Պետության գաղափարը ստորադասվել է անհատի եսասիրական նկրտումներին

Պետության գաղափարը ստորադասվել է անհատի եսասիրական նկրտումներին

Դատական համակարգում նոր խմորումներ են սկսել։ Իհարկե դեռևս պարզ չէ, թե գործադիրն ու օրենսդիրը այս անգամ ինչ ծրագրեր են մշակել, բայց մի բան հստակ է, որ դատական համակարգի բարեփոխման գնացքն արդեն վաղուց հեռացել է։ Լավագույն ցանկության դեպքում էլ կառավարող թիմն այլևս ոչ մի համակարգային փոփոխություն չի կարողանալու իրականացնել։ Շատ շատ Սերժ Սարգսյանի դատավորները փոխարինվեն Նիկոլ Փաշինյանի դատավորներով և մեխանիկական մարդափոխությունը կդիտարկվի ժողովրդավարական բարեփոխումների դիրքերից հանդես եկող իշխանության միակ մխիթարանքը։ Բայց սա էլ է արդեն իսկ անհավանական թվում, քանի որ նախնական տպավորությամբ նույնիսկ այդ պարզունակ գործողությունը  հեղափոխական կառավարության համար չափազանց բարդ փորձություն է։ 

Ասվածն ամենևին էլ պետք չի դիտարկել որպես հոռետեսական հայացք, պարզապես պետք է հաշվի առնել այն պարզ ճշմարտությունը, որ նոր կառավարությունը ձախողել է բարեփոխումների գործընթացը։ Իսկ եթե ավելի ճշգրիտ գնահատենք, ապա ոչ թե ձախողել է, այլ ընդհանրապես չի էլ սկսել։ Չհաշված վարչապետի բարձրագոչ, իրարամերժ և անհետևողական հայտարարությունները։ Հեղափոխությունից վեց ամիս անց արդեն իսկ հստակ նշմարվում էր, որ կառավարությունը ոչ միայն հակված չէ շարժվել համակարգային ռեֆորմների ճանապարհով, այլ նաև զրկված է դրանց իրականացման կամքից ու կարողությունից։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պարզապես չունեն այդպիսի առաքելություն, նրանց գոյության միակ շարժառիթը անցյալի դեմ պատերազմն է և ոչ ավելին։ 

Նիկոլ Փաշինյանն արդեն վաղուց անցել է կարմիր գիծը, ինչը չափազանց վտանգավոր և սպառնալիքներով լեցուն  իրավիճակ է ստեղծում։ Կյանքի է կոչվում այնպիսի մի նախադեպ, որի հիման վրա հետագայում ցանկացած իշխանության ըստ իր քմահաճույքի կարող է դատական համակարգի հետ անել այն ամենը, ինչ-որ ցանկանա։ Ավելին ստեղծվում են ծանրակշիռ հիմքեր, որոնց հիման վրա հաջորդ իշխանությունները կարող են քրեական հետապնդման ենթարկել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին։ Բայց սա դեռ ամենը չէ․ չափազանց մեծ է Սահմանադրությանը ձևական բնույթ հաղորդելու ու պետությունը մեկ անձի քմահաճույքով կառավարելու գայթակղությունը։ Կարծես թե, Փաշինյանը շարժվում է հենց այս ճանապարհով և ժողովրդավարության պատրանքն ընդամենը մի քանի ամիս տևեց։ 

Փաստենք, որ պետության գաղափարը վերստին ստորադասվել է մեկ անհատի եսասիրական նկրտումներին։ Իսկ այս տրամաբանությամբ առանց հեղափոխության մնացած հեղափոխականները երկար ճանապարհ չեն կարող անցնել։