«Ազգայինի» շրջանակներո՞ւմ է Սնուփ Դոգը 8-րդ դասարանի երաժշտության դասագրքում հայտնվել

«Ազգայինի» շրջանակներո՞ւմ է Սնուփ Դոգը 8-րդ դասարանի երաժշտության դասագրքում հայտնվել

ԿԳՄՍ նախարարությունն ԱԺ է ներկայացրել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժեւորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման եւ զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը, «Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն» եզրույթի սահմանմանը:

Առաջարկվում է նաեւ օրենքի 26-րդ հոդվածի որոշ մասերում խմբագրում կատարել՝ «ազգային» բառը փոխարինելով «պետական» բառով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է համարվում, որ նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օրերս ԱԺ ԿԳՄՍՆ ենթահանձնաժողովում հարցը ներկայացնելիս նկատել էր նաեւ, որ «ազգայինի» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումն այլեւս առանձին տողով չի արտացոլվելու, քանի որ «ազգայինի» կարգավիճակ այլեւս չի տրվելու, այլ լինելու է միայն «պետական» կարգավիճակ։

«Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է արվում, եւ ի՞նչ է տալու այս փոփոխությունը։ «Ի՞նչ է նշանակում՝ ազգային կամ պետական կարգավիճակ,- հարցին հարցով է պատասխանում կոմպոզիտորը, ապա շարունակում,- հիմա, օրինակ, «Ակունքն» ինչո՞ւ չունի ազգայինի կարգավիճակ, այսինքն՝ ինչո՞ւ մի մասն ունի նման կարգավիճակ, մի մասը՝ ոչ։ Եթե ազգայինի կարգավիճակ ունի ֆիլհարմոնիկը, ինչո՞ւ նույն կարգավիճակը չունի ժողգործիքների նվագախումբը կամ Ռոբերտ Մլքեյանի կամերային երգչախումբը։ Ինձ համար նախ դա է անհասկանալի է՝ ինչո՞ւ է որոշներին տրվում այդ կարգավիճակը, երբ բոլորը հավասար նույն գործն են անում՝ ազգային երաժշտությունն ու մշակույթն են պրոպագանդում։ Ես բառերից չեմ կառչում, ինձ հետաքրքիր է, թե ինչ են անում իրականում։ Նույն ազգային երաժշտությունը զարգացնելու անվան տակ չէ՞ր, որ Սնուփ Դոգին հատկացվեց 6 մլն-ի չափով գումար, ինձ դա է հետաքրքիր, ազգային մշակույթին ինչքա՞ն գումար է հատկացվում, ի՞նչ է արվում ազգային մշակույթը պրոպագանդելու համար։ Հավանաբար, նույն՝ «ազգայինի» շրջանակներում է, որ Սնուփ Դոգին 8-րդ դասարանի երաժշտության դասագրքի մեջ են մտցրել, կամ որքանո՞վ է ազգային, երբ ԿԳՄՍ նախարարությունը դատի է տալիս «Ակունքին» ու պահանջում է հետ բռնագանձել արդեն կարված տարազները, բայց այդպես էլ չհասկացանք, թե մեր խախտումը որն է․․․․»։

Արթուր Շահնազարյանը տարակուսում է, թե ինչ է տալու այդ փոփոխությունը մշակութային դաշտին ու մշակութային կազմակերպություններին․ «Դրանից հետո էլ է ֆիլհարմոնիկը շարունակելու նույնձեւ նվագել․․․, ինձ ավելի շատ հետաքրքիր է գործողությունը՝ թե այս բանը, որ արվում է, դրա հետեւանքն ի՞նչ է լինելու։ Այդ բառերի հետեւում ինձ հետաքրքիր են իրենց գործողությունները․․․ իբր թե Արամ Խաչատրյանի 120-ամյակն էր, բայց լուրջ ոչ մի բան չարվեց... ես ձեզ ավելին ասեմ՝ Ադրբեջանն անգամ համաձայն կլիներ վերադարձնել Արցախը, փոխարենն ունենար Արամ Խաչատրյան․․․․, 1.5 միլիարդանոց Չինաստանը, որն ունի կոնսերվատորիաներ ու ամեն ինչ, ազգային երաժշտության հիմքեր, հազարամյակների հզոր մշակույթ, ամբողջ Արեւելքը, արաբական 800 մլն-անոց աշխարհը չունի, 80 մլն-անոց Պարսկաստանը Արամ Խաչատրյանի մեծության կոմպոզիտոր չունի։ Եթե Թուրքիան ունենար նրա նման մեծություն, հիմա տեռոր էր արել ողջ աշխարհին, իսկ մեր մշակույթի նախարարությունն ինչո՞վ է զբաղված․.., ֆիլհարմոնիայում մեկ-մեկ Արամ Խաչատրյան նվագեն, նույն 800 հոգին գնան նստեն ու լսեն, բա մեր գյուղերի ժողովուրդը, նրանց էլ պետք է հասցվի, որ մեր երեխաներն այդ արժեքով դաստիարակվեն ու մեծանան։ Մտեք Ավստրիա ու տեսեք՝ շոկոլադից սկսած մինչեւ մանկապարտեզ Մոցարտ է, քնում զարթնում են Մոցարտով, բա ունենաս նման մշակութային զենք, որ կարող ես մի ամբողջ ազգ կրթել, ու չանե՞ս․․․»։

Ա․ Շահնազարյանը չգիտի, թե այդ փոփոխության հետեւում ինչ կա թաքնված, բայց չի կարծում, թե այդ փոփոխությամբ են մշակութային կառույցներն արժեւորվելու ու կարեւորվելու․ «Անունները, բառերը փոխելով չես արժեւորի ոչինչ։ Արժեւորվում է միայն այն ժամանակ, երբ գործ է արվում։ Ու միշտ չէ, որ արված գործն էլ արժեւորվում է․․․, ես արդեն 7 տարի է՝ Ռեքվիեմ եմ գրել, բայց չեմ կարողանում հասնել նրան, որ կատարեն, որովհետեւ ինձնից գումար ուզեցին այն կատարելու համար։ Ես նույնիսկ նախկին փոխնախարարին ասացի՝ բա ինչո՞ւ Շուբերտից ու Վիվալդիից փող չեք ուզում, չէ՞ որ անվճար եք կատարում, իսկ հայ կոմպոզիտորի գործը կատարելու համար նրանից փող եք ուզում։ Դրա համար, չեմ կարծում, թե ազգային մշակույթի զարգացման հետ կապված անհանգստություն կամ մտահոգություն կա։ Այսինքն՝ այստեղ բառերի հարցը չէ, այլ թե ինչ քայլեր են ձեռնարկվում։ Հիշո՞ւմ եք, նախանցած տարի՝ Նոր տարվա գիշերը Հանրայինի եթերով մուղամ հնչեցրին ու այդպես էլ չտվեցին անուն-ազգանուն, թե ով էր դրա հեղինակը։ Ես անգամ հայհոյեցի, որ դա անողը դատի տար ինձ, ու տեսնեինք, թե ով էր դրա հեղինակը, որ որոշել էր՝ Նոր տարվա գիշերը ես պետք է մուղամ լսեմ։ Թաքցրին, այդպես էլ հայտնի չդարձավ, թե ում միտքն էր դա։ Այսինքն՝ ինչ արվում է, դրա հետեւում անուն-ազգանուն չես գտնի եւ չես իմանա, թե ով է այս կամ այն նախագծի ու նախաձեռնության հեղինակը»։