Կանգ առեք, ի՞նչ եք անում

Կանգ առեք, ի՞նչ եք անում

Օդում ռուս-թուրքական պատերազմի սպասում եմ զգում: Ֆեյսբուքը հեղեղված է հիստերիկ գրառումներով: «Պայծառատեսներ» են հայտնվել, գուշակում են Թուրքիայի վերահաս կործանումը, եւ վերստին պահանջված է կրեմլյան խեղկատակը, որ ասում է «Ռուսաստանը հայերին կվերադարձնի Արարատը»: Կանգ առեք, ի՞նչ եք անում: Թուրքիան եւ Ռուսաստանն ինչ են կիսում Սիրիայում՝ իրենց գործն է, բայց սա անցյալ դարասկիզբը չէ: Արեւմուտքը թույլ չի տա: Իրանը թույլ չի տա: Արաբական աշխարհը թույլ չի տա: Իսրայելը թույլ չի տա: Բայց եթե ամեն ինչ մի կողմ դնենք, ընդունենք, որ ռուս-թուրքական բախումն անխուսափելի է, դրանից մեր շահը ո՞րն է:

Միայն թե Թուրքիայի համար վա՞տ լինի: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ բախումից ռուսները դուրս կգան հաղթած: Սա քեզ համար փտած Օսմանյան կայսրությունը չէ, 80 միլիոնանոց համախումբ երկիր է, որտեղ միլիոնավոր մոլեռանդ կա՝ առաջին իսկ կոչով զենք վերցնելու եւ անհավատների դեմ սրբազան պատերազմի պատրաստ: Բայց եթե անգամ Ռուսաստանը հաղթի, մեր՝ հայերիս դա ի՞նչ է տալու: Խոսքը գործնական օգուտի մասին է: Թե չէ մեկը ֆեյսբուքում գրել էր, որ Սիրիայում թուրքերի կորուստները «զոհեր չեն, սատկածներ են»: Հիսուն-վաթսուն թուրք զինվորի «սատկելով» հրճվեցիր, բավարարվեցի՞ր: Եթե երկրի, նրա ապագայի պատկերացումը պետք է կառուցվի իդիոտիզմի հասնող թուրքատյացության վրա, ապա մեր զարգացման ճանապարհը կարելի է վերջնականապես պատվիրված համարել: Դա տանում է դեպի խուլ փակուղի, որտեղ ով է մեզ դարան մտած սպասում՝ մեկնաբանության կարիք չկա: Մեկ եւ ավելի անգամ մենք հայրենիքի ճակատագիրը կապել ենք Արեւելքում ռուսական զենքի հաղթանակների հետ: Արդյունքում ունենք՝ ինչ ունենք:

Ցեղասպանվածի եւ կորուսյալ երկրի  կարոտաբաղձության բարդույթ եւ Ռուսաստանից հիվանդագին  կախվածություն: Այնքան, որ անգամ Արցախի պատերազմի հաղթանակն ենք աղճատել, եւ անկախ գոյության մեր ապագան մշուշոտվել է: Կանգ առեք, ի՞նչ եք անում: Ռուս-թուրքական պատերազմից մենք ոչինչ չենք շահելու, բայց պետք է այնպես անենք, որ ճգնաժամին հաջորդելիք՝ նրանց բարեկամությունից ոչինչ չկորցնենք: Ահա խնդիրը: