Շրջաբերական, որ գոյություն ունի կամ չունի

Շրջաբերական, որ գոյություն ունի կամ չունի

Արդեն քանի շաբաթ է, ինչ գործող իշխանության «պասով», իշխանական լրատվամիջոցները բերանի ծամոն են սարքել դաշնակցության շրջաբերականներից մեկը: Խոսքն այն մեկի մասին է, որում, իբրև թե՛ ասվում էր, որ որևէ միության մեջ մտնելու դեպքում Հայաստանն ու Արցախը պետք է լինեն միասնական: Անկեղծ ասած, ինձ այնքան էլ չի հուզում այդ շրջաբերականի գոյություն ունենալ-չունենալը: Քանի որ դրանում առաջին պլան է մղված Հայաստանի և Արցախի միասնական լինելու հանգամանքը: Այսինքն, մեր հայրենիքի՝ 100 տարի առաջ առանձնացված հատվածների միասնության հանգամանքը: Իսկ թե այդ միասնականությունը կյանքի կկոչվեր Ռուսաստան-Բելառուս միության կազմում, կամ որպես անկախ պետականություն, դա մեր պայմաններում երկրորդական է:

Երկրորդական է, քանի որ նախորդ դարի 90-ականններին հաստատված աշխարհակարգն է աստիճանաբար փլուզվում՝ տեղը զիջելով նորին: Ու այդ պայմաններում կարող են թե՛ նոր միություններ ստեղծվել և թե՛ հները քանդվել: Հատկապես որ, 100 տարի առաջ, որպես անկախ պետություն, Հայաստանը ձևավորվել է ոչ թե պատմական հայրենիքի կենտրոնում՝ Վանա լճի շուրջը, այլ դրա ծայրամասում՝ ցարական Ռուսաստանի կողմից Պարսկաստանից զավթած տարածքի վրա: 
Դա՝ մեկ, և երկրորդ. Ռուսաստան-Բելառուս միությունն արդեն գոյություն ունի ավելի քան երկուսուկես տասնամյակ, սակայն Բելառուսը շատ ավելի անկախ ու ինքնուրույն պետություն է, քան այսօրվա Հայաստանը: Բելառուսից ոչ մի երկիր չի համարձակվում տարածքներ խլել, չի պահանջում փոխել սահմանադրությունն ու գերբը, չի պահանջում մոռանալ անցյալը: Այն ամենը, ինչ կատարվում է այսօր Փաշինյանի կողմից կառավարվող Հայաստանում: Ու չնայած այդ հանգամանքին՝ փաշինյանական լրատվամիջոցը դաշնակցականից պահանջում է լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը: «Մոռանալով», որ, ի տարբերություն գոյություն ունեցող կամ չունեցող շրջաբերականի, Նիկոլի կողմից արդեն թշնամուն է հանձնվել Արցախը, ու բազմաթիվ սպառնալիքներ են գեներացվել Հայաստանի գլխին: Չլիներ այդպես, չէր լինի նաև Նիկոլի երբեմնի հոգեհոր կողմից նրա հասցեին հնչեցված գնահատականը՝ «ազգակործան պատուհաս»: Եվ ճակատագրի դաժան ծաղրի է նմանվում այն հանգամանքը, որ այս ամենն իր մաշկի վրա զգացած հասարակության լրագրողական խավի ներկայացուցիչը փորձում է ճշտել, գոյություն ունի, թե չունի նման շրջաբերական: Այսինքն, դաշնակցությունը կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի անկախությանը: 

Այդ հարցադրմանն ի պատասխան, այն բարձրաձայնողի դեմ հակահարձակմանն անցնելու փոխարեն Իշխան Սաղաթելյանը բռնում է նահանջի ուղին: Ասեմ, որ վերջինիս նկատմամբ տածում եմ զուտ դրական զգացում, ու չէի ցանկանա, որ նիկոլական մեկը՝ լինի նա իշխանավոր, թե լրագրող, իրեն հաղթող զգա այդ «մենամարտում»: Հատկապես որ նրա կուռքը կամ նրան ֆինանսավորողը՝ դա էական չէ, պարտված է իրական թշնամու դեմ պատերազմում: Իսկ իր քարոզիչը փորձում է կոմպենսացնել դա ընդդիմության հաշվին: Այն ընդդիմության, որ փորձում է պահպանել այն հայրենիքը, որում բախտ է վիճակվելու ծնվելու և ապրելու նաև նման բնույթի քարոզ տանող անձին: