Հասնենք Սասուն, մտնենք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան

Հասնենք Սասուն, մտնենք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան

Մեզանում հանրային կարծիքի մանիպուլյատորեն կան, որ հետեւողականորեն ներշնչում են, թե ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարից հետո անցած քսանհինգ տարում պետք է հասնեինք պատերազմական հաղթանակի դիվանագիտորեն ամրագրմանը, բայց իրար հաջորդած իշխանությունները տառապում էին «փոքրի» բարդույթով: Նրանք նույնիսկ տեսլական են մատուցում, որ միջազգային հանրությունը նման մոտեցման դիմաց կգտնվեր ընկալունակ եւ ընտրովի կամ խիստ ձեւափոխված ներկայացնում են մեջբերումներ՝ հիմնականում ԱՄՆ պաշտոնաթող դիվանագետների հայտարարություններից:

Մի կողմ է դրվում իրողությունը, որ ԼՂ հարցում ամերիկյան քաղաքականությունը ձեւակերպում են ոչ թե նախկին համանախագահ Քավանոն կամ հանգստի կոչված դեսպան Միլզը, այլ՝ պետական դեպարտամենտը եւ առհասարակ՝ Սպիտակ տան գործող վարչակազմը: Եւ այս իմաստով Վաշինգտոնից չի հնչել հայտարարություն, որ ԱՄՆ-ը հետ է կանչում իր ստորագրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարություններից, որտեղ սեւով սպիտակի վրա շարադրված են ԼՂ կարգավորման սկզբունքները եւ դրանց կից վեց տարրերը:

Քավանոն կամ Միլզն էլ, ընդսմին, իրականում այլ բան չեն ասել, իսկ ամերիկյան մեկ այլ նախկին համանախագահ՝ Բրայզան, ոչ պակաս հաճախականությամբ է հայտնվում մամուլում՝ իր անթաքույց ադրբեջանամետ հայտարարություններով: Եւ եթե ընդունելու լինենք հայրենական մանիպուլյատորների հրճվանքն առ Քավանոյի կամ Միլզի եւ իրենց ենթատեքստային պնդումները, թե նախկին դիվանագետների միջոցով Սպիտակ տունն ինչ-որ ազդակներ է հղում հայկական կողմին, ապա ի՞նչ անենք Բրայզայի պարագայում: Ահա կոնկրետ վկայություն, որ ԼՂ հարցում Միացյալ Նահանգները, ինչպես համանախագահ մյուս երկրները, որեւէ կոնսպիրատիվ հղումներ չեն անում: Եւ չեն էլ կարող, որովհետեւ մեծ քաղաքականությունը սպասարկում է պետական-ազգային շահեր եւ տվյալ դեպքում ԼՂ հակամարտության կողմերից ոչ մեկին սիրաշահելու չափ պարզունակ չէ: Մեր տարածաշրջանում, ինչպես եւ այլուր, ԱՄՆ-ն իր շահերն ունի, Ռուսաստանն՝ իր: Խաղի մեջ է մտնում նաեւ Ֆրանսիայն: Կամ՝ Եվրամիությունն առհասարակ:

Իրավիճակի կառավարելիությունը, որ համանախագահների խնդիրն է ներկայումս, միայն մի բացատրություն ունի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը դեռեւս պոստկոնֆլիկտային տարածաշրջանի կուրացիայի հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել: Նրանցից ոչ մեկը նաեւ չունի ինքնուրույն ճեղքման հասնելու ներուժ: Սա է փաստացի իրավիճակի «հարատեւության» իրական պատճառը: Ոչ ոքի չի հուզում, թե խնդրի կարգավորման ինչ տեսլական ունի ադրբեջանական կամ հայկական կողմը: Ուժային կենտրոնները կոնսենսուս ունեն կարգավորման հայեցակարգի շուրջ: Եւ ծրագիրը մի X պահի գործի կդրվի, կպարտադրվի կողմերին, երբ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի կուրացիայի հարցում կգան համաձայնության: Որքա՞ն կտեւի համաձայնության գալու ժամանակը: Եւ ի՞նչ ռեսուրս կունենան Հայաստանը եւ Ադրբեջանը՝ ահա հարցերի հարցը: Կողմերի սուբյեկտությունը պայմանավորված կլինի նրանով, թե որքանո՞վ են մասնակից դառնում բուն կարգավորմանը: Կարողանու՞մ են սպասարկել իրենց պետական-ազգային շահը, թե լռելյայն ընդունում են առաջարկվող հանգուցալուծումը: Դա է պետական լիրաժեքության խնդիրը: Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա: Ուժային որեւէ կենտրոն ամբողջովին ոչ Ադրբեջանի տեսլականն է հիմք ընդունելու, ոչ էլ հայկականը: Մեր մանիպուլյատորները, մինչդեռ, գտնում են, որ ԼՂ հարցում պետք է մշակել համազգային կոնսենսուս եւ այն պատվիրակել ու պարտադրել ուժային կենտրոններին:

Հեծանիվ հայտնագործելու անհրաժեշտություն չկա: Խնդրի համազգային ընկալումը հայտնի է, այն ձեւակերպվում է այսպես՝ հասնենք Սասուն, մտնենք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Սա ուժային կենտրոններին պատվիրակելու՞ մոտեցում է: Առավել եւս՝ մենք սա կարո՞ղ ենք պարտադրել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը: Պետության խնդիրը ո՞րն է: Տրվել այս ըղձախոսությա՞նը: Թե ցուցաբերել քաղաքական կամք եւ նախ ժողովրդին վերադարձնել իրականությանը, ապա եւ գնալ կարգավորմա՞ն: Երկու տարբերակներից ո՞րն ենք ընտրում: Կանգնու՞մ ենք իշխանության կողքին, նրան պատվիրակում ենք պրագմատիկ լուծումների միսիա՞: Թե շարունակաբար մերժում ենք ամեն իրատեսական եւ մնում «Հասնենք Սասուն, մտնենք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան»-ի ցնորական «հանձնառությա՞նը»: