Ինչ են քննարկում ընդդիմադիր ուժերն այս պահին ՀՅԴ գրասենյակում

Ինչ են քննարկում ընդդիմադիր ուժերն այս պահին ՀՅԴ գրասենյակում

Այս պահին ՀՅԴ գրասենյակում ընթանում է հանդիպում քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկա են 14 կուսակցությունների պլատֆորմի ներկայացուցիչները, բացառությամբ՝ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի։ Քննարկվում է երկրում տիրող իրավիճակն ու իրենց անելիքները։ 
Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր ուժերն այժմ մի գաղափար են քննարկում, որը ծագել է երեկ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում։ Քանի որ այդ հանդիպման ժամանակ բավականին կարեւոր տեղեկություններ է հաղորդել վարչապետը, ներկայացրել է Արցախում տիրող ծանր վիճակը եւ այն փաստաթուղթը, որը ստիպված է ստորագրել, ապա զգուշացրել է, որ այդ տեղեկությունները չհրապարակեն՝ դա հայրենիքի հանդեպ դավաճանություն կլինի, հիմա քաղաքական ուժերը քննարկում են հասարակությանն իրազեկելու, ամբողջ ճշմարտությունը նրան փոխանցելու հարցը։

Ընդ որում, չեն քննարկում՝ իրենք ասեն, թե չասեն, ինչպես ասեն եւ այլն, այլ քննարկում են Նիկոլ Փաշինյանին ուղերձով դիմելու հարցը։ 
Ուղերձ, որով կպահանջեն նրանից հասարակությանը տեղեկացնել, թե ինչ է կատարվում Արցախում եւ ինչ փաստաթուղթ է պատրաստվում նա ստորագրել Մոսկվայում՝ որպես հրադադարի պայմանավորվածության ամրագրում։ 
Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ անիմաստ է նման ուղերձ-պահանջով հանդես գալը, քանզի ողջ ճշմարտությունն, այսպես, թե այնպես՝ շատ շուտով հայտնի է դառնալու։