Սյունյաց անարատ հողում չարի սերմը բուն չի դնի. Մանվել Փարամազյան

Սյունյաց անարատ հողում չարի սերմը բուն չի դնի. Մանվել Փարամազյան

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Քաջարան համայնքի հարգարժան ընտրողներ, տեղական ինքնակառավարման նորընտիր մարմնի անդամներ, շնորհավորում եմ բոլորիդ` նման բարձր մակարդակով կայացած ընտրությունների և դրանց անվիճելի արդյունքների կապակցությամբ:  Քաջարանի տարեգրության մեջ փառահեղ նոր էջ բացվեց, որը մենք պետք է վավերացենք նոր հաղթանակներով և աննախադեպ առաջընթացով: 
Մեր միասնական ժողովուրդը կրկին ապացուցեց, որ անկախ ենք և խորագետ` ինչի համար խոնարհվում եմ ձեր իմաստնության առջև:

Ձեր քաղաքացիական պարտքը կատարելիս` դուք առաջնորդվեցիք բարձր և անկաշառ բարոյականությամբ՝ ինձ ընդմիշտ պարտավորեցնելով լինել ձեր արժանի ղեկավարը:
Այսուհետ` առավել, քան երբևէ, ձեր անվտանգության, բարօրության և հարատևության համար չեմ խնայի ոչինչ:

Երեկվա ընտրությունը ձեր անսահման սիրո ու նվիրումի ապացույցն էր, և վստահեցնում եմ իմ ու նորընտիր ավագանու անդամների անունից, որ սրբորեն կվերաբերվենք այն առաքելությանը, որը վերապահեցիք մեզ:

Ինչպես կասեր մեծն սյունեցին` Սյունաց անարատ հողում չարի սերմը բուն չի դնի և այն անարմատ է:

Երազանքս է, որ երեկվա հաղթության ոգին, որ համակել է ողջ Քաջարանը, տարածվի մեր ազգի մեջ, ընդգրկի մեր երկրի սահմանները և ջախջախի հայ ազգի խաղաղ ապրելու իրավունքը ոտնահարող ոսոխին:

Սիրելի հայրենակիցներ, դուք համախմբման, միասնության փայլուն օրինակ ցույց տվեցիք, որը կամրագրվի մեր հետագա  միասնական գործունեության մեջ և կառաջնորդի մեզ` դեպի խաղաղ, անկախ և բարեկեցիկ ապագա: Հաղթանակի և ուրախության այս ալիքը պիտի դարձնենք խթան, և հաղթությամբ առաջ շարժվենք` դեպի հոգևոր, գաղափարական, ֆիզիկական նոր բարձունքներ:
Վստահ եմ՝ անաչառ տարեգիրը մի օր կգրի.« Միասնության  մեկնարկը տվեց Քաջարանը` 2022 թվականի սեպտեմբերի 25-ին»: 
Աստված բոլորիս առաջնորդ և պահապան:

Մանվել Փարամազյան