«Հրապարակ». Արշակ Կարապետյանի պայքարը շարունակվում է․ գրասենյակներ են բացվում

«Հրապարակ». Արշակ Կարապետյանի պայքարը շարունակվում է․ գրասենյակներ են բացվում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը մեկ ամիս առաջ հանդես եկավ ուղերձով, հրապարակային մեղադրանքներ հնչեցրեց իշխանությունների հասցեին եւ ազդարարեց քաղաքական շարժում սկսելու մասին։ Իշխանությունները, դատելով արձագանքներից, որոնք դեռ չեն լռել, խիստ անհանգստացան այս հայտնությունից: Ու չնայած այդ մի եզակի «բեմելն» էր, սակայն ՔՊ-ականները շարունակում են նրան պատասխանել: Օրերս էլ Անդրանիկ Քոչարյանը Հ1-ում անդրադարձավ` հիշելով, թե ինչի համար է նրան Սերժ Սարգսյանը ժամանակին ազատել ՊՆ հետախուզության պետի պաշտոնից, եւ չարախնդաց, թե Կարապետյանն ինչպես  հայտնվեց, այնպես էլ անհետացավ: Կարապետյանի համախոհ Գեւորգ Գեւորգյանն ասում է՝ Կարապետյանը չի անհետացել, ակտիվ աշխատանքներ է տանում՝ իր նախաձեռնած շարժումը կյանքի կոչելու համար: Ճիշտ է` դեռ չի վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, սակայն Երեւանում եւ ՀՀ որոշ մարզերում արդեն գրասենյակներ է բացել, կենտրոնական գրասենյակն էլ Հյուսիսային պողոտայում է։  

Հիշեցնենք․ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարած «Հանուն Հայաստանի փրկության շարժման» ակտիվ մասնակիցներից մեկն ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանն է, ով շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր, թե իր «Ազգային ճակատ»-ով միանում է նոր ստեղծվող շարժմանը, եւ ամեն ինչ անելու են՝ գործող իշխանություններին հեռացնելու համար։

«Շարժումն այժմ ձեւավորման փուլում է, աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պետական ոլորտի զարգացման մեր ծրագիրն է կազմվում։ Որպեսզի շարժումը հասնի հանգուցալուծման, պետք է լավ նախապատրաստվել, միայն հրապարակներ մարդկանց հանելով, բեմեր բարձրանալով, հայտարարություններ անելով չէ։ Ո՞ւմ է պետք մարդկանց փողոց հանել, հետո մարելը»,- երեկ ասաց նա։ Գեւորգյանի համոզմամբ՝ պետք է դասեր քաղել անցած հինգ տարիների ձախողված փորձերից․ «Հիմա գրասենյակներ են բացվում, ծրագրեր կազմվում, որոնց մասին շատ շուտով կիմանաք։ Իրական մեծ թիմ, մարդիկ են աշխատում, ես կասեի՝ լավագույնները, որոնք ոչ միայն լավագույն մասնագետներ են, այլեւ հանուն մեր պետության նվիրված անձինք, եւ փորձելու ենք մեր տեսլականը ներկայացնել, թե ինչպես ենք տեսնում պետության եւ պետականության պահպանումը, անվտանգության, խաղաղության ձեւավորումը, տնտեսության իրական զարգացումը»: Գեւորգ Գեւորգյանը, սակայն, համառորեն անուններ չի տալիս՝ ասելով, թե այդ մարդիկ իրենք կհայտարարեն․ «Շատերը հանրությանը հայտնի եւ նրա կողմից ընդունված մարդիկ են, եւ ամենակարեւորը՝ նրանք մարդիկ են, որ առաջնորդվում են ոչ թե անհատներով, այլ՝ Աստծով»։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը Մոսկվայում է, իր առաջին տեսաուղերձն էլ Մոսկվայից էր ուղղել հայ հասարակությանը: Գ. Գեւորգյանին հարցրինք․ «Դրսից հայրենիքի «փրկիչները» կարո՞ղ են լայն զանգվածների վստահությունը շահել»։ Նա ասաց, որ շուտով Կարապետյանը կվերադառնա Հայաստան, բացի այդ` մեծ սփյուռք ունենք դրսում․ «Այսինքն՝ սփյուռքն է՞լ չի կարող․․․ Ոչ, բոլորն այս գործում պետք է իրենց ներդրումն ունենան։ Մենք ամբողջ օրը նախաձեռնող խմբով այստեղ ենք հանդիպում-քննարկում, Արշակ Կարապետյանն այնտեղ՝ Մոսկվայում, եւ համատեղ միասնական ճակատ է ստեղծվելու, որի մասին ես արդեն ասել եմ՝ քանդելու ենք բոլոր սեւ ու սպիտակները եւ առաջնորդվելու ենք Աստծով, լինելու է համահայկական պայքար։ Մենք շոու չենք անելու, ձեւական հայտարարություններ չենք անելու, մեր նպատակը երկրի փրկությունն է, այն, ինչի համար մարդիկ տարիներ շարունակ փողոց են դուրս գալիս, բայց Նիկոլը շարունակում է իշխել՝ ընդդեմ մեր պետական շահի։ Հետեւաբար, պետք չէ շտապել, ավելի լավ է մեկ անգամ գործել եւ՝ վճռական»։

Մեր հարցին՝ չե՞ք ուշանա․ մինչեւ այս տեմպերով որոշեք պետությունն ու պետականությունը փրկել, կարող է ամեն ինչ ավարտված լինել։ Գեւորգյանն ասաց․ «Մենք ուշացել ենք այն ժամանակ, երբ Նիկոլը եկավ իշխանության, իսկ հիմա պայքարը շարունակվում է, ու պետք է փրկել պետությունն ու պետականությունը»։

ՀԳ․ Նյութն արդեն պատրաստ էր, երբ Գևորգ Գևորգյանը կապ հաստատեց մեզ հետ և ասաց, որ ինքը նկատի է ունեցել՝ ընդհանուր համատեղ պայքարի մասնակիցների միջոցներով են գրասենյակներ բացում, ոչ թե անձնապես Արշակ Կարապետյանը։