Ժողովրդական լեզվով ասած՝ որտեղ քար են գցում, հային է կպնում

Ժողովրդական լեզվով ասած՝ որտեղ քար են գցում, հային է կպնում

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակի տնօրեն, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանն, անդրադառնալով նախօրեին Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունին, ասաց, որ՝ ռեալ չի կարող ասել թե ինչքան են վնասվել Բեյրութում Համազգային միության կենտրոնները, բայց որ վնասվել են՝ փաստ է․

«Վնասվել է նաեւ մեր Մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնը։ Փառք Տիրոջը, դեռ մարդկային զոհեր չունենք, բայց հայության մեջ, ինչքան գիտեմ արդեն 6 զոհ կա եւ ահագին վիրավորներ։ Եւ միայն մեր կենտրոնը չէ, այնտեղ հայկական այդ ամբողջ միջավայրը դարձել է թիրախ։ Քաղաքի կենտրոնական մասերում հայության բիզնես կենտրոններն էլ են վնասվել, ժողովրդական լեզվով ասած, որտեղ քար են գցում, հային է կպնում։ Բեյրութն էլ այդ կենտրոններից էր, հիմա, ցավով, ասում եմ՝ էր, որովհետեւ սրանից հետո ինձ թվում է՝ շատ բաների մասին արդեն անցյալով ենք խոսելու»,-ասում է Ղարաբաղցյանն ու նշում, որ ականատեսների պատմածով՝ պայթյունն այնքան ահավոր է եղել, որ մինչեւ Կիպրոս ձայնը լսվել է։  

«Ահագին մարդ արդեն տոմս էր առել Հայաստան գալու համար, որովհետեւ օգոստոսից արդեն չվերթները բացվում էին, բայց ասեցին, որ այդ պայթյունից օդանավակայան էլ է վնասվել, բայց չգիտեմ ինչ չափերի է այդ վնասը հասել եւ հնարավո՞ր է թռիչքներ իրականացնել, թե ոչ»։ 

Հիշեցնենք, որ երեկ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր որոտացել։ Պայթել էր նավահանգստում եղած զենքի պահեստը, որի ալիքը տարածվել էր մոտ 30 կմ. շառավղով։ Պայթյունից տուժել են նաեւ հայկական Բուրջ Համուդ թաղամասը, Հայաստան անունը կրող՝ Armenian Street փողոցը։