Պետք չէր նման մանր հարցերով դիմել Սահմանադրական դատարան

Պետք չէր նման մանր հարցերով դիմել Սահմանադրական դատարան


Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի դիմումի քննությունը մերժելու որոշումը: Ազգային ժողովի նախագծի հիմքում Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի թույլ տված կարգապահական խախտումներն էին դրված։ ՍԴ-ն պարզաբանել է, որ չի պահպանվել Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված երկշաբաթյա ժամկետը: Հետեւաբար, դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան: Այս առնչությամբ զրուցեցինք փաստաբան Արա Ղազարյանի հետ։

- Պարոն Ղազարյան, ծանոթացե՞լ եք ՍԴ մերժման հիմքերին։

- Կարդացել եմ հպանցիկ։ Մեկը ժամկետի խնդիր էր։ Դա աներկբա է, եթե դա հստակ օրենքով սահմանված է եւ օրենքի խախտումով է եղել։ Ընթացակարգերը պետք է օրենքով սահմանված կարգով լինեն։

- Իսկ չգիտեի՞ն, չկա՞ր ԱԺ «Իմ քայլը» կամ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններում մի սահմանադրագետ, որ հուշեր՝ դիմումում պարտադիր է ընթացակարգերը պահպանելը։

- Ընդհանրապես դիմելու կարիք չկար, որովհետեւ խոսքը Սահմանադրական դատարանի մասին է, նման չնչին առիթներով անհարիր է դիմել ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար։ Այստեղ միայն զուտ օրենքով սահմանված ֆորմալ հիմքերի մասին չէ խոսքը, այլ՝ բովանդակության։ Խոսքը երկրի Սահմանադրական դատարանի նախագահի մասին է։ Պետք է չափազանց արտառոց, այն էլ՝ վարքագծի հետ կապված դեպք լիներ, որ ԱԺ-ն օգտագործեր իր սահմանադրական վերահսկողությունը։ Այսինքն՝ չափազանց կարեւոր հանրային նշանակության հարց պետք է դրված լիներ սեղանին, որ ԱԺ-ն որոշեր դիմել այդ ընթացակարգին։ Իսկ նման մանր խնդիրներով, որ դատավարության մասնակիցը եղել է դատավորներից մեկի սանիկը եւ այլն, նույնիսկ մագիստրոս դատարաններում նման հարցերով կարգապահականի խնդիր չի առաջանում։ Ժամանակին, երբ Արդարադատության խորհուրդ նման բնույթի դիմումներ ներկայացվել են, դրանք բոլորը մերժվել են, որովհետեւ ազգակցական կապի առկայությունն ինքնին բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ կոնկրետ վարքագիծ։

- Վահե Գրիգորյանը չէ՞ր կարող զգուշացնել այդ մասին, մանավանդ, որ կար կարծիք, որ ՍԴ 6 անդամ չի գտնվի, որ կողմ քվեարկեն։

- Ընդհանրապես, կա Վենետիկի հանձնաժողովի տեսական մոտեցում՝ դեռ երկու տասնամյակ առաջ, որ դատավորներին կարելի է կարգապահական պատասխանատվության ենթարկել միայն վարքագծի համար, այլ ոչ թե իրենց կայացրած որոշման համար։

- Իսկ երբ ասում եք՝ «շատ արտառոց», ի՞նչ պետք է արած լիներ, որ հարիր լիներ նման դիմում ներկայացնելը։ Մի կոնկրետ օրինակ կբերե՞ք։

- Ասենք, հասարակական միջավայրում դրսեւորած ոչ ադեկվատ վարքագիծ, որը ստվեր է գցում դատավորի հեղինակության վրա։ Այն էլ՝ պետք է առաջնորդվեին համաչափության սկզբունքով, անպայման չէ՝ միանգամից խոսեին լիազորությունները դադարեցնելու մասին։ Իմ ասածն այն է, որ խոսքն այնպիսի վարքագծի մասին է, որն արդեն կասկածի տակ է դնում հանրային շահը։ Եվ զավեշտն այն է, որ կարգապահական վարույթի նախապատրաստումն ու իրացումն ուղեկցվում էին պատգամավորների քաղաքական հայտարարություններով։ Մինչդեռ կարգապահական վարույթն ու քաղաքական հայտարարություններն անհամադրելի են, եւ այդ մարդիկ պետք է զսպվածություն ցուցաբերեին իրենց քաղաքական հայտարարություններում։