Վրաստանից օրինակ վերցնենք
Վրաստանի խորհրդարանը մեկ-երկու օր առաջ ընդունել է «Ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին» 19 օրինագծերից բաղկացած փաթեթ: Ըստ դրա, երկրում արգելվում է միասեռ ամուսնությունների գրանցումը, միասեռ զույգերին արգելվում է երեխաներ մեծացնելը, արգելվում են սեռափոխության բժշկական միջամտությունները: Արվեստի ստեղծագործություններում արգելվում է, իսկ դպրոցներում եւ լրատվամիջոցներում սահմանափակվում է միասեռական հարաբերությունների եւ արյունապղծության քարոզչությունը, արգելվում են ցույցերը հօգուտ ԼԳԲՏ համայնքի: Օրենք խախտողներին սպառնում է մինչեւ 1,4 հազար դոլար տուգանք կամ մինչեւ 2 տարվա ազատազրկում:
Օրենսդրական փաթեթում մայիսի 17-ը հռչակվել է որպես Ընտանիքի սրբության եւ ծնողների նկատմամբ հարգանքի օր:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, բնականաբար, վետո (արգելք) կդնի փաթեթի վրա: Բայց դա կհաղթահարվի ճիշտ այնպես, ինչպես արտասահմանյան գործակալների վերաբերյալ օրենքի դեպքում: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել այս օրենքը, որն ավելի է շեղում երկիրը ԵՄ ճանապարհից: Կարծում եմ, որ այս կոչը եւս կվերածվի ձայն բարբառո հանապատի: Բայց, ի տարբերություն բազմաթիվ այլ դեպքերի, այս մեկն իր մեջ դրական իմաստ է պարունակում:
Հիմա Վրաստանից գանք Հայաստան: «Մեր» արեւմտամետները Եվրոպական Միությանն անդամակցելու ստորագրահավաք են սկսել: Կարծում եմ, որ քարոզչությունը հիմնականում կգնա առանց վիզայի Եվրոպա այցելելու թույլտվության եւ եվրոպական բարձր աշխատավարձերի ակնկալիքների ուղղությամբ: Այս երկու գործոնները, ենթադրաբար (նյութական աջակցության մասին ոչինչ ասել չեմ կարող), կարող են ազդել մարդկանց վրա՝ նպաստելով 50 հազար ստորագրություն հավաքելուն: Բայց հարց է առաջանում` դրանք բոլորը համաձայն կլինե՞ն արդյոք, որ երկրում բացահայտ քարոզվի այն, ինչն արգելել են վրացիները: Որովհետեւ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման բանակցությունները կարող են տարիներ տեւել, սակայն միասեռականության առջեւ կանաչ լույս կվառվի անմիջապես:
Ուրիշ հարց, որ վերջապես գիտակցելով Հայաստանի առումով միասնական Արեւմուտքի պլանները՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն այսօր այլեւս չի խոսում ԵՄ-ին մերձենալու հնարավոր աստիճանի մասին: Հակառակը, ռեւերանսներ է անում իր կողմից այդքան չսիրված Պուտինի ուղղությամբ: Եվ ինքը պետք է որ վարչական միջոցներով խոչընդոտի ստորագրահավաքի անցկացմանը, որովհետեւ դրա հաջողությունը կարող է թելադրել Արեւմուտքին, որ Հայաստանում կան այլ անձինք, ովքեր պատրաստ են փոխարինել իրեն: Իսկ ինքը, ինչպես հայտնի է, սատանայի հետ էլ կդաշնակցի, միայն թե կարողանա պահպանել պաշտոնը:
Որպես վերջաբան՝ ներկայացնեմ մի երեւույթ, որը կարող է խելագարություն թվալ, սակայն այսօրվա զարգացումների տրամաբանական շարունակությունն է: Ինչ-որ երիտասարդ գերմանուհի դատի է տվել իր ծնողներին, ովքեր առանց իր թույլտվության լույս աշխարհ են բերել իրեն: Որպեսզի իբրեւ թե ադեկվատ երեւա, առաջարկել է նման թույլտվություն ստանալու մեխանիզմ, այն է՝ ապագա զավակներից համաձայնություն ստանալ մեդիումների միջոցով: Տեղական դատարանն էլ ընդունել է հայցը, քանի որ չընդունելը կլիներ մարդու իրավունքների խախտում: Արեւմուտք ձգտող հայաստանցիները պետք է իմանան, որ վաղը, մյուս օրն իրենց կարող է հենց նման հայցով դատի տալ իրենց զավակը:
Կարծիքներ