլ պնդում են, որ Նիկոլը պարտական է իրենց: Ի դեմս ՀԱԿ-ի ու «ծռերի», մենք, արդյոք, գործ չունե՞նք տարբեր աղանդների հետ, որոնցից մեկը խաչակնքում է աջից ձախ, մյուսը՝ ձախից աջ…

ՀԱԿ-«ծռեր» վեճը թողնենք քաղաքագետներին, իսկ մենք կրկին գանք հանրաքվեին: Հայաստանում բոլորը միակարծիք են այն հարցում, որ ընտրակեղծիքների հիմնադիրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ 1996թ. ընտրություններով: Եվ ահա, 2018 թվականին լեւոնականներն աղմուկ են բարձրացրել առ այն, որ ՀԱԿ-ի 1285 հանձնաժողովականների ցուցակից ընդամենը 179 մարդ է նշանակվել հանրաքվեի հանձնաժողովներում: Ես, որպես «քյոհնա» հանձնաժողովական, կարող եմ ասել, որ քվեարկության օրվա բոլոր ռիսկերը կապված են ՀԱԿ-ը ներկայացնող այդ 179 մարդու հետ, ուրեմն մենք այսօրվա դրությամբ ունենք կեղծիքի 179 պոտենցիալ օջախ: Պարոն Մուկուչյանին խնդրում եմ սա հաշվի առնել եւ տվյալ տեղամասերում ուժեղացնել հսկողությունը: Ես Ձեզնից հին եմ, պարոն Մուկուչյան, եւ լավ գիտեմ ինչ եմ ասում: ՀԱԿ-ի (ՀՀՇ-ի) կաշին ես դաբաղանից գիտեմ, նրանք նույնիսկ քվեատուփ կգողանան եւ տեղը ուրիշը կդնեն, հոսանքը կանջատեն, լցոնում կանեն եւ էլի շատ բաներ:

ՀԱԿ-ի մասին ասել, թե աղմուկ են բարձրացրել բացառապես յուրայիններին պրոցեսից դուրս թողնելու համար, նշանակում է՝ ոչինչ չասել: ՀԱԿ-ը ՀԱԿ չէ, եթե չի փորձում 1 կրակոցով 2 նապաստակ խփել: Ես ահա, թե ինչ եմ մտածում նրանց վերջին հայտարարության մասին: Այն իր մյուս սայրով հաղորդում է հանցագործության մասին եւ կարող է օգտագործվել Փաշինյանի կողմից՝ հանրաքվեն չեղարկելու համար: Չմոռանանք, որ Փաշինյանը իրավապահների խմբին հենց այդպիսի հանձնարարություն է տվել՝ ուսումնասիրել հանրաքվեն չեղարկելու իրավական հիմքերը, որպեսզի, եթե հարկ լինի, արագ որոշում կայացնեն: Այդպիսի մի հիմք էլ ՀԱԿ-ի հայտարարությունն է՝ հանձնաժողովներում նախկինների գերակշռության մասին:

Ավարտելով՝ կուզենայի դիմել Փաշինյանին: Պարոն վարչապետ, թե չեղարկելու եք այս խայտառակությունը՝ հիմիկվանից արեք, որովհետեւ ամեն օրվա հետ մաշվում են հանրաքվեի համար բյուջեից հատկացված գումարները: Քիչ փող չէ, մանավանդ որ գիտակցաբար այն ծախսում ես մի բանի համար, որ երկրին ոչինչ չի տալու: