Հիմա «Հայլուրում» ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու

Հիմա «Հայլուրում» ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու

«Կենտրոն» հեռուստաընկերությունից Հանրային տեղափոխված Պետրոս Ղազարյանն արդեն մեկ շաբաթ կլինի՝ գլխավորում է Հ1-ի քաղաքական-լրատվական ծրագրերի բլոկը։ Նրանից առաջ Վահագն Թեւոսյանն էր, ով «ռեֆորմներ» էր ձեռնարկել Հանրայինում՝ զուգահեռ առաջացնելով նաեւ դժգոհություններ, սակայն չհասցրեց իրականացնել իր ծրագրերը՝ դարձավ պատգամավոր ու կգնա ԱԺ։ Ղազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ նորամուծություններ է մտածել, եւ 2019-ին ինչ սպասենք Հ1-ից՝ իր նախաձեռնությամբ։

«Վահագնը բավականին փոփոխություններ աել էր, մենք, բնականաբար, կփորձենք էդ փոփոխություններն ավելացնել եւ ավելի մեծ ծավալի հասցնել, մասնավորապես՝ մենք հունվարի 14-ից մտնելու ենք նոր եթերաշրջան, լուրերի ծավալն ավելանալու է, փոխվելու է տրամաբանությունը, ուղիղ եթերներ, հյուրեր տաղավարում, մենք դառնալու ենք շատ ավելի մոբիլ, ինտերակտիվ եւ ազատ։ Իսկ վերջում ունենալու ենք մեկ ժամ՝ երեկոյան ժամը 9-10-ը՝ մեր գլխավոր թողարկումը, որտեղ կլինեն իմ հարցազրույցը, գլխավոր լուրեր, շաբաթ օրն էլ, որը մեր լուրերի վերջին օրն է, արդեն երկու հաղորդավարով կլինեն»,-ասաց Պետրոս Ղազարյանը։

- Ասացիք՝ լինելու եք նաեւ ազատ։ Հ1-ին, որը պետք է թերեւս ամենաանկախն ու ազատը լիներ, քանզի հանրային միջոցներից է սնվում, մշտապես մեղադրել են իշխանության խոսափողը լինելու եւ միակողմանի լուսաբանելու մեջ։

- Ես ինչո՞ւ Ձեր հարցի հետ համաձայն չեմ։ Դուք որ ասում եք՝ սնվել է հանրային միջոցներից, դա բյուջեն է։ Բյուջեն ո՞վ է բաշխում՝ կառավարությունը։ Եթե մի տեղ բյուջեն բաշխում է կառավարությունը, իսկ կառավարությունն ուներ էն քաղաքական ճաշակը, ինչ մենք տեսել ենք նախկին իշխանությունների ժամանակ, շատ հեշտ էր, եթե դու ես փողը բաժանում, դու նաեւ թելադրես քաղաքականությունը։

- Բայց այդ կառավարության բյուջեն ինչի՞ց է գոյանում․ մեր հարկերից՝ իմ, Ձեր եւ մյուսների։

- Ճիշտ է, հա, բայց, վերջիվերջո, մեր հարկերը որ հավաքվում էին, մենք չէինք բաշխում, բաշխում էր կառավարությունը, ֆինանսները տնօրինում էր կառավարությունը։

- Այսինքն՝ փողը տվել է կառավարությունը, ինքն էլ թելադրե՞լ երաժշտությունը։

- Բոլորս տեսել ենք, թե ինչպիսի լրատվություն է եղել, կար մի Հայաստան՝ իր իրականությունով, եւ կար մի ուրիշ Հայաստան՝ լուրերի տեսքով։ Բայց հիմա դա թողնենք մի կողմ։ Ո՞րն է մեր խնդիրն այսօր։ Մենք գտնում ենք, որ եթե «Հայլուրը», որը հանրային միջոցներով է սնվում, ինքը պետք է նաեւ դնի էն ազատության նիշը, որը կլինի նաեւ երկրում գերակա։ Այ, ինչքան ազատ է «Հայլուրը», մոտավորապես այդքան էլ ազատ են լինելու մնացած լրատվամիջոցները։

- Բայց բյուջեն բաշխողն ու փողը տվողը չի փոխվել, էլի շարունակում է մնալ կառավարությունը։

