Աշակերտները ձգտում են դեկտեմբերին հանձնել քննությունները

Աշակերտները ձգտում են դեկտեմբերին հանձնել քննությունները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020թթ․ ուսումնական տարվա 2019 թ․ դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները եւ անցկացման կարգը։ Ըստ այդմ՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից գրավոր քննությունները կանցկացվեն դեկտեմբերի 24-ին։ «Մաթեմատիկա» առարկայից` դեկտեմբերի 25-ին։ «Հայոց պատմություն»-ից՝ դեկտեմբերի 26-ին։ Ռուսերենից, «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկաներից բանավոր քննությունները՝ սովորողի ընտրությամբ, կանցկացվեն դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում։ Ընդ որում, 12-րդ դասարանի աշակերտը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել եւ չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: 

Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանն ասում է, որ այս ձեւաչափով արդեն 3-րդ տարին են աշխատում՝ քննություններն անցկացնելով միաժամանակ թե՛ դեկտեմբեր, թե՛ հունիս ամիսներին։ Ամեն տարի ուսումնասիրում են քննակարգը, որպեսզի տեսնեն, թե ինչ փոփոխություններ կան։ Այս դեպքում, ըստ նրա, կարեւոր է ժամանակացույցը, այն, որ քննությունները դեկտեմբերին են լինելու։ «Մենք դրան պատրաստ ենք, դպրոցներում անցկացնում ենք հայտագրում, որովհետեւ դեկտեմբերի 5-ի դրությամբ ԳԹԿ-ում արդեն ամբողջական պատկերը պետք է լինի, բազան ստեղծված լինի, որ պատրաստվեն դպրոցի պետական ավարտական եւ միասնական քննություններին»,- ասում է ու հավելում, որ օրերս տեղեկացել են արդեն, թե դեկտեմբերի որ օրերին պետք է աշակերտները քննությունը հանձնեն։  
Ունե՞ն ներքին վիճակագրություն, թե աշակերտները երբ են նախընտրում հանձնել քննությունները՝ դեկտեմբերի՞ն, թե՞ հունիսին։

Տնօրենն ասում է, որ աշակերտները հիմնականում ձգտում են դեկտեմբերին միանգամից հանձնել քննությունները եւ վերջացնել․ «Իրականում ոչ մի սահմանափակում չկա, եթե ինքը, քննակարգին համապատասխան, ճիշտ ընտրում է քննական առարկաները եւ հետագայում՝ ուսումնասիրման առարկաները 2-րդ կիսամյակի համար»։ Արդարացվա՞ծ է, որ 2-րդ կիսամյակում աշակերտներն այլեւս չեն անցնում այն քննական առարկան, որից քննություն են հանձնել։ Տնօրենը նկատում է, որ ե՛ւ արդարացված է, ե՛ւ վիճելի հարցեր կան։  

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից եւ ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: 12-րդ դասարանում անցկացվող ռուսերեն բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար եւ «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը եւ հարցատոմսերը կազմում են տվյալ ուսհաստատության առարկայական մեթոդական միավորումները` նախարարության երաշխավորած դասագրքերի եւ նյութերի հիման վրա: