ՄԻՊ-ը բուհերի ինքնավարության դեմ որոշման հարցով կդիմի Սահմանադրական դատարան

ՄԻՊ-ը բուհերի ինքնավարության դեմ որոշման հարցով կդիմի Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման մասին կառավարության որոշման հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին քիչ առաջ խորհրդարանում տեղեկացրեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ որոշումը խնդրահարույց է բուհերի ինքանավարությունը վերացնելու առումով եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաեւ ընթացակարգային լուրջ խախտումներով է ընդունվել՝ հաշվի չառնելով մասնագիտական հանրույթի տեսակետը։

Հիշեցնենք, որ օրերս ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ: Նախատեսվող նոր կարգավորմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել հիմնադրամի կազմակերպական-իրավական ձեւ ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, մասնավորապես՝ նվազեցնել կառավարման խորհուրդների անդամների թիվը: Նոր կարգով՝ խորհրդի 20 հոգանոց կազմի 55%-ին կնշանակի կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։ Մինչդեռ, գործող կարգով՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում նույն համամասնությամբ էին՝ 25-ական տոկոս։ Նախագծի նպատակը բուհերի ինքնավարությունը ոչնչացնելն ու կառավարելի դարձնելն է: 

Ի պատասխան ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանի հիշեցմանը, որ Սամանադրության՝ ՄԻՊ իրավազորության ներքո գտնվող հոդվածներից մեկով է ամրագրված, որ բուհական   համակարգում ինքնակառավարում պետք է իրականացվի եւ արդյոք կառավարության վերոնշյալ որոշումը հակասահմանադրական չէ, Արման Թաթոյանը դրական պատասխան տվեց՝ հայտնելով, որ առաջիկա օրերին այդ որոշման վերաբերյալ կդիմի ՍԴ․«Մեր աշխատակազմը երեկվանից աշխատում է դիմումի վրա եւ առաջիկա օրերին այն կներկայացնենք ՍԴ։ Մենք պատահաբար մամուլից ենք իմացել այդ որոշման մասին, որը ոչ թե չզեկուցվող է, այլ գրավոր ընթացակարգով բոլորովին այլ նիստի շրջանակներում ընդունվել է այս հարցը»։

Թաթոյանը նշեց, որ ի տարբերություն Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի , որը նախագահը վիճարկում է ՍԴ-ում, կառավարության որոշումն ավելի է վատթարացնում բուհերի ինքնավարության խնդիրը, քանի որ հոգաբարձուների խորհրդի 65 տոկոսն, ըստ էության, ձեւավորվելու է կառավարության կողմից․«Բացի այդ ես կարծում եմ, որ ԿԳՄՍ այս նախաձեռնությունն անարգանք է սահմանադրական երկու ինստիտուտների նկատմամբ՝ նախագահի եւ ՍԴ-ի հանդեպ, ավելին՝ նախագահը դիմել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող՝ օրենքը վիճարկելու հարցով, եւ հիմա ավելի ցածր իրավաբանական ակտով սա փորձում են կարգավորել»։ 

Անդրադառնալով կառավարության ներկայացրած հիմնավորմանը, որ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է երեք բուհերում առաջացած կառավարման ճգնաժամը լուծելու համար, Թաթոյանը նկատեց, որ դրանք արհեստական առաջացրած խնդիրներ են եւ հիմնավոր ենթադրություններ ունի, որ կառավարությունն  ինքն է այդ խնդիրն առաջացրել ու չի կարող իր  պոզիտիվ պարտականություն չկատարելու խնդիրը լուծել բուհերի ինքնավարության հաշվին։