- Այո, բայց փոխվել են իշխանությունները։ Ես Սերժ Սարգսյանի ժամանակ մի քանի անգամ առաջարկ եմ ստացել «Հայլուրը» գլխավորելու, այնտեղ աշխատելու, հարցազրույց անելու եւ այլն։ Բայց ես բոլոր անգամ դա մերժել եմ՝ ինչի համար․ որովհետեւ էդ խնդիրը լուծելի չի։ Հիմա ես կարծում եմ՝ շանս կա էդ խնդիրը լուծելի դարձնելու։ Դուք նայեք մեր եթերը, մեր լուրերը, հարցազրույցները եւ նախընտրական շրջանը․ մենք աշխատել ենք խիստ հավասարակշռված եւ այդպես էլ շարունակելու ենք։

- Ամեն դեպքում, իշխանափոխությունից հետո էլ նույնիսկ, երբ դեռ Վահագնն էր տնօրենը, էլի դժգոհություններ կային Հանրայինի լուսաբանումից, հիմա էլ ՀՀԿ-ն էր դժգոհում, հատկապես՝ Աշոտյանը, որ իրենց եթեր չեն տալիս, միակողմանի են ներկայացնում եւ այլն։

- Ես չեմ ուզում մեկնաբանել, բայց բացեք Աշոտյանի գրառումը Հանրայինի լրատվական-քաղաքական հաղորդումների մասին, ինքը նաեւ ինձ հյուր էր եկել եւ շատ ազատ ու խիստ քննադատել է իշխանություններին։

- Դա ո՞ւմ շնորհքն էր կամ ինչի՞ շնորհիվ էր։

- Դա շնորհքի հարց չի։ Դա մեր քաղաքականությունն է, որ պետք է լինի հավասար, չլինի գրաքննություն, եւ ընդդիմությունն այնքան կարծիք հայտնելու հնարավորություն ունենա, ինչքան՝ իշխանությունը։

- Այս օրերին դժգոհություններ կան Ձեր վարած կադրային քաղաքականությունից, որ փոխում եք հներին, փորձում եք նոր, թարմ կադրեր բերել, հիմնականում՝ «Կենտրոն» Հ/Ը-ի Ձեր կոլեգաներին եք բերում եւ այլն։

- Ուրեմն «Կենտրոն»-ից ես կադրեր չեմ բերել, դա սուտ է, մաքսիմում՝ մի հոգի կարա լինի, որը փորձաշրջան է անցնում։ Ես չեմ նայում՝ կադրերը «Կենտրոն»-ից են, «Հայլուր»-ից են… կադրային քաղաքականությւոնը ես չեմ որոշողը, նրանք, որոնք պատրաստ են էդ ռիթմով, էդ տեմպով լրատվություն տալու, լրագրողի արժեհամակարգով աշխատելու, նրանք կաշխատեն։ Եվ բնական է, որ մենք թարմացնում ենք։ Գիտե՞ք, կոպիտ ասած՝ «Հայլուրը» հակահեղափոխական էր, հիմա էլ չենք փորձելու դառնալ հեղափոխական։ Մենք փորձելու ենք դառնալ լրագրող։ Մեր լրատվամիջոցներում պետք է հեղափոխությունն ու հակահեղափոխությունն ավարտվեն, եւ սկսվի ժուռնալիստիկան։

- Ամեն դեպքում, այն հին լրագրողները, որոնք նաեւ ԱԺ-ն էին լուսաբանում, նրանք կմնա՞ն։ Կայքերում արդեն տարածվել էր, որ Սիրանուշը, օրինակ, մի քանի օր է՝ աշխատանքի չի գալիս։

- Մենք որոշել ենք, որ խորհրդարանում պետք է շատ ավելի նոր թիմ ունենանք եւ թարմացնենք։ Իմիջիայլոց, դրա հետ նաեւ Սիրանուշն է համաձայնել։

- Վերջին հարցը․ Սերժ Սարգսյանի ժամանակ ասում էին՝ Հ1-ը հասարակությանը կերակրում է «Հայլուրի» կերտած Հայաստանում, որտեղ ամեն ինչ վարդագույն է։ Հիմա «Հայլուրում» ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու։

- Այս ամենի ամբողջ գեղեցկությունը նա է լինելու, որ որեւէ մեկը չի որոշելու, թե ինչպիսի «Հայլուր» է լինելու։ Դա կորոշեն իրադարձությունները։