Մեքենան ճանապարհով քշես, 10 փոս լինի ու 10 փոսի մեջ էլ ընկնես․ Քոչարյանը դատարանում խոսեց

Մեքենան ճանապարհով քշես, 10 փոս լինի ու 10 փոսի մեջ էլ ընկնես․ Քոչարյանը դատարանում խոսեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատաքննությունը։

Նիստին ներկայացել են բոլոր ամբաստանյալները՝ Ս․Օհանյանը, Ա․ Գեւորգյանը, Յ․Խաչատուրովը եւ Ռ․Քոչարյանը։

Նրանց ինքնությունները ճշտելուց հետո, պաշտպանները ներգրավվեցին, ապա դատարանն անցավ բուն դատաքննությանը, որտեղ առաջին հերթին լսվելու է Ռ․Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Վերջինիս պաշտպաններից Արամ Օրբելյանը, դիմելով դատարանին ասաց՝ միջնորդում ենք անհապաղ պարոն Քոչարյանին ազատ արձակել եւ վերացնել խափանման միջոցը։ 

Քոչարյանի մյուս պաշտպաններից Արամ Վարդեւանյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի վերջին որոշումը։

Նա նշեց․ «Խնդրում եմ ձեզ միջնորդելով ՝ վերացնել խափանման միջոց կալանավորումը, եւ, առհասարակ խափանման միջոցը»։

Միջնորդության վերաբերյալ խոսքով հանդես եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը․«Միայն կավելացնեմ, որ այս մի քանի ամսվա ընթացքում իմ իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամ։ Տպավորությանն այնպիսինն է, որ բաց չեն թողել որևէ խախտման հնարավորություն։ Մեքենան ճանապարհով քշես, տասը փոս լինի ու տասը փոսի մեջ էլ ընկնես։ Գիտեք, այնքան շատ են եղել խախտումները, որ դրանք սիստեմատիկ բնույթ են կրում, սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդման էլեմենտ է պարունակում, և սա արվում է մի մարդու նկատմամբ, որը և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում նախագահ է եղել։
Մեկ-մեկ մտածում ես՝ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլ տալ ․․․ Գիտեք, դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզում պտտեցնում են։ Հիմա սա է վիճակը։
Իմ տպավորությամբ, սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործ է, այս գործի մասին նշվելու է դասագրքերում, և այս գործը ունենալու է իր բացասական և դրական հերոսները։ Չեմ կասկածում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները։ Տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, ով հնարավորություն ունի ու գրում է ևս մեկ էջ այս քրեական գործի պատմության մեջ։ Թե ինչպիսինն է լինելու այդ էջը, իհարկե, կախված է Ձեզանից»։

Գործով մյուս ամբաստանյալները եւս միացան Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությանը։
Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: