Կորոնավիրուսով պայմանավորված՝ Կապարոսի ասուլիսը տեղի չունեցավ

 Կորոնավիրուսով պայմանավորված՝ Կապարոսի ասուլիսը տեղի չունեցավ

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, որը այսօր ժամանել է Հայաստան, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ժամը 16։00-ին պետք է հանդիպեր լրագրողներին։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, ասուլիսը տեղի չի ունենա։

«Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության՝ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից զերծ մնալու կոչը՝ հայտնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ այսօր՝ մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը հետաձգվել է: Հայցում ենք մեդիա ներկայացուցիչների ներողամտությունը և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: 
Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»,- ասվում է ՀՖՖ հայտարարության մեջ։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել նաև մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են: