Տիգրան Եգորյանը եւ կինը դատարանում պարտվել են Դավիթ Սարգսյանին եւ «Հրապարակ» օրաթերթին
Երեւանի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մարինա Տաշչյանի նախագահությամբ, ավելի քան 3 տարվա դատավարության արդյունքում, ամբողջովին մերժել է Տիգրան Եգորյանի, նրա կնոջ՝ Լուսինե Հակոբյանի և նրանց ՀԿ-ի հայցը լրագրող Դավիթ Սարգսյանի եւ «Հրապարակ» օրաթերթի դեմ։ «Հրապարակի» ներկայացուցիչը փաստաբան Լեւոն Բաղդասարյանն էր։
Եգորյանը հայցադիմումը դատարան ներկայացնելիս որպես պահանջ նշել է իր «Պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման» խնդիրը: Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տիգրան Եգորյանն իր եւ մեր լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթում իր անունից տպված նյութի պատճառով․ «Խոսքը վերաբերում է 2021 թվականի օգոստոսին «Հրապարակ» օրաթերթում իմ գրած մի սյունակին, որը կոչվում էր «Բացահայտ գործակալական ցանց՝ իրավապաշտպան հանրույթի քողի ներքո»: Այդտեղ որեւէ մեկին որեւէ պիտակավորում արված չէր, անունների թվարկում էր արված, որի մեջ կային Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը, պնդում արված չէր, որ իրենք գործակալ են եւ այլն․ բայց դա նրանք համարել էին զրպարտչական»:
Դավիթ Սարգսյանը փոխանցեց նաև, որ վճիռը հրապարակվել է նոյեմբերի 27-ին, մեկ ամիս ժամանակ կա այն բողոքարկելու համար․ «Որեւէ հիմք չկար այդ հայցը բավարարելու, ավելին՝ «Հրապարակ» օրաթերթը դատարանը ճանաչել է ոչ պատշաճ պատասխանող, իսկ իրենց ՀԿ-ն ճանաչել է ոչ պատշաճ հայցվոր։ Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը ամբողջ դատավարության ընթացքում չեն եկել դատական նիստերին, մեկ անգամ եկել է Տիգրան Եգորյանը, որից հետո տեղեկանք է ներկայացրել դատարան, որ այլեւս չի կարող ներկայանալ դատական նիստին։ Ես, իմ պաշտպանը եւ «Հրապարակ»-ի ներկայացուցիչը պատշաճ ներկայացել ենք դատական նիստերին»,- ասաց Դավիթ Սարգսյանը:
Նշենք նաև, որ դատարանի վճռով «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունից, Տիգրան Եգորյանից, Լուսինե Հակոբյանից հօգուտ «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության բռնագանձվելու է 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Նկատենք, որ ի սկզբանե մերժման ենթակա այս հայցով հայտնի փաստաբանները շուրջ 3 տարի խլել են դատարանի և մեր օրաթերթի, լրագրող Դավիթ Սարգսյանի ժամանակը, մեզ շատ ավելի մեծ վնասներ պատճառել, քան փոխհատուցման գումարն է: Եվ ամենակարևորը, լինելով փորձառու փաստաբաններ, անհիմն հայց են ներկայացրել դատարան` մարդու հայտնած տեսակետի, ազատ արտահայտվելու դեմ:
Կարծիքներ