Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհը չի լուծելու խնդիրը․ Տիգրան Աբրահամյան

Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհը չի լուծելու խնդիրը․ Տիգրան Աբրահամյան

- Պարոն Աբրահամյան, նախ ուզում եմ խոսենք Գորիս-Կապան մայրուղու՝ օրեցոր վատթարացող իրավիճակի մասին։ Փաստորեն, հասել ենք մի կետի, երբ Գորիսով Կապան գնալիս կարելի է միամիտ շեղվել ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Դուք տեղեկություն ունե՞ք՝ ինչ իրավիճակ է այս պահին այնտեղ և նորից գերի ընկնելու ռիսկը պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ։

- Մենք պետք է պարբերաբար արձանագրենք, որ իրավիճակը էսպիսին չէր լինի որևէ պարագաում, եթե 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բանավոր փոխըմբռնման արդյունքում այդ հատվածները չհանձներ Ադրբեջանին։ Հասարակությանը մատչելի լինելու համար ասեմ, որ ճանապարհի այդ հատվածը՝ Գորիս-Կապան, որտեղ Ադրբեջանը որոշակի հատվածներում ունի վերահսկողություն, նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթին չհամապատասխանող դրույթներով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Երկրորդը, իշխանության այն մոտեցումը, որ դրանք ադրբեջանական տեղամասեր են, ես չեմ ուզում այդ բնակավայրերը ադրբեջանական անվանումներով Ձեր եթերում հնչեցնելը, դրա քաղաքական հետևանքը լինելու է այն, որ Ադրբեջանն այլ բնակավայրերի նկատմամբ իր հավակնությունները, որոնք այսօր էլ արդեն արտահայտում է, վաղը շատ ավելի բարենպաստ իրավիճակ է ունենալու՝ նույնիսկ ուժի կիրառման միջոցով դրա վերահսկմանը հասնելու համար։ Երրորդ հանգամանքը, որ կապված է Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ։ Նույնիսկ այդ խայտառակ բանավոր պայմանավորվածությամբ, իսկ հետագայում կարծես թե ինչ-որ հուշագրի տեսքով կարգավորման արդյունքում հասարակությանը փորձում են հավաստիացնել, որ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհով անցնելիս որևէ խնդիր չեն ունենալու։ Հաջորդ հավաստիացումը, թե Գորիսից Կապան Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգումը լուծելու է խնդիրը, դա չի համապատասխանում իրավիճակին և իրականությանը։ Նախ այդ ճանապարհը գնում հատվում է Սյունիք գյուղում՝ Կապան չհասած, որից հետո մի քանի կմ Կապանի օդանավակայանի հարակից տարածքներով անցնող այդ ճանապարհը ևս տեսանելի է թշնամու կողմից։ Եվ ամենակարևորը, որին շատ քիչ է ուշադրություն դարձվում, այն է, որ եթե նույնսիկ մենք ունենանք լավագույն լուծումներ երրորդ, չորրորդ, հինգերորդ ճանապարհի միջոցով, այս պահին անցնող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, որն անցնում է Քարահունջով, Որոտանով, Շուռնուխով ու գալիս է Դավիթ Բեկով դեպի Կապան, այն շոշափում է Սյունիքի մարզի տարբեր բնակավայրեր, մեր հայրենիքի տարբեր կտորներ, և ցանկացած պարագայում միայն ճանապարհի փոփոխությունը մեր խնդիրները անվտանգային առումով այնտեղ չի լուծում։

-Այսինքն, եթե այդ ճանապարհն անցնում է իրենց վերահսկողության տակ, ի՞նչ է լինելու այդ ճանապարհի երկայնքում գտնվող հայկական գյուղերի ճակատագիրը, արդյոք ճանապարհը հանձնելով՝ այդ գյուղերն էլ են ինքնաբերաբար հանձնվելու թշնամուն։

-Եթե նույնիսկ հիմնական ճանապարհը դառնա Տաթևով ճանապարհը, դա նշանակում է՝ այն մասով ակտիվությունը կտրուկ նվազելու է, դա նշանակելու է, որ այնտեղ ապրող մարդիկ աստիճանաբար լքելու են իրենց տները։ Եվ այդ յուղերի խոցելիությունը կտրուկ մեծանալու է, հնարավորություն է տալու Ադրբեջանին շատ ավելի դյուրին գործել։ Բայց եթե Հայաստանի իշխանությունները մտածում են, որ այդ պայմաններում իրենք մյուս ճանապարհը նորմալ օգտագործելու են, ապա եթե մենք այս հատվածը հանձնեցինք Ադրբեջանին այն օրակարգով, որ Ադրբեջանն է մեր դեմը դրել, ապա այս պայմաններում խոցելի ենք դարձնելու նաև այդ այլընտրանքային ճանապարհը։ Ցավալիորեն եմ նշում,  Հայաստանի իշխանությունները տարբեր ուղղություններով այս հնարավորությունները տվել են, և հիմա, ըստ էության, մենք ականատես ենք լինում խաղաղ ճանապարհով տարբեր բնակավայրերի հանձնման գործընթացին։

Մանրամասն՝ տեսանյութում