Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ քաղաքաշինության նախկին նախարարը, նաեւ՝ Շուշիի շրջանի ԱԱԾ տնօրեն Անդրեյ Գրիգորյանը դատարանում ցուցմունքներ են տվել Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, այլ պետական պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանի գործով, որին մեղադրում են հօգուտ Ադրբեջանի լրտեսության, օտարերկրյա պետությանը, կազմակերպությանը, դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնել-շորթել-պահելու համար։
Մասնավորապես, Անդրեյ Գրիգորյանը դատարանին հայտնել է, որ Սարգիս Գալստյանը, պարբերաբար կապի մեջ լինելով իր հետ, տեղեկացրել է իրեն, որ ցանկանում է մտնել Շուշի ու այնտեղից դուրս բերել փաստաթղթեր, նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանական համարներից զանգեր է ստացել։ Այն օրերին արցախցիներից շատերն էին 1-7 վայրկյան տեւողությամբ զանգեր ստանում ադրբեջանցիներից, որոնք ցանկանում էին ծաղրել, նսեմացնել արցախցիներին եւ կարող էին նրանց զանգել ու ասել, որ ազատեն իրենց տները կամ՝ որ տներն ազատելուց առաջ այսինչ գույնով ներկեն պատերը։ Նմանատիպ զանգեր ստացել է նաեւ Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Գալստյանը, եւ սա, ի թիվս այլ հանգամանքների, դրվել է լրտեսության մեղադրանքի հիմքում։
Թե ինչպես է «կարվել» լրտեսության ամպագոռգոռ գործը, մեզ ներկայացրեց Սարգիս Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Ըստ նրա՝ Քննչական կոմիտեի ներկայացրած բոլոր ապացույցները դատարանում հերքվում են նախկին պաշտոնյաների արդարացնող բնույթի ցուցմունքներով։ «Գործում որեւէ ապացույց չկա, բացի իմ պաշտպանյալի հաղորդումից, որը նա գրել է սպառնալիքի ազդեցության տակ։ Այսինքն՝ անձը մեղադրվում է միայն իր սեփական հաղորդման հիման վրա, որ ինքը պետական դավաճան է։ Սա խելագարության կանխավարկած է, որ անձը կարող է Արցախից գալ-հասնել Հայաստան ու ասել՝ ես պետական դավաճան եմ, դատեք ինձ»,- ասում է փաստաբանը։
Հիշեցնենք․ Սարգիս Գալստյանը ԼՂ բնակչության բռնի տեղահանումից հետո Արցախում մնացած վերջին արցախցիներից էր։ «Հայկական ժամանակը» նրա մասին լուր տարածեց, թե Ադրբեջանի նախագահը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Հետագայում դա հերքվեց, պարզվեց` Գալստյանը կնոջ հետ մնացել է Արցախում եւ գործել է՝ լինելով միակ բարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան։ Ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կասկածել են Գալստյանին Ստեփանակերտում իրենց իրականացրած վայրագությունները տեսանկարելու մեջ, ծեծի են ենթարկել նրան, եւ Գալստյանը, համոզվելով, որ հնարավոր չէ ապրել թշնամական միջավայրում, կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան ու Գորիսում ձերբակալվել։ Կնոջը շուտով բաց թողեցին, իսկ Գալստյանին կալանավորեցին՝ մեղադրելով Ադրբեջանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնելու համար։
«Ինքնախոստովանական ցուցմունքը նրա կնոջն ազատելու արժեքն էր»,- ասում է Կոչուբաեւը։ Այդ ցուցմունքից բացի, Քննչական կոմիտեն երկրորդ ապացույցն էլ ունի Գալստյանի դեմ` նրա տանը խուզարկությամբ հայտնաբերել են թուրքերենի բառարան։ «Նախ, հատուկ տիեզերական գիտելիքի պետք չէ տիրապետել՝ հասկանալու համար, որ թուրքերենն ու ադրբեջաներենը տարբեր լեզուներ են, այսինքն՝ եթե այդ երկու ժողովուրդներն իրենց լեզվով խոսեն, թուրքը՝ թուրքերեն, ադրբեջանցին՝ ադրբեջաներեն, ապա իրար չեն հասկանա։ Բացի այդ, Գալստյանը թուրքագետ է, այսինքն՝ թուրքական բառարանը հայտնաբերել են մասնագիտությամբ թուրքագետ Սարգիս Գալստյանի մոտ ու ասում են՝ սա էլ երկրորդ ապացույցն է, որը հիմնավորում է, որ դու կապ ունես ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,- նշեց Կոչուբաեւը։
Փաստաբանը մեղադրանքում նաեւ բարոյական խնդիր է տեսնում։ «Մեղադրանքը որակվել է որպես լրտեսություն։ Պետական դավաճանության ու լրտեսության գործողությունները նույնն են, տարբերությունն այն է, որ պետական դավաճանությունը կատարում է ՀՀ քաղաքացին, իսկ լրտեսությունը՝ օտարերկրյա քաղաքացին։ Փաստորեն, Սարգիս Գալստյանը որակվել է որպես օտարերկրյա քաղաքացի, այսինքն՝ այն, որ Հայաստանի կապույտ անձնագիրն է իր ձեռքում, ոչինչ չի նշանակում, նա չի դիտվել որպես ՀՀ քաղաքացի»։
Երրորդ ապացույցը, որը դրվել է մեղադրանքի հիմքում, ադրբեջանական համարներից զանգերն են, որոնք ստացել է Գալստյանը` սա էլ լուրջ մեղադրանք չէ։ Զանգերի տեւողությունը եղել է 1-7 վայրկյան։ Փոքր հետազոտությամբ Գալստյանի փաստաբանը պարզել է, որ շրջափակման օրերին բազմաթիվ արցախցիներ ադրբեջանական համարներից նմանատիպ զանգեր են ստացել։ «Դրա նպատակը ծաղրուծանակի ենթարկելն ու նվաստացնելն էր արցախցիներին, ազդելը նրանց բարոյահոգեբանական վիճակի վրա։ Զանգում-ասում էին, օրինակ՝ ձեր բնակարանը մերն է, ազատեք կամ՝ վերանորոգեք, այսինչ գույներով ներկեք պատերը»,- ներկայացնում է փաստաբանը։ Այս մասին դատարանում ցուցմունք է տվել Շուշիի վարչական շրջանի ԱԱԾ տնօրեն Անդրեյ Գրիգորյանը։ Վերջապես, չորրորդ ապացույցը, որով իբր հիմնավորվել է լրտեսությունը, շուրջ 4 մլն ռուբլու բանկային փոխանցման մասին փաստաթուղթն է։ Ալեքսանդր Կոչուբաեւը պարզել է, որ իրականում նման փոխանցում չի եղել` ներկայացված փաստաթուղթը կեղծ է։ «Գումարն իբր Հայաստանից էր փոխանցվել։ Բայց այդ գումարի ենթադրյալ փոխանցումը եւ ստացումը եղել էին այն փուլում, երբ Արցախն ամբողջությամբ շրջափակված էր, եւ Սարգիս Գալստյանը չէր կարող ֆիզիկապես ներս գալ Հայաստան, ստանալ այդ գումարներն ու կրկին սահուն հետ գնալ Արցախ»,- բացատրում է պաշտպանը։
«Ինչո՞ւ էր Սարգիս Գալստյանը մնացել Արցախում» հարցին նա պատասխանում է․ «Միայն նա չէր մնացել՝ շուրջ 100 անձ, ովքեր չէին կարողացել կտրվել իրենց հողից, եւս մնացել էին, եւ մարդուն բերել-դատել նրա համար, որ նա իր հողուջրից չի կարողացել կտրվել, մյուսներից մի փոքր ավելի հայրենասեր է գտնվել, մեզ համար անտրամաբանական է։ Նաեւ վերադառնալու շարժառիթն է հասկանալի։ Ի սկզբանե Ադրբեջանը հայտարարում էր, որ հայերը կարող են շարունակել մնալ, բնակվել Արցախում, միգրացիոն քարտեր էր տվել Արցախում բնակվող հայերին, իսկ հունվարի 1-ից հետո, երբ ԱՀ-ն լուծարվեց, այդ կացության քարտերը վերացվեցին, եւ հստակ պահանջ դրվեց, որ հայերը լքեն երկիրը»։
Սարգիս Գալստյանի գործով դատավորը Գարիկ Աբելյանն է։ «Պաշտպանական տեսանկյունից քաղաքական հետապնդումն ամենահարմար ձեւակերպումը կլիներ, բայց հանուն արդարության չեմ կարող նման որակում տալ։ Կոնկրետ պաշտոնյաներ ցանկացել են իշխանությանը հաճոյանալ, լրացուցիչ ծառայություն մատուցել, թե, տեսեք` մենք ինչպիսի դեպք բացահայտեցինք»,- ասում է Ալեքսանդր Կոչուբաեւը։