ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ գործադիրի միջեւ լուրջ հակասություններ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված։ Պատգամավորներից ոմանք դեմ են որոշ փոփոխություններին, որոնք արժանացել են մասնագետների քննադատություններին։
Մասնավորապես, նախատեսվում է 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայի ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, հարկել նաեւ գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի), 1 շշի գինը 30 դրամով կբարձրանա, գրավատների պետտուրքը կբարձրանա 60 անգամ՝ տարեկան 100 հազարից դառնալով 6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի 50 հազարը՝ 3 միլիոն։ Պատգամավորներն ասում են, որ եթե նույնիսկ կողմ քվեարկեն, ապա կարճ ժամանակում նոր փոփոխությունների անհրաժեշտություն է լինելու։ Հարկային օրենսգիրքը, ըստ ամենայնի, կքննարկվի հաջորդ քառօրյայում։