Մեր ընթերցողներն արձագանքել են` երեխաների հարցը լուծվել է

Մեր ընթերցողներն արձագանքել են` երեխաների հարցը լուծվել է

Արցախից բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ բնակություն հաստատելով Հայաստանում՝ ամեն օր բախվում են բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների. առողջապահական խնդիրները լուծելու դժվարություններից մինչև կենցաղային խնդիրներ։ Հազարավոր արցախցիներ չեն կարողանում իրենց խնդիրները լուծել այստեղ, քանի որ չունեն աշխատանք, սեփական տուն, եկամուտ, և եղած միջոցները հազիվ բավարարում են բնակվարձին ու սննդին։

Արցախցիների խնդիրներին մենք պարբերաբար անդրադառնում ենք մեր հրապարակումներում՝ մեր ընթերցողներից ակնկալելով, որ կարձագանքեն և կաջակցեն կարիքի մեջ գտնվող իրենց հայրենակիցներին։ Եւ ամեն անգամ մեր հրապարակումներից հետո բազմաթիվ արձագանքներ են լինում` շատերը ստանում են իրենց ակնկալած օգնությունը: Մենք էլ մեզ բավարարված ենք զգում, որ մեր հրապարակումներով կարողանում ենք ինչ որ մարդկանց ցավին դարման անել: Հաճախ աջակցողները ցանկանում են անանուն մնալ եւ դա առանձնապես գնահատելի է:

Վերջերս մենք գրել էինք, որ արցախցի մի կին` Արմինե անունով, երկու զավակ ունի, որոնք լսողական խնդիրներ ունեն եւ նրանցից մեկին լսողական սարք է հարկավոր, որը ձեռք բերելու հնարավորություն չունեն: Մեր այդ հրապարակումից մեկ օր անց, կինը բազմաթիվ զանգեր է ստացել` օգնության առաջարկով: Նրան գումար և այլ օգնություններ են առաջարկել։ Իսկ երեխայի լսողական սարքը ձեռքբերելու և հետագա բուժման ծախսերն իր վրա է վերցրել «Արաբկիր բժշկական համալրիրի երեխաների եւ դեռահասների ինստիտուտը», ինչի մասին ուրախությամբ մեզ հայտնեց տիկին Արմինեն: