«Հրապարակ». Սա աշխարհաքաղաքական տերերի փնտրտուքի ֆինալային արարն է

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:
- Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ հիմնականում խոսում է հայ-ադրբեջանական հարաբերությունների, ադրբեջանական կողմի ոչ այնքան խաղաղասիրական գործողությունների, հնարավոր սադրանքների եւ հայկական կողմի անկարողության մասին: Ըստ Ձեզ` ո՞րն էր այդ հոդվածի հիմնական մեսիջը, ինչի՞ մասին էր այն` Ձեր գնահատմամբ:
- Բոլոր նրանք, ովքեր ամբողջությամբ ուսումնասիրել են Յունգ, Ֆրոյդ, ապա կփաստեն, որ նրանց երկուսի մոտ էլ կան դրվագներ, երբ մարդը հայտնվում է մի իրավիճակում, եւ իր արտահայտած մտքերը սկսում են հակասել իրար, այսինքն` մտքի սկիզբը սկսում է հակասել վերջին: Մարդն ասում է մի միտք, տպավորություն է, որ շուտով կգա իքս եզրահանգմանը, սակայն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք իր իսկ բերած արգումենտներին հակասում են: Նիկոլ Փաշինյանը հոդված է գրել եւ խոսում է Ադրբեջանի հավակնությունների մասին, «Արեւմտյան Ադրբեջան» կոչվածի, նրանց ռազմատենչ հռետորիկայի ու ծրագրերի մասին: Ասում է, որ նոր էսկալացիայի վտանգ կա, սակայն վերջում էլ պնդում է, որ այն բացառված է: Սա ի՞նչ վիճակ է: Մարդն ուղղակիորեն ցայտնոտի մեջ է, նա պատանդ է իր իսկ ստեղծած վիրտուալ իրականության ձեռքին, որը փորձում է ամեն գնով փաթաթել հասարակության վզին: Այս մարդը պատանդ է իր տված գեոպոլիտիկ խոստումներին, իր իսկ ստորագրած-չստորագրած փաստաթղթերին, իր գրավոր ու բանավոր պայմանավորվածություններին: Նիկոլ Փաշինյանի այս հոդվածը կարդալուց հետո կարող ենք ասել, որ նա արդեն մարկեսյան ողբերգական կերպար էլ չէ, նա այժմ ավելի ծայրահեղ վիճակում է, քանի որ ոչ միայն իրեն է փակուղու մեջ գցել, այլեւ` Հայաստանի Հանրապետությունն ամբողջապես: Հիմա նրա աշխարհաքաղաքական տերերի փնտրտուքի ֆինալային արարն է: Բայդենի վարչակարգի հեռանալուց հետո նա «կորիդորում» ԱՄՆ փոխնախագահի հետ սելֆի արեց եւ հասկացավ, որ ինքը, իր տիպաժին պատկանող Զելենսկին ու էլի մի քանիսը չեն վայելում ԱՄՆ նորընտիր նախագահի աջակցությունը, անգամ չկան ԱՄՆ-ի օրակարգում, եւ անգամ արդեն չեն էլ պատրաստվում վճարել իրենց…. ինչպես ասում է Իլոն Մասկը` դադարեցվելու է ֆինանսավորումը խելահեղ ծայրահեղականների համար, ովքեր ընդամենը խաղում էին դեմոկրատիա, ուրիշ ոչինչ: Կլինեն լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ, թե ինչեր: Չինական Global Times-ը հրապարակեց այն բոլոր գունավոր հեղափոխությունները, որոնք ֆինանսավորվել են USAID-ի կողմից: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ֆեյք դեմոկրատիան այլեւս պահանջված չէ, քանի որ այն սնող, ծնող, ֆինանսավորող կենտրոններն ուղղակիորեն ոչնչացվում են, ոչնչացվում են մեծագույն սկանդալներով ու բացահայտումներով: Օրինակ՝ այն, որ նույն USAID-ն ֆինանսավորել է «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկի ուսումնառությունը: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի այս հոդվածը հերթական առաջարկն է՝ մուրացիկություն սկսելու, որ նորից ձեռք մեկնեն իրեն աշխարհաքաղաքական կենտրոնները: Նա ուզում է ասել, որ ինքը պատրաստ է նորից վաճառել «խաղաղություն»՝ իր անձնական անվտանգության դիմաց: Բայց նա ինչպես էլ հոլովի «խաղաղություն» բառը, այն անվանի «խաղաղության խաչմերուկ», թե «տարածաշրջանային խաչմերուկ», «ժողովրդավարության բաստիոն», թե «ժողովրդավարության փարոս», ինչպես ասում էր ԱՄՆ նախկին դեսպանը, նա սպառել է իր օրակարգը: Նիկոլի օրակարգը պարտվել է: Պարտվել է, քանի որ այդ օրակարգի խամաճիկավորներն այլեւս խաղից դուրս են: Նիկոլ Փաշինյանն այժմ կատաստրոֆիկ վիճակում է գտնվում, իր միակ հենարանն այսօր Էրդողանն է: Նրա բոլոր ռեւերանսներն այսօր ուղղված են բացառապես Էրդողանին, շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ցեղասպանության վերաբերյալ նրա հերթական օվերտոնի պատուհանը եւս այս կոնտեքստում էր:
- Այս հոդվածով, կարծես, նաեւ պատերազմի համար է հող նախապատրաստվում: Այսինքն` այս առումով չկա որեւէ նոր բան, հերթական չարչրկված ՔՊ-ական թեզերն է առաջին պլան բերում, փորձելով հանրությանը կրկին վախի մթնոլորտում պահել եւ իր խաղաղասիրությունը դրոշակ դարձնել:
- Այո, այդ հոդվածը հերթական խեղճիզմի դրսեւորումն է նաեւ: Ինչպես Սասուն Միքայելյանն է ասում` «Դուխովը հիմա խելոք մնալն է»: Սա էլ այն օվերտոնի պատուհանի բացումն է ժողովրդի համար, որ` քանի որ հայ ժողովուրդն այսօր խեղճ է, մեր դուխն էլ խեղճիզմն է, ցանկացած իրավիճակում պետք է հանձնվել: Սա է նրանց ողջ ասելիքը: Տանում են հանձնվելու, կապիտուլացվելու քարոզ: Այլ օրակարգ չկա: Մեկ նախադասությամբ եթե ասենք` կապիտուլյացիա՝ սեփական իշխանությունը պահելու համար:
Կարծիքներ