Ո՞ր դատավորները պետք է հրաժարական տան, եթե անսան վարչապետի կոչին

Ո՞ր դատավորները պետք է հրաժարական տան, եթե անսան վարչապետի կոչին

Ժամը 12-ին խոստացված ֆեյսբուքյան ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ արդեն դատական իշխանության ներսում վիրահատական միջամտություն անելու ժամանակն է, ներկայացրեց այն «չափանիշները», ըստ որոնց՝ պետք է հրաժարական ներկայացնեն Հայաստանի դատավորները, և, առաջին հերթին, դրանք այն դատավորներն են, որոնց կայացրած վճիռներով Հայաստանի Հանրապետությունը պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 

Թե Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան 2002թ. ապրիլի 26-ին վավերացնելուց հետո քանի գանգատ է ներկայացվել, պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն մինչև 2016թ․ օգոստոս Հայաստանը վճարել է շուրջ 500 հազար եվրոյի փոխհատուցում։  

Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ-ը շուտով շրջանառության կհանի այն դատավորների ցանկը, որոնց կայացրած վճիռներով Հայաստանը պարտվել է։ Առայժմ ներկայացնում ենք ՄԻԵԴ-ի մինչ այժմ կայացրած որոշումները։ 

2007-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի գործով ընդունել է 5, 2008-ին՝ 6, 2009-ին՝ 9, 2010-ին՝ 5, 2011-ին՝ 5, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 2 , 2014-ին՝ 4, 2015-ին՝ 8, 2016-ին՝ 16, 2017-ին՝ 12, 2018-ին՝ 16 վճիռ։

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ վճիռների գագաթնակետը, ինչպես տեսնում ենք,  2018 և 2012 թվականներն են։

ՄԻԵԴ ամենաթարմ որոշումներից մեկով (16․05․2019թ․) «Թադեւոսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով ճանաչվել է Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված եւս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։ Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել շուրջ 140․000 եվրո գումար՝ պատճառված վնասի եւ ծախսերի փոխհատուցման համար։ Առավել հայտնի գործերից են՝ «Ալիխանյանն ու Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի», «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի», «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի», «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»,  «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի», «Վարդանյանն ու Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի», «Մաշինյանն ու Ռամազյանն ընդդեմ Հայաստանի», «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի», «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի», «Շոլց ԱԳ ընկերությունն ընդդեմ Հայաստանի», «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի», «Ղամբարյանն ընդդեմ Հայաստանի», «Ավագյանն ընդդեմ Հայաստանի», «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» և բազմաթիվ այլ գործեր։