Երկիրը անտերության է մատնվել ու գիտե՞ք ինչու․․․

Երկիրը անտերության է մատնվել ու գիտե՞ք ինչու․․․

Բոլորը խոսում, գրում են են 2018-ից հետո  Արցախի հանձնման , Հայաստանի հոշոտման մասին, բայց որևէ տեղ չեմ հանդիպել, որ խոսեն, գրեն համատարած հեղինակազրկման մասին։ Խոսքս ոչ թե պետական կառույցների, ինստիտուտների հեղինակազրկման մասին է, այլ հանրության համար  հարգանք, գերազանցություն, ազդեցություն, առաջնորդություն ունեցող մարդկանց հեղինակազրկման մասին, որը կարող էր ազդել հասարակական վարքի վրա։ «Հեղափոխական իշխանության» առաջին քայլը դա էր։ Փողոցից փողոց, թաղից թաղ ընկած սևացնում էին այն, ինչ եղել է Հայաստանում՝ ցեխ շփելով  առաջին, երկրորդ, երրորդ, անգամ հազարերորդական դեմքերի վրա։ Ովքեր իրենցը չէին, նոր չէին, բոլորը կեղտոտ, անօգտագործելի, անպիտանի էին․․․ Հենց այդ ժամանակվանից է սկսվել Հայաստանի կործանման ծրագիրը։ Երբ թաղից թաղ ընկած՝ պատմությանն ու երկրին անհայտ մարդիկ բոլորին հեղինակազրկում էին,  ով կար նրանց շուրջը։  Արցախը դեռ չէր հանձնվել, Հայաստանին վտանգ չէր սպառնում, առաջին գործողությունը, որով Հայաստանն ավերեցին, համատարած հեղինակազրկումն էր։ Իրենք գիտեին, որ շատ շուտով իրենց կատարած հակահայ քաղաքականությամբ հեղինակազրկվելու են, այդ իսկ պատճառով հեղինակազրկում էին բոլորին, որ մեկը չլինի, որպեսզի հանրությունը վստահի ու նրա հետևից գնա։ Համատարած մրուր էին տարածում։ 

Այսօր կանգնած ենք այդ դառը փաստի առաջ։ Ու զարմանում եմ, երբ քաղաքագետները, փորձագետներն անտեսում են այդ փաստը և զուտ արձանագրում, որ հանրությունը որևէ մեկի հետևից չի գնում, որևէ մեկի շուրջ չի համախմբվում, որ հանրությունն անտարբեր է, իներտ։ Հանրությունը դժվար է ընդունում որևէ մեկի առաջնորդությունը՝ նույնիսկ այն դեպքում, երբ հեղինակազրկվել, զրոյական կետի է հասել իշխանության վարկանիշը։ Մենք մոռացել ենք , թե ինչ ճանապարհով, սուտ խոստումներով է այս իշխանությունը եկել իշխանության։ Թե ինչ ահռելի քանակությամբ մուր թափելով, սևացնելով է եկել այս իշխանությունը։ Թե ինչ դագաղներով ու մարդ թաղելով է եկել այս իշխանությունը։ Ոչ մի մաքուր կետ չի թողել, հասել են նույնիսկ հերոսներին , նրանց ծնողներին մրոտելու գործընթացին։ Կա՞ մեկը, որին չի մրոտել կամ որի հետևից մրի ու սևացնող մեքենայով չեն գնացել, երբ շարժ են զգացել նրա կողմից։ Այսօր էլ, երբ նոր անուն է հայտնվում, հազարավոր ֆեյքաճտանոց է գործի դրվում, որ այդ մեկը «մոր արգանդում չորանա»։ Համատարած հեղինակազրկումը ատոմային տումբի պես ներգործուն է, որի ավերածը շատ ուշ է վերականգնվում։ Մենք այս փուլում ենք, երբ արդեն կանաչ է երևում, ու իշխանությունը այլ ազդող միջոցներով չորացնում է այդ կանաչը, ճշմարիտ խոսքը, ընդվզումը։ Դա անում է առաջնորդներին վարկաբեկելով, դա անում է հողը, մթնոլորտը «թունավորելով»։ Ժամանակին, երբ Հայաստանի վրա գործի էր դրվում հեղինակազրկման «ատոմային ռումբը» , առաջնորդներից մեկի հետ զրույցում ասացի՝ ես հեղինակազրկվողների մասին չեմ մտածում, այլ մտածում եմ, որ բոլորին հեղինակազրկելով, երկիրը անտերության է մատնվելու։ Եթե այդ առաջնորդը կարդա, անպայման կհիշի իմ բառերը։ Հիմա երկիրը անտերության է մատնվել ու գիտե՞ք ինչու․․․ «Հեղափոխական իշխանությունը» իր քաղաքականությամբ բացահայտվել ու վարկաբելվել է, ու նա այլևս առաջնորդություն չի ներկայացնում։ Հասարակության մեջ որևէ մեկը չունի առաջնորդության ոսկե ծիրանին, հեղինակազրկողը բոլորի ուսերից վերցրել է այդ ոսկե ծիրանին ու ապահովում է երկրի գոյությունը արհեստական շնչառության ապարատով, խաղաղության մեռելոցներ կարդալով․․․