Ի՞նչ կտա մարդկությանը Թրամփի հաղթանակը

Ի՞նչ կտա մարդկությանը Թրամփի հաղթանակը

Ռուսախոս ուկրաինական տելեգրամ ալիքներն արդեն արձանագրում են Ուկրաինայի նախագահ Զելենսկու քաղաքական «մահվան» հանգամանքը: Վերջինս Թրամփի հաղթանակի լուրն առնելով՝ անմիջապես շնորհավորել է նրան, բայց դա ոչինչ չի փոխելու: Թրամփի հաղթանակը նշանակում է, որ ժամանակին ԼՏՊ-ի բնորոշած «պատերազմի կուսակցությունն» Ուկրաինայում պարտություն է կրելու: Քանի որ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ ինքը վերջ է տալու ուկրաինական պատերազմին: Իսկ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական խմբակցությունն էլ անընդհատ խնդիրներ էր առաջացնում Ուկրաինային ֆինանսական օգնության և սպառազինության մատակարարման հարցերում: Ինչը նշանակում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի արագացում՝ հաշվի առնելով Դոնբասում ռուսական բանակի առաջխաղացումը: Ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ Ռուսաստանը վերադառնալու է Հարավային Կովկաս: Այդպես է եղել վերջին 200 տարում և այդպես կլինի միշտ՝ քանի դեռ գոյություն կունենան պետություններ ու սահմաններ: Որովհետև որքան էլ Արևմուտքը փորձի խառնել մեր տարածաշրջանը, այն համարվում է ռուսական ազդեցության գոտի: Թե ինչ է դա նշանակում հենց ամերիկյան պատկերացմամբ՝ դժվար չէ իմանալ՝ ծանոթանալով նախորդ դարի 60-ականնների սկզբի Կարիբյան ճգնաժամի պատմությանը: 

Անցնենք առաջ. մեր ժողովրդի քաղաքական միամտության շնորհիվ Հայաստանի ղեկավար դարձավ մեկը, ով բացարձակ գլուխ չի հանում արտաքին քաղաքական զարգացումներից: Նրան թվում էր, թե ինքը կարող է աշխարհի հզորների հետ խաղեր տալ` ճիշտ այնպես, ինչպես սեփական ժողովրդին է հետ, այսինքն՝ ենթարկել մանիպուլյացիայի: Նա չգիտակցեց նաև, որ վաղուց արդեն նախորդ դարի 90-ական թվականները չեն և ոչ էլ նույնիսկ 2000-ականների սկիզբը: Եվ վերջին տասնամյակում աշխարհը փոխել է զարգացման ընթացքը: Եւ ժողովրդավարություն կոչված երևույթն աստիճանաբար կորցնում է իր դերն ու նշանակությունը: Ու աստիճանաբար վերանում է նաև Միացյալ Նահանգների ղեկավարությամբ գործող միաբևեռ աշխարհը: Դրան փոխարինելու է գալիս երկբևեռ աշխարհը, որի մյուս ծայրում «Ոսկե միլիարդին» (G7) չպատկանող երկրներն են` Չինաստան-Ռուսաստան զույգի ղեկավարությամբ: 

Դրա առաջին ազդանշանը տրվեց 2007 թ.-ի փետրվարի 10-ի Անվտանգության մյունխենյան համաժողովում, որտեղ ՌԴ նախագահ Պլադիմիր Պուտինը ելույթ էր ունեցել այդ ժամանակվա համաշխարհային քաղաքականության միաբևեռության և Ռուսաստանի տեղի ու դերի տեսլականի վերաբերյալ: Բայց 2018-ի գարնանը «դուխով» Նիկոլը ենթադրաբար տեղյակ չէր դրանից: Եթե տեղյակ էլ լիներ, բնականաբար, արհամարհելու էր, քանի որ ինքն ամեն ինչ սկսում էր զրոյից: Ինչևէ, Պուտինը չբավարարվեց խոսքի մակարդակում Արևմուտքին պատերազմ հայտարարելով: Եվ երբ տեղի ունեցավ ուկրաինական երկրորդ «Մայդանը», այդ երկրից անջատվեց Ղրիմի թերակղզին: Ու նույն ճանապարհը բռնեց ռուսներով բնակեցված՝ հանածո ռեսուրսների շտեմարանային շրջանը՝ Դոնբասը: Ուկրաինացիներին հաջողվեց պահպանել դրա միայն արևմտյան մասը: Իսկ այս օրերին աստիճանաբար կորսվում է նաև Դոնբասի արևմտյան հատվածը:

Անցնեք այն հարցին, թե ի՞նչ կտա մարդկությանը Թրամփի հաղթանակը: Զանց առնելով այլևայլ աշխարհաքաղաքական թեմաները՝ անդրադառնամ սոցիալական մի կարևոր երևույթին, որի «զարգացումն» առաջ էր բերելու մարդկային բնույթի խեղաթյուրումը: Դա վերջին 10-15 տարում մեծ ժողովրդականություն վայելող գենդերային հարցն է: Այն աստիճանաբար վերածվեց զավեշտի՝ կանանց իրավունքների պաշտպանության առումով խնդիրը դարձավ բնության կամ Աստծո կողմից սահմանված՝ «կին-տղամարդ» հասկացության լղոզման, մեղմ ասած, միջոց: Այսինքն, եթե տղամարդն իրեն զգում է կին, ապա նա իրավունք ունի «վերածվելու» կնոջ՝ նույնիսկ առանց համապատասխան վիրահատությունների: 

Թեմայից մի փոքր շեղվելով ասեմ, որ այդ երևույթի աննորմալ դրսևորումը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում կանանց բռնցքամարտի 66 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսի նվաճումն էր ալժիրցի մարզիկ(ուհի) Իման Խալիֆի կողմից: Վերջինս իրեն համարում էր կին ու որպես կին մասնակցեց օլիմպիական խաղերին: Նախորդ տարի իրեն արգելել էին մասնակցել կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, քանի որ կին լինելու թեստը տապալել էր: Ի դեպ, այդ առաջնության կազմակերպիչ կազմակերպության (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը ռուսաստանցի է: Վերջերս էլ Արևմուտքում խոստովանել են, որ գենետիկ բոլոր տվյալներով ալժիրցին տղամարդ է: Բայց դա այն դեպքը չէ, երբ ուշ լինելը նաև նուշ լինել է նշանակում (ուշ լինի, նուշ լինի), քանի որ ՄՕԿ-ը չի պատրաստվում գոնե մրցանակն առնել ալժիրցու ձեռքից: 

Շարունակեմ նախորդ թեման. եթե մարդն իրեն զգում է ոչ որպես տղամարդ կամ կին, այլ մի երրորդ տեսակ՝ ասենք չեզոք սեռի արարած, ապա նա ունի նաև դրա իրավունքը: Ընդ որում, ինքն իրավունք ունի առավոտյան հանդես գալու որպես կին, կեսօրին՝ տղամարդ, իսկ երեկոյան՝ երրորդ տեսակի արարած: Կամ էլ ասենք շաբաթական կա՛մ ամսական և կա՛մ եռամսյակային կտրվածքով: Կամ էլ կախված տարվա եղանակից: Կարևորն իր ինքնազգացողությունն է: Իսկ շրջապատը պետք է հարմարվի դրան: Իսկ եթե չի հարմարվում, ապա Անգլիայում, օրինակ, օրենք է ընդունվել, որը քրեական պատասխանատվություն է սահմանում անձի իրավունքների այդպիսի «ոտնահարումների» դեպքում: 

Որքան հասկանում եմ, որպես հանրապետական ու ըստ այդմ՝ պահպանողական հայացքների տեր անձնավորություն, Դոնալդ Թրամփը պետք է որ վերջ տա գենդերային աննորմալությանը: Որովհետև դա ոչ թե մարդու իրավունքների խնդիր է, այլ մարդու այլասերման թողտվություն: Ինչը տեղի է ունենում պետական մակարդակի հովանավորությամբ: Կարծում եմ, որ դա կփրկի ոչ միայն ամերիկացիներին, այլև արևմտյան բոլոր այն երկրների բնակչությանը, որտեղ այն սպառնում է վերածվել համաճարակի: Կարծում եմ, որ դա է առաջին հերթին Դոնալդ Թրամփի հաղթանակի նշանակությունը մարդկության տեսակետից: 

Վերջաբանի փոխարեն. Գենդերային խեղաթյուրման առումով ոմանք գնացին ավելի առաջ: Նրանք կարող են իրենց զգալ որպես կենդանի, ու այդ դեպքում էլ նրանք ունեն դրա իրավունքը: Մեկ-երկու ամիս առաջ ես մի կարճ տեսաերիզ էի նայել, որտեղ ամերիկյան ինչ-որ բնակավայրի բնակչուհին բողոքում էր, որ իր երեխան ինչ-որ հիվանդություն ունի, բայց ինքը ոչինչ անել չի կարողանում, քանի որ իր երեխան իրեն զգում է որպես ինչ-որ կենդանի (արդեն չեմ հիշում, թե կոնկրետ ինչ կենդանի), իսկ վետերինար իրենց բնակավայրում չկա: Ինքն էլ, բնականաբար, չի կարող երեխային տանել ոչ վետերինարի մոտ, քանի որ մարդու ու կենդանիների ներքին օրգանները նման չեն իրար:

Հ. Գ. Ինչ մնում է մեր հայրենիքի առումով Թրամփի կամ Բայդենի դիրքորոշմանը, ապա այդ հարցում, մեծ հաշվով, չկա ոչ մի տարբերություն: Առաջինի օրոք մենք պարտություն կրեցինք պատերազմում, իսկ երկրորդի օրոք Արցախը հայաթափվեց: