Պառավաքարի Զարիկը վերաքննիչում հաղթեց «Վեոլիա ջրին»

Պառավաքարի Զարիկը վերաքննիչում հաղթեց «Վեոլիա ջրին»

Պառավաքարի բնակիչ Զարիկ Փաշինյանը, 10 տարում չնչին եկամուտները տնտեսելով, մոտ 2 հազար դոլար է հավաքել, որը դժբախտություն է ունեցել պահել բանկում, ինչպես ինքն է ասում՝ «կասում»։  

Մի օր էլ իմացել է, որ Կոտայքի դատարանը, առանց իրեն պատշաճ կերպով տեղյակ պահելու, նրա բացակայությամբ կալանք է դրել գումարի մեծ մասի՝ 481 հազար դրամի վրա։ Այժմ Զարիկ Փաշինյանը դատվում է 2015 թվականին սահմանված տուգանքի համար, որի հետ համաձայն չէ։ Նա վստահեցնում է, որ ջրմուղի աշխատողն իրեն խաբելով է ստորագրել տվել խախտումների ակտը։
Ըստ Զարիկ Փաշինյանի՝  նա իր ամուսնու հետ միառժամանակ ապրել է Կոտայքի Ջրվեժ թաղամասում, առանձնատուն է վարձել, քանի որ ամուսինն այնտեղ բանվորություն է անելիս եղել, ռեստորանի շինարարության վրա է աշխատել, ինչպես Զարիկն է ասում՝ «հարուստների համար, որ նրանք ուտեն, խմեն, քեֆ անեն»։

Ջրաչափը փչացել է՝ «պայթել» է, ջրմուղից եկել-փոխել են ու խաբեությամբ կնոջը ստորագրել են տվել ակտի տակ։ «Ակնոցս մոտս չէր, ստորագրեցի՝ առանց կարդալու»,- պատմում է տարեց կինը։ Առանց իմանալու, որ տուգանված է, թողել-գնացել է «իր աշխարհ»։ Մոտ երկու տարի Ջրվեժի գյուղապետը ջրմուղից գրություններ է ստացել եւ պատասխանել է, որ Զարիկ Փաշինյան անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա։ Այդպես տուգանքը դարձել է 481 հազար դրամ, որը Զարիկ Փաշինյանի համար մի միլիոն դոլարի չափ է։

 «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենը չի ընդունել սահմանապահ գյուղից իր դուռը եկած ծեր կնոջը, չի լսել նրան։ Զարիկ Փաշինյանը վերաքննիչ դատարան է դիմել ընդդեմ Կոտայքի դատարանի որոշման ու հաղթել է «Վեոլիա ջուր» ընկերությանը։

Վարչական դատարանի որոշումը կասեցրել են ու գործը կրկին ուղարկել Կոտայքի դատարան։ Երեկ հերթական դատն էր։ Զարիկ Փաշինյանի հանրային պաշտպանը չէր ներկայացել, ու նիստը հետաձգեցին։ Մի ուրախություն՝ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է տեղի ունեցել, եւ այժմ Տավուշի բնակչին վերաբերող գործը կարելի է լսել Տավուշի դատարանում։ «Սիրտս թփրտում ա, կարում չեմ ոչ ճանապարհ գնամ, դատավորը մի լավ կնիկ էր, ասեց՝ կուզե՞ս դատն Իջեւանում անենք, որ չտանջվես՝ գաս-գնաս։ Ասեցի՝ հա»։ «Վիոլայից մարդ էր եկել, խոսում-խոսում էր,- դատական նիստն է մեկնաբանում Զարիկը,- ասեցի՝ վրա մի տալ, ինչը ճիշտն է, ես դա եմ ասում։ Բա ես մեղավո՞ր եմ, որ լաբորատորիա չի հասել ջրաչափը։ Դատավորն էլ դրան մի լավ սղմեց, ասեց՝ տհե չի կարգը, է՜։ Ես էլ ասեցի՝ իմ ամուսնու ու իմ աղի քրտունքը քցել ենք կասը, ձեր աչքերից գա էդ աղի քրտունքը։ Ուրիշի համար չնչին ա, բայց մեզ համար տարիների վաստակ ա, անմեղ մեղավոր եմ դառել ջրմուղի առաջ»։

Բա ջրմուղի մարդն ի՞նչ էր ասում։ «Մի տեսակ վրդովված խոսում էր, ասի՝ տղա ջան, տհե չի, ես Նիկոլին արմատով բարեկամ եմ, բայց նա ճշտի կողմնակից մարդ ա, բարեկամի կողմնակից մարդ չի, մենք նրան ուզում ենք վերջին վարյանտ հասնենք։ Առանց ինձ ասելու  կասից փող եք կյողացել, կրակոցի տակի կնիկ եմ։ Իմ մարդը եկել է Երեւան, ռեստորան ա կապել ձեր համար, որ դուք ուրախանաք, քեֆ անեք, իսկ ես էդ կրակի տակը գարդիրոբից սեղանի տակ վազ տամ, գրադից թաքնվեմ։ 48 տարի ապրում եմ Պառավաքար գյուղում, բախտներս բերեց, հազարից մեկ գործ պատահեց էդ մարդուն, էկանք, փորձանքի մեջ ընկանք ու գնացինք էլի մեր աշխարհը»։