Ովքեր են դիմել Սարդարապատի թանգարանի տնօրենի մրցույթի համար

Ովքեր են դիմել Սարդարապատի թանգարանի տնօրենի մրցույթի համար

Սեպտեմբերին «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը հետաձգվեց: Ինչպես այն ժամանակ ՊՆ-ից էին պարզաբանել՝ ԿԳՄՍ-ն հարցաշարը ժամանակին չէր տրամադրել, բայց իրականում շրջանառվում էր մեկ այլ պատճառ. այն, որ հարցաշարը կազմվել է ներկայիս տնօրեն Կարեն Արիստակեսյանի կողմից, ինչի մասին գրվեց թե՛ մամուլում, թե՛ սոցիալական ցանցերում։ Բացի այդ, մրցույթի մասին տեղեկատվությունը սկզբնական փուլում գաղտնի էր պահվում եւ ուշ հանրայնացվեց, որը հնարավորություն չտվեց այլ թեկնածուների առաջադրման։

Արդյունքում մրցույթը հետաձգվեց, իսկ հայտարարված նոր մրցույթի հայտերի ընդունման ժամկետն արդեն ավարտվել է։ Մրցույթին, ըստ մեր տեղեկությունների, դիմել է 6 հոգի։ Նրանք են՝ Սարդարապատի թանգարանի ներկայիս տնօրեն Կարեն Արիստակեսյանը, թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արգամ Երանոսյանը, թանգարանի նախկին աշխատակից, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը, ազգագրագետ, ազատամարտիկ Վահան Միքայելյանը, որը 2018-ի ԱԺ ընտրություններին առաջադրվել էր Դաշնակցության ցուցակով, մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխնօրեն Կարեն Փահլեւանյանը, ում անունը նախկինում էլ է շրջանառվել։ Ինչ վերաբերում է ներկայիս տնօրենին, ապա հավանականությունը, որ նա երրորդ անգամ կընտրվի տնօրենի պաշտոնում, քիչ է։ Նախ՝ որ նրա անունը շրջանառվում է թանգարանի կորած առարկաների եւ մի քանի քրեական գործերում, եւ հետո՝ այսուհետ կզրկվի ՊՆ հովանավորությունից, քանի որ գործընթաց է սկսվել՝ թանգարանը ՊՆ հաշվեկշռից տեղափոխել ԿԳՄՍ ենթակայության տակ, ինչի անհրաժեշտության մասին տարբեր ժամանակներում բարձրաձայնել են ոլորտի մասնագետները։ Թանգարանում ներկայիս տնօրենին սատարողները նույնպես քիչ են, բացառությամբ այն մարդկանց, որոնց վերջին տարիներին ընդունել է աշխատանքի թանգարանի վարչական, տնտեսական ճյուղերում։
Տնօրենի մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ՊՆ-ում։ Քննող հանձնաժողովը վերջին օրն է ձեւավորվելու, ըստ այդմ՝ թե ովքեր են լինելու հանձնաժողովի նախագահը եւ անդամները, պարզ չէ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից պաշտոնապես հետաքրքրվեցինք, թե ովքեր են հայտ ներկայացրել։ Ի պատասխան՝ նա նշեց, որ ճիշտ չէ այդ ինֆորմացիան հրապարակելը եւ անուններ տալը, քանի որ թեկնածուները կարող են միմյանց վրա ազդեցություն ունենալ: Միայն նշեց, որ թեկնածուները ոչ թե 6-ն են, այլ՝ 7-ը։

Թանգարանի նախկին աշխատակից, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանն ասում է, որ մեծ հավակնություններ չունի, քանի որ կարծում է, որ տնօրենի պաշտոնում կին չեն ընտրի․ իր գլխավոր նպատակը թանգարանի զարգացման ծրագիրը ներկայացնելն է, որ ով էլ հետո տնօրեն դառնա, օգտվի դրանից՝ ի շահ թանգարանի։ «Իսկ ներկայիս տնօրենն ու փոխտնօրենն ուղղակի կործանել են թանգարանը, գրեթե նորմալ մասնագետ չեն թողել թանգարանում, այդ մարդկանց հետ ապագայում որեւէ հույս կապելն անհնար է»,-ասում է նա ու հավելում, որ իր համար ամենակարեւորն իր ծրագիրը ներկայացնելն է, որտեղ վերլուծել է թանգարանի ներկայիս վիճակը, ներկայացրել հիմնախնդիրները, ինչպես նաեւ դրանց լուծման ճանապարհները։

Ազգագրագետ, ազատամարտիկ Վահան Միքայելյանը թանգարանի զարգացման իր հայեցակարգը չի ուզում նախապես ներկայացնել, իսկ թե ինչու որոշեց առաջադրել իր թեկնածությունը, ասում է, որ 77թ․-ից զբաղվում է ազգագրությամբ, դրանից հետո՝ մինչեւ 93-ը, աշխատել է թանգարանում, որից հետո մասնակցել շարժմանը, բայց միշտ մտահոգվել է թանգարանի ճակատագրով, քանի որ ինքն ու իր ընկերներն են ստեղծել թանգարանը։ Այժմ, ընդգծում է, չի կարելի թույլ տալ, որ թանգարանը կործանվի։ «Այսինքն՝ այն տեսլականը, որ ունեինք 1980-ականներին, երբ թանգարանը ստեղծվում էր, եւ պետք է դարձնեինք համաշխարհային մակարդակի ազգային թանգարան, այդպիսին չդարձավ, որովհետեւ թանգարանը գիտամշակութային հիմնարկ է, բայց գիտական աշխատանքով չի զբաղվում, մշակութային կյանքում շատ պասիվ է, ընդամենը կա ցուցադրություն, որտեղ ընդունում են տուրիստներին եւ ներկայացնում ինչ-որ բաներ, իսկ ինձ՝ որպես ազգագրագետ, դա չի բավարարում։ Թանգարանը պետք է զարգացնել, այն պետք է ժամանակին համաքայլ գնա։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ես կկարողանամ ներկայացնել մեր մշակույթը համաշխարհային հանրությանն այնպես, ինչպես հայերս կցանկանանք, որ ներկայացվի»,- ասում է նա ու հավելում, որ եթե հայտարարում են բաց մրցույթ, ուրեմն ամեն ինչ բաց պետք է լինի, այդ թվում՝ թեկնածուների եւ հանձնաժողովի անդամների անունները, հարցաշարերը, որպեսզի ամեն ինչ արդար եւ օբյեկտիվ լինի։