Բոլորը մեկի դե՞մ

Բոլորը մեկի դե՞մ

Դաշնակցության Արցախի կառույցը հայտարարել է նախագահի միասնական թեկնածուի հարցով քաղաքական ուժերի հետ բանակցություններ սկսելու մասին: Տառացիորեն երկու օր հետո հայտարարություն է տարածել  «Միացում» միավորումը: Դա կարելի է համարել ծրագրային փաստաթուղթ, որտեղ նախ բարձր գնահատականի է արժանացել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի քաղաքական կշիռը, ապա թիրախավորվել Ազատ հայրենիք կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը, ով անվանված է նախագահի «կառավարության հիմնական թեկնածու»: Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ նրա թիմում «աճում է Արցախի հասարակության աջակցությունը չունենալու փաստի գիտակցումը»: Ուշագրավ է, որ հայտարարությունն Արայիկ Հարությունյանին մեղադրում է «Արցախում խորը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի եւ 2016թ. պատերազմի արդյունքների համար»: Հայտարարությունը քաղաքականությունից հեռանալու պահանջ է դնում Արայիկ Հարությունյանի առաջ՝ այդ դեպքում նրա թիմին խոստանալով որոշակի տեղեր խորհրդարանում:

Սա, թերեւս, ամենաինտրիգային միտքն է, քանի որ եթե Ազատ հայրենիքը չունի հանրային աջակցություն, ինչպես հայտարարությունն է փաստում, ապա ինչպե՞ս կարող է հաղթահարել խորհրդարանական ընտրությունների անցումային շեմը: Տպավորություն է, որ «Միացումը» քաղաքական գործարք է առաջարկում Արայիկ Հարությունյանին՝ հեռանալ նախագահական մրցապայքարից, ասպարեզը բաց թողնել եւ դրա դիմաց ԱԺ-ում ունենալ խմբակցություն: Իսկ առհասարակ հայտարարության գլխավոր  ուղերձն այն է, որ մյուս բոլոր քաղաքական ուժերը կարող են նախագահի թեկնածուի հարցում համաձայնության գալ եւ միավորվել Արայիկ Հարությունյանի դեմ:

Ու՞մ է  «Միացումը» նախագահի միասնական թեկնածու դիտարկում: Վիտալի Բալասանյանի՞ն,  Մասիս Մայիլյանի՞ն, ում հետ են կապում այդ կառույցի ստեղծման գաղափարը՝ մնում է ենթադրությունների ոլորտում: «Միացումը»  պատրաստակամություն է հայտնում դառնալ այն հարթակը եւ բեւեռը, որի «շուրջը տեղի կունենա հասարակության կոնսոլիդացիա»: Նախագահի առանձին թեկնածուներից ոչ ոք չի կարող լինել Արայիկ Հարությունյանի մրցակիցը: Մեկնարկային հնարավորությունների տարբերությունն ահռելի է: Խնդիրն այն է՝  մյուս բոլոր ուժերը կգա՞ն համաձայնության միասնական թեկնածուի հարցում, ի՞նչ կշիռ կունենա նա: Արցախում, այսպիսով, հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Եւ մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կառուցվելու է «բոլորը մեկի դեմ» սկզբունքով: Պատրա՞ստ է Արայիկ Հարությունյանն ընդունել այդ մարտահրավերը: Նրա գրասենյակից «Միացում» միավորման հայտարարությանն արձագանք առայժմ չկա: