Ղարիբյանը չի ներկայացել դատական նիստին

Ղարիբյանը չի ներկայացել դատական նիստին

Դեռ մայիս ամսին օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց ներկայացրեց մշակույթի նախկին նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ։ Դիրիժորը պահանջում էր մասնավորապես անվավեր ճանաչել Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։ Այս եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված՝ թատրոնի կոլեկտիվը մի քանի անգամ դիմեց վարչապետին՝ ներկայացնելով 12 կետից բաղկացած հակափաստարկներ ու հիմնավորումներ Օրբելյանի՝ տնօրենի պաշտոնավարման իրողության հետ կապված։ Ի դեպ, 2 անգամ էլ վարչապետի կողմից չեղավ եւ ոչ մի պատասխան։

Ինչպես տեղեկացանք, Կոնստանտին Օրբելյանն այս օրերին քաղաքում չէ՝ մեկնել է ԱՄՆ, բայց նախարարությունների միավորումից հետո հասցրել է հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ՝ քննարկելով օպերայի, իր դատական հայցի եւ մի շարք այլ հարցեր։ Ի դեպ, երեկ արդեն տեղի է ունեցել Օրբելյանն ընդդեմ Նազենի Ղարիբյանի դատական առաջին նիստը, որին, սակայն, նախարարությունից որեւէ մեկը ներկա չի եղել, այդ թվում՝ պատասխանող կողմը՝ Ն․ Ղարիբյանը։ Սեպտեմբերին տեղի կունենա արդեն 2-րդ դատական նիստը, որի ժամանակ կողմերը պետք է ապացույցներ եւ հիմնավորումներ ներկայացնեն դատարանում։