Ունի՞ արդյոք մանևրելու տեղ Նիկոլ Փաշինյանը

Ունի՞ արդյոք մանևրելու տեղ Նիկոլ Փաշինյանը
Զոհրաբ Մնացականյան

Հունվարի 14-ին իր աշխատանքները սկսեց ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը։ Ապրիլ-մայիսյան քաղաքական փոփոխությունները հասան իրենց տրամաբանական վերջնագծին։ 
Հունվարի 14-ին նաեւ տեղեկացանք, որ հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունենալու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հիշեցնենք, որ Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել Միլանում, ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակում, անցյալ տարեվերջին, որից հետո Բաքուն հայտարարեց, որ Մամեդյարովն ու Մնացականյանը հասել են փոխըմբռնման, եւ հաջորդ հանդիպումը կլինի հաջորդ տարվա հունվարին։ Երեւանն էլ հստակեցրել էր, որ փոխըմբռնումը վերաբերում է համատեղ հայտարարություն տարածելուն, քանի որ երկար ժամանակ նման ձեւաչափով հայտարարություն, որին համաձայնեին ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը, ե՛ւ միջնորդները, ընդունել չէր հաջողվում։ 

Մի կողմ թողնելով դիպլոմատիկ ձեւակերպումները եւ այն, թե ով ում հետ որ հանգրվանում ինչպես է հասել համաձայնության, արձանագրենք, որ ուշագրավն այստեղ այն է, որ Հայաստանում իշխանության ձեւավորումից հազիվ 48 ժամ հետո օրակարգ է բերվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման տեսքով։ Անկախ այն հանգամանքից, թե պաշտոնական Երեւանն ինչպես կմեկնաբանի կամ ինչպես կմատուցի դա տեղական լսարանին, այսինքն՝ հայաստանյան հանրությանը, պարզ է, որ միջազգային հանրությունը, իսկ ավելի կոնկրետ՝ համանախագահող երկրները, բավականին լուրջ են տրամադրված Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց ակնկալիքներում եւ, մեղմ ասած, Փաշինյանին այս հարցում «նավից՝ պարահանդես» ռեժիմի մեