Փաշինյանին Սյունիքում որևէ մեկն այլևս չի ուզում տեսնել․ սյունեցի պատգամավոր

Փաշինյանին Սյունիքում որևէ մեկն այլևս չի ուզում տեսնել․ սյունեցի պատգամավոր

Սյունեցի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը, Hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այցը Գրիգորյանի հարազատ մարզ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այցը եղել է գաղտնի, ծածուկ, հստակ օրակարգ չի հայտնվել նախապես, և, հետևաբար, այն բողոքը, որ կուտակվել էր այս հինգ ամիսների ընթացքում իշխանության անտարբերության, որևէ քայլ չձեռնարկելու պատճառով, ուղղակի դրսևորվել է։

«Սա արդարացի ցասում էր, որ արժանապատիվ սյունեցին պետք է բարձրաձայներ»,-ասաց Աննա Գրիգորյանը;

-Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կասկածո՞ւմ էր սյունեցու թասիբի, արժանապատվության վրա, որ հույս ուներ՝ նրան այլ կերպ պիտի դիմավորեին։

-Ես կարծում եմ՝ սյունեցու մասին ինքը շատ հստակ պատկերացումներ ունի, այլ բան, որ ենթադրում եմ՝ իր մերձավոր շրջապատում կանգնած մարդիկ, նախապես լինելով Սյունիքում դեռ նախորդ շաբաթ, փորձել էին վստահեցնել, որ այլ միջավայր է լինելու, և նման դրսևորումներ տեղի չեն ունենալու։ Բայց եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար։

-Ի՞նչ եք կարծում, նա քարոզարշավի ընթացքու՞մ էլ կփորձի այցելել Սյունիք։

-Ես կարծում եմ՝ ինքը հստակ հետևություններ կանի և չի գնա, ավելի ճիշտ՝ քարոզարշավին այլ մոտեցումներ կդրսևորի։

-Արդեն տեղեկություններ են տարածվում, որ հնարավոր է՝ երեկոյան արդեն ձերբակալություններ սկսվեն, և նրան հայհոյած, նրա դեմ ակցիա արած քաղաքացիներին ձերբակալեն։

-Ես չեմ բացառում, ավելին՝ շատ հավանական է, որ նման ռեպրեսիվ մեթոդներով աշխատեն։ Ի վերջո, հիշում եք, հավանաբար, այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց արդարացի բողոքն էին բարձրաձայնում, երբեմն նաև հայհոյում, նաև, ինչո՞ւ չէ, համայնքապետերի նկատմամբ նման մեթոդներ կիրառվեն։ Դուք հավանաբար կհիշեք, վերջին անգամ երբ փորձել էր Սյունիք գնալ, և վարչապետի ճանապարհը փակել էին, այնուհետև հավանաբար հրաման էր իջեցվել, և համայնքապետերից մի քանիսը բերման էին ենթարկվել։

-Դուք հիմա Սյունիքո՞ւմ եք կամ պատրաստվո՞ւմ եք այցելել։

-Չէ, ես Երևանում եմ, չեմ կարծում, թե կայցելեմ։ Ես կարծում եմ՝ Փաշինյանն այսօր հետ կգա, նրան այնտեղ որևէ մեկն այլևս չի ուզում տեսնել, և կգա Երևան։

-Կարծում եք՝ թույլ կտա՞ն, որ հետ գա։

-Բա ի՞նչ են անելու, պատա՞նդ են վերցնելու։ 

-Դե, ասացին՝ կարող է նորից ճանապարհները փակեն։

-Չէ, ուղղակի Փաշինյանը պետք է համապատասխան հետևություններ անի ստեղծված իրավիճակով, հասկանա, որ մարդիկ միայն աղուհացով չէ, որ պետք է դիմավորեն իրեն, որ նա երկիրն արհավիրքի առջև է կանգնեցրել, և Սյունիքն առաջինն է, կամ սյունեցին առաջինն է, որ իր աչքով է տեսնում այդ խնդիրները և իր մաշկի վրա է զգում այդ ամենը։ Հետևաբար, թող չակնկալի, որ նրան միայն պետք է ծափահարեն՝ Ազգային ժողովի դահլիճում լինի, թե այլ տեղ, այլ պետք է նաև հստակ գնահատականներ տան իր կատարած գործունեության համար։