Դիալեկտիկա

Դիալեկտիկա

Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն լրագրողներին, որոնք հարցազրույց անելիս հարց տալու փոխարեն, ասենք, ռազմահայրենասիրական խրոխտ ճառեր են ասում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի, թշնամուն արժանի հակահարված տալու, մեր հերոս զինվորների դեմ մարտնչող «ազերի ոհմակների» մասին։

Ես չեմ հասկանում այն լրագրողներին, որոնք ինքնահաստատվում են ընկածին, նեղ վիճակում գտնվողին, սայթաքածին հարվածելու, նրա թերությունները բացահայտելու, նրա դեմ իրականացվող հալածանքներն ամեն կերպ «արդարացնելու» միջոցով։ Ինձ մանկուց սովորեցրել են, որ թույլին չի կարելի խփել, նույնն է, որ իշխանությունը կորցրած, հետապնդվող, բանտում գտնվող մարդուն չի կարելի հայհոյել ու քննադատել։ Եթե այդքան արդար ես եւ անվախ, քննադատեիր (քննադատիր) իշխանության մեջ գտնվողին, հզորին, հարուստին։

Նեղ վիճակում գտնվողին «քլնգելը», խփելը մեծ հերոսություն չէ։ Կարո՞ղ ես՝ օգնիր, չե՞ս կարող՝ լռիր ու հնարավորություն տուր, որ նա արդարանա, ապացուցի իր անմեղությունը, դուրս գա նեղ կացությունից։ Ի վերջո՝ կյանքն աստիճան է․ մեկ դու վերեւում ես, մյուս պահին կարող ես հայտնվել ներքեւում։ Եվ նրանք, ովքեր եղել են ներքեւում, ապա վեր բարձրացել, մոռանան իրենց նեղ օրերն ու այն, թե ինչ հաճույքով էր ամբոխը հարվածում եւ մեղադրում իրենց։

Պետք է հիշեն, թե ինչքան էին նվազել ընկերների ու բարեկամների շարքերը, եւ ինչքան էին պակասել պաշտպաններն ու օգնողները։ Ու ինչքան արագ եւ ինչպես է փոխվում կյանքը, երբ դու հանկարծ հայտնվում ես վերեւում։ Ընկերներդ մեկից դառնում են հազար, անհայտ բարեկամներ են ծլում ինչ-որ տեղից, քեզնով հիացողների շարքերը հանկարծ ստվարանում են, թշնամիներդ հաշտության ձեռք են մեկնում ու նահանջում։ Ամնեզիան իշխանավորների ամենամեծ թշնամին է։