«Զինվորիկ» Ռաջաբովը որոշել է խրատ տալ շախմատային Արքա Արոնյանին․ անհաջող պարտիա

Շախմատի Ադրբեջանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը, որ իր վարկանիշով ՖԻԴԵ-ի լավագույն շախմատիստների 100-յակում անգամ չկա և ետ է իմաստուն խաղի մի շարք հայ վարպետներից, այդ թվում Լևոն Արոնյանից (14-րդ տեղում է) , իր ֆեյսբուքյան էջում ծավալուն գրառում է արել՝ ուղղված հայ ուժեղագույն շախմատիստ, այժմ՝ ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանին։
Ավելի վաղ, Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և ահազանգել, որ Ստեփանակերտի բնակիչները շրջափակման մեջ են, իսկ Արցախում ապրող հայերը մնացել են առանց սննդի ու դեղորայքի․
Եկեք արթնանանք, ժողովուրդ, մենք մեր լռությամբ չենք կարող թույլ տալ, որ տեղի ունենա մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք մեր սերունդներին խոսել կատարվածի մասին և փորձել հասնել նրանց, ովքեր կարող են փոխել այս ամոթալի իրավիճակը»։
Ադրբեջանի շախմատիստն, ի պատասխան, գրել է․
«Շախմատը ռազմավարության և ինտելեկտի աշխարհ է, որտեղ յուրաքանչյուր քայլ պահանջում է խորը մտածողություն և մանրակրկիտ վերլուծություն: Այս խաղում մանիպուլյացիաների և ստի համար տեղ չկա։ Նա մեզ սովորեցնում է ազնվություն և արդարություն: Գրոսմայստերները, որպես շախմատի բարձր տիտղոսներ կրողներ, կլանել են այս հուզիչ խաղի ոգին և պարտավոր են ազնվություն պահպանել ոչ միայն խաղատախտակի վրա, այլև իրենց հայտարարություններում։ Բայց, ավաղ, այդպես չէ հայ շախմատիստ, օլիմպիական եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանի դեպքում։
Հիշում եմ, որ Ղարաբաղյան Երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արոնյանն ասել ու գրել է, որ «պատրաստ է զենք վերցնել և գնալ կռվելու»։ Կռվել, իհարկե, Ադրբեջանի դեմ։ Բայց ունենալով մաթեմատիկական միտք՝ Արոնյանը կարծե՞լ է, որ իր հայտարարությամբ իրականում աջակցում է Հայաստանի տարածքային հավակնություններին Ադրբեջանի նկատմամբ, ոգեշնչում է Խանքենդիի (Ստեփանակերտի-խմբ․) անջատողականներին և դրանով իսկ իր բորբոքում տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրմանը։ Շախմատը միավորում է մարդկանց աշխարհի բոլոր ծայրերից՝ անկախ նրանց մշակութային, կրոնական կամ քաղաքական տարբերություններից: Այս խաղը դարձել է խաղաղության և դիվանագիտության խորհրդանիշ, որտեղ նույնիսկ Սառը պատերազմի տարիներին շախմատիստները միջնորդներ և խաղաղության խորհրդանիշներ էին»։
Ադրբեջանցին գրել է, որ հայերն ու ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են կողք կողքի, բարիդրացիության մեջ, աշխատել միասին, ուրախացել ու տխրել, բայց 90-ականներին «հայկական շովինիզմը, անջատողականությունը և ռասայական, ազգային և այլ գերակայության գաղափարները գրավեցին մեր հարևանների, ինչպես նաև ղարաբաղահայերի՝ Ադրբեջանի քաղաքացիների մտքերը»։ Ռաջաբովը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմում հայերի կրած պարտությունից հետո Արոնյանն, իբր, լուռ է եղել, այնպես, ինչպես «լռել է վերջին 30 տարիներին հայերի պատճառով ադրբեջանցիների կրած տառապանքների մասին»։
Ադրբեջանցի գրոսմայստերը շարունակել է Բաքվի տխրահռչակ թեզերը՝ կրկնելով, թե «Ղարաբաղը պաշարված չէ, այն Ադրբեջանի մաս է, գործում են Լաչինի միջանցքն ու Ակնայի ճանապարհը և որ Ղարաբաղի հայերը պետք է ինտեգրվեն Ադրբեջանի կազմում»։
«Եկեք անկեղծ լինենք. Գրոսմայստերի ազնվությունը ոչ միայն էթիկական չափանիշ է, այլ շախմատային հանրության և ընդհանրապես հասարակության կողմից հարգանքի և վստահության բանալին: Յուրաքանչյուր կեղծ հայտարարություն խարխլում է շախմատիստի վստահությունը և վնասում է ողջ շախմատային աշխարհի հեղինակությունը։ Եվ մի մոռացեք, որ գրոսմայստերները պատասխանատու են իրենց խոսքերի և արարքների համար և պետք է հավատարիմ մնան բարեխղճության բարձր չափանիշներին»,-պաթետիկ տոնով եզրափակել է շախմատային աշխարհի քարտեզից վաղուց դուրս շպրտված լուզեր զինվորիկը։
Կարծիքներ