Տղե՛րք, հանուն «շեֆերի» իրար մի՛ կերեք

Տղե՛րք, հանուն «շեֆերի» իրար մի՛ կերեք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երկու օր է՝ Ֆեյսբուքում «իրար են ուտում»։ Նա նրան է ասում, մյուսը պատասխանում է։ Երկու փոխնախագահները, որոնք, ինչպես հասկացանք իրենց գրառումներից, ժամանակին իրար հետ լավ էլ լավ են եղել, արդեն անցել են կոմպրոմատների դաշտ եւ երեսով են տալիս նախկինում ունեցած հարաբերությունները։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Սկսվեց նրանից, որ Ալեն Սիմոնյանը, որն ի պաշտոնե ստանձնել է Էդուարդ Շարմազանովի դերը՝ զբաղեցնելով նրա կաբինետը, դահլիճում՝ նրա աթոռն ու ծառայողական մեքենան՝ «շարմազանովյան» համարներով, որոշել է «Շարմազանով» խաղալ նաեւ քաղաքական դաշտում։ Իսկ ի՞նչ էր անում Շարմազանովը․ նա, իր վրա վերցնելով իր կուսակցությանն ու առանձնապես շեֆին՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարվածները, հայհոյանքներն ու քննադատությունները, նետվում էր առաջին գիծ ու կրծքով պաշտպանում Սերժ Սարգսյանին։ Ոչ միայն «շեֆի համար դոշ տալու», երբեմն էլ՝ շեֆին քծնելու, հաճոյանալու ծանր ֆունկցիան էր իր վրա վերցրել՝ քաջ գիտակցելով, որ շեֆը միշտ չէ, որ ճիշտ է, իրենց շեֆը՝ առավել եւս։ Ու Շարմազանովը, որը, իրականում, կարգին տղա է՝ թասիբով, նորմալ, մարդկային արժանիքներով ու տղամարդկությամբ, արժանանում էր հասարակության լուտանքներին։ Իսկ մարդիկ չեն սիրում, երբ տեսնում են, որ դիմացինը հանուն շեֆի պատրաստ է չտեսնել բաներ, որոնք բոլորը տեսնում են, եւ չեն սիրում, երբ ամեն ինչ անում են շեֆի աչքը մտնելու համար։

Հիմա նույնն անում է Ալեն Սիմոնյանը, որն ունի իրեն ե՛ւ սիրողների, ե՛ւ չսիրողների բանակ։ Նա էլ, Շարմազանովի նման, վատ մարդ ու վատ տղա չէ՝ օժտված բազմաթիվ դրական, մարդկային որակներով։ Բայց նա էլ բացասական ընկալումներ է առաջացնում, երբ հանուն շեֆի, այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի, նետվում է առաջին գիծ ու ասում բաներ, որոնք չպետք է ասվեն, քանի որ ճիշտ չեն, ուղղված են շեֆի գոհունակությունն առաջացնելուն եւ թշնամանք ու ատելություն են հրահրում քաղաքական այլ ուժի եւ նախկին իշխանությունների հանդեպ։

Զորօրինակ՝ ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով Սերժ Սարգսյանի ելույթից հետո նրա հայտարարությունները, թե «Սերժ Սարգսյանի ելույթը վախկոտ մարդու ելույթ էր», կամ «Սերժ Սարգսյանն ամեն օր պիտի վախենա արթնանալիս եւ քնելիս», տհաճությունից բացի այլ զգացում չեն կարող առաջացնել նորմալ մարդկանց շրջանում, անկախ Սերժ Սարգսյանի հանդեպ բացասական վերաբերմունքից, ընդհուպ՝ ատելությունից։ Եվ որքան էլ Ալենը հետո փորձի համոզել, թե իրեն ոչ ոք չի ասել՝ այդպես կոշտ արձագանքել Սերժի խոսքերին, որ ինքը Փաշինյանի գաղափարակիցն է, դրա համար է Փաշինյանի լեքսիկոնով ու ոճով նետվում մարտի, մեկ է՝ մարդիկ չեն հավատա, առավել եւս՝ չեն հարգի։ Առնվազն մի հարցով, սակայն, Ալեն Սիմոնյանը զիջում է Շարմազանովին։ Շարմազանովը, օրինակ, իրեն երբեք թույլ չէր տալիս նման ոչ կոռեկտ բառապաշարով արտահայտվել նախկին նախագահների հասցեին՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի։
Դրա համար էլ այսօր Նիկոլ Փաշինյանին թողած՝ ՀՀԿ երիտթեւից մինչեւ ծանր հրետանի՝ Աշոտյան, Արտակ Զաքարյան, Միհրան Հակոբյան եւ այլք, պատասխանում են հենց Ալեն Սիմոնյանին։ Աշոտյանը երկու օր է՝ ակնարկներով կոմպրոմատներ է փորձում դնել նրա առաջ՝ հիշեցնելով, թե ինչպես էր Ալենը ժամանակին, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ինքը՝ ընդդիմություն, փորձում իրենց հետ մտերմություն անել, այցելում իր ծննդյան տոնակատարություններին եւ այլն։ Ակնհայտ է, որ Աշոտյանն էլ սա անում է դարձյալ իր շեֆի՝ Սերժի աչքը մտնելու, Սերժին Ալենից պաշտպանելու համար, քանզի, ինչպես հասկանում ենք, Ալեն Սիմոնյանն ու Արմեն Աշոտյանը ժամանակին բավականին ջերմ շփվել են իրար հետ։

Առհասարակ, նորօրյա իշխանավորները չպիտի մոռանան, որ երբ իրենք ընդդիմություն էին եւ հույս էլ չունեին իշխանության գալու, լավ էլ շփվում էին իշխանավորների հետ, անգամ ընկերություն անում՝ երբեմն էլ տարբեր հարցերով դիմում։ Ու նաեւ պետք է հիշեն, որ իշխանությունը հավերժ չէ՝ մի օր էլ իրենք են հայտնվելու ընդդիմության կարգավիճակում։ Եվ շատ հնարավոր է, որ այն վերաբերմունքին, որ հասարակությունը մեկ տարի առաջ եւ հիմա էլ դրսեւորում է Աշոտյանի ու Շարմազանովի նկատմամբ, վաղն Ալեն Սիմոնյանն է արժանանալու։

Այս ամենը տեսնելով՝ մնում է մի բան ասել․ տղերք, թարգեք, պետք չէ հանուն շեֆի իրար միս ուտել, դրանից շահել ու շահելու են միայն ձեր շեֆերը, իսկ տուժողը, վերջնարդյունքում, էլի դուք եք լինելու։ Մարդկային հարաբերություններն ու պարզ ճակատով մարդկանց մեջ դուրս գալու հանգամանքը՝ այսօր եւ 10 տարի հետո, շատ ավելի կարեւոր են, քան շեֆի խրախուսող ժպիտն ու ուսին թփթփացնելը։ Թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն՝ ով ուզում է լինի։