Երկու առաջարկ

Երկու առաջարկ

Փորձենք ըմբռնումով մոտենալ ընդդիմության պասիվությանը: Այո, իմպիչմենթ նախաձեռնելն ինչքան հաջողելու, նույնքան եւ ավելի չհաջողելու հավանականություն ունի, ուստի հասկանալի է ԱԺ ընդդիմության հապաղումը: Այո, փողոցային պայքար սկսելն էլ վերջին տարիների ձախողումներից հետո որքան բարդ է, գրեթե նույնքան էլ՝ ձախողվելու հավանականությամբ հղի: Բայց կան քայլեր, որոնք ընդդիմադիրները կարող են անել եւ պետք է անեն: Եվ այդ քայլերի պարագայում ձախողվելու հավանականությունը կա՛մ շատ փոքր է, կա՛մ բացառված է, իսկ դրանց արդյունքը կարող է զարմացնել շատերին:

Ընդամենը 2 համեստ առաջարկ անեմ ընդդիմությանը, թեեւ համոզված եմ` առաջարկներս չեն ընդունվելու, որովհետեւ մեր ընդդիմությունը` իշխանությունների նման, «ամեն ինչ գիտի» եւ «ոչ մեկի խորհրդի կարիքը չունի»:

Այնուամենայնիվ. առողջ, ակտիվ ընդդիմությունն իշխանությունների ոչ մի քայլն անպատասխան չէր թողնի եւ դատարանները կհեղեղեր հայցերով, դատախազությանը` հանցագործության մասին հաղորդումներով: Մի ՔՊ-ական ափեղ-ցփեղ խոսել է ամբիոնից` վիրավորել է ընդդիմադիրներին, հայի ինքնության դեմ խոսք է ասել, կասկածի տակ է դրել մեր պատմությունը... մտեք դատարան: Թող մերժեն ձեր դիմումներն ու հայցերը, դրանց լուսաբանումն արդեն երկրում մթնոլորտ կփոխի եւ հակաիշխանական ալիք կբարձրացնի:

Երկրորդ քայլը. փոքր խմբեր կազմեք եւ գնացեք գյուղեր: Ամեն գյուղում մի ակտիվիստի տանը սուրճի սեղան գցեք, գյուղի ակտիվ մարդկանց հավաքեք սեղանի շուրջ` խոսեք, պատմեք, բացատրեք, պատասխանեք նրանց հարցերին: Հերիք է շփվեք ձեր կուսակիցների ու համակիրների հետ, որոնց շրջանակը չի ընդլայնվում: Գյուղերում ապրող մարդիկ, որոնք մնացել են Հ1-ի քարոզչության եւ իրենց համայնքապետի ազդեցության տակ, դրա կարիքն ունեն: