Մոսկվան գնաց առեւտրի՞, թե՞ ազատվեց գլխացավանքից

Մոսկվան գնաց առեւտրի՞, թե՞ ազատվեց գլխացավանքից

Հայաստանի քննչական մարմինների պահանջով ադրբեջանցի Քամիլ Զեյնալլին նախօրեին ձերբակալվեց Մոսկվայի իրավապահների կողմից: Բայց հայերի ուրախությունը մի քանի ժամ տեւեց` հայտարարեցին, որ Ադրբեջանի իշխանության պահանջով նրան ուղարկել են Բաքու: Մինչդեռ հայկական կողմը հիմնավոր ապացույցներ ուներ, որ նա 44-օրյա պատերազմի օրերին գլխատել է հայ տղամարդու, ինչի տեսագրությունը տարածվել է համացանցում: Բացի այդ, նա ատելության քարոզ է իրականացրել հայերի նկատմամբ: Նրան Ադրբեջանում որպես հերոսի դիմավորեցին, ինչպես ժամանակին Ռամիլ Սաֆարովին` կարժանացնեն դափնիների: Ի սկզբանե, երբ տարածվեց ձերբակալության լուրը, անհավատալի էր, որ Մոսկվան նման «թանկ» նվեր կանի Հայաստանին: Իսկ առեւտո՞ւր՝ ինչո՞ւ ոչ: Թե ինչի դիմաց Մոսկվան մարդասպանին հանձնեց Ադրբեջանին, հայտնի չէ: Գուցե ուղղակի չուզեց համարվել հակամարտող, պատերազմած երկրների մարդասպաններին բռնող եւ արտահանձնող երկիր:

Չի բացառվում, որ նրան Հայաստան ուղարկելուց հետո Ադրբեջանը պահանջ դներ՝ Մոսկվայում բնակվող հայ զինվորականներին եւս ձերբակալել եւ ուղարկել Ադրբեջան: Բաքուն բոլոր հայ զինվորականներին, հայրենիքի համար մարտնչած արցախյան պատերազմների մասնակիցներին համարում է տեռորիստներ, մարդասպաններ եւ քրեական վարույթներ է նրանց նկատմամբ սկսել: Պաշտոնական Մոսկվան դժվար թե ուզենար ռուսական «ծագում» ունեցող, ռուսական զինվորական դպրոցն անցած զինվորականներին ձերբակալել եւ ուղարկել Ադրբեջան:

Ինչեւէ, սրանք ենթադրու- թյուններ են: Սակայն այս հարցում եւս դրսեւորվում է Մոսկվայի կողմնակալ վերաբերմունքը: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն ապահով էր զգում ռուս խաղաղապահների հսկողության տակ, նրանց ապահով Հայաստան տեղափոխելու խոստումներ էին տրվել, բայց Ռուսաստանի գործընկեր Ադրբեջանը նրանց գերեվարեց եւ տարավ Բաքվի բանտեր: Այն դեպքում, երբ Մոսկվան պարտավորություն ուներ նրանց անվտանգությունն ապահովելու հարցում: Անկախ այն բանից, թե ով է Հայաստանի այսօրվա իշխանությունը, ինչպես է իրեն պահում եւ ինչ պայմանավորվածություններ ուներ այս հարցում Ալիեւի հետ, Մոսկվան պարտավոր էր թույլ չտալ, որ կալանավորեն Արցախի ղեկավարներին, որոնք միշտ լոյալ են եղել Ռուսաստանի նկատմամբ, ճանապարհ են անցել, աղուհաց կիսել ռուս պաշտոնյաների հետ: Մոսկվան դա հանդուրժեց: Իսկ մի մարդասպան հրեշի արագ հանձնեց Ադրբեջանին: 

Հիշենք, թե ինչպես Հայաստանը Հունգարիայի հետ խզեց դիվանագիտական հարաբերությունները` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու պատճառով, եւ երկար տարիներ` մինչեւ Փաշինյանի իշխանության գալը, ոչ մի շփում չկար Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ: Իհարկե, չենք ասում, թե այսօրվա իշխանությունը, օգտվելով այս առիթից, պետք է ավելի վատթարացնի առանց այն էլ սրված հարաբերությունները ՌԴ-ի հետ, սակայն Ռուսաստանը պարտավոր է հարգել հայ հասարակության կարծիքն ու պահանջը: