Օդաչուներիս նպաստը վերկանգնելո՞ւ եք, որ դեղ գնենք, կյանքից չհեռնանք

Օդաչուներիս նպաստը վերկանգնելո՞ւ եք, որ դեղ գնենք, կյանքից չհեռնանք

«Հրապարակի» խմբագրություն է դիմել նախկին օդաչու Ռազմիկ Գասպարյանը՝ խնդրելով իր խոսքը հասցնել կառավարությանը։ Բանն այն է, որ Գասպարյանը և էլի 10-ից ավելի  օդաչուներ իրենց մասնագիտական գործունեության հետևանքով տաբեր առողջական խնդիրներ են ձեռք բերել։ Ժամանակին, երբ կային Հայկական ավիաուղիները, Գասպարյանի խոսքով, իրենք նպաստ էին ստանում, սակայն արդեն 2-3 տարի է (կոնկրետ չի հիշում) իրենք այլևս ֆինանսական օգնություն չեն ստանում․

«Ինձ պես թոշակի անցած, մասնագիտական հիվանդություններ ձեռք բերած օդաչուները դեռ Սովետի ժամանակներից սկսած, հետո հայկական ավիաուղիների գոյության ընթացքում  ստանում էինք առողջության վատացման դիմաց նպաստ, թոշակի նման մի բան էր։ Երևի մոռացել են, մի 2-3 տարի է, չենք ստանում։ Էսօր էլի հավաքվեցինք, Կրկեսի մոտի ԴոսԱֆ-ի շենքի մոտ հավաքվում ենք երբեմն այդ հարցի վերաբերյալ, մի խոսքով՝ դա որոշ բարդությունների հետ է կապված։ Կարճ ասած՝ ստացվում է, որ մեր հասցեին Կոմանդոսը, Պարգև սրբազանը, Զորի Բալայանը, բոլոր մեր առաջադեմ, ճանաչված մեծությունները մեզ մեծարում են, սակայն․․․։ Պարգև սրբազանը ասել է՝ եթե չլինեին մեր հայկական քաղաքացիական ավիացիայի օդաչուները, մենք մեր ծոծրակը կտեսնեինք, Ղարաբաղի ազատագրումը չէինք տեսնի»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին օդաչուն։

Ըստ Գասպարյանի՝ ինքը ստացել է ամսական 70 հազար դրամ՝ կախված հաշմանդամության կարգից։ Թռիչքների ընթացքում օդի ճնշման փոփոխման հետևանքով վնասվել է իրենց լսողական նյարդերը, այժմ պարբերաբար գլխացավեր ու գլխապտույտներ են ունենում, դրան գումարած նաև այլ հիվանդություններ։ Պետք է պաբերաբար դեղամիջոցներ ստանան, սակայն այդ դեղերը էժան չեն.․ 

«Օրինակ ես Աֆղանստանի պատերազմի մասնակից եմ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից եմ։ Ես Հայաստանում առաջինն եմ, որ ԽՍՀՄ պարաշյուտային սպորտի վարպետ եմ, 606 թռիչք եմ կատարել։ Ականջի թաղանթի միջոցով քայքայվել է լսողական ներվը, որը և առաջացրել է գլխացավ իմ և իմ ընկերների մոտ.10-20 հոգի աղջիկ և տղաներ ենք, շատ չենք։ Մենք դեղորայք էինք ստանում, ես կնոջս կողմից խիստ վերահսկողության տակ եմ, որ դեղերը խմեմ, և այդ գլխացավերն ու գլխապտույտները վատ վիճակի չբերեն՝ չնայած որ խուճապի մատնվելու բնավորություն չունեմ, ինձ տիրապետում եմ։ Հիմա ժամանակին մեզ տեր կանգնող կար, երբ Հայկական ավիուղիները կային, հիմա չկան, մենք անտերության մեջ ենք։

Օրենքով նշված է, որ դրա լուծարումից հետո այդ հարցը անցնում է պետության հովանավորության տակ, այսինքն՝ մեզ պետք է պետությունը տա։ Այս տարիների ընթացքում բավականին մեծ գումար է կուտակվել, ես չգիտեմ՝ իրենք ինչպես կլուծեն այդ հարցը, մենք էլ մարդ ենք, ամեն դեպքում կհասկանանք՝ մեր պետությունը ինչքանո՞վ է հետաքրքրված ժողովրդի վիճակով, ուզում ենք՝ գոնե վերականգնեն։ Դուք շատ օգնած կլինեք ձեր սիրելի օդաչուներին, այդ դեղամիջոցները այդքան էժան չեն, մենք ամեն օր պիտի գնենք և ընդունենք՝ գլխացավի, ստամոքսի ու մյուս բաների համար, խնդրում ենք, որ այդ գումարը վերականգնվի։ Ես ցանկանում եմ Ձեր թերթի միջոցով ասել, որ վերջիվերջո խոսք տվեք օդաչուներին, հարգելի կառավարություն, վերականգնելո՞ւ եք օդաչուների նպաստը, որպեսզի կարողանան իրենց դեղորայքը առնեն, խմեն, կյանքից չհեռանան»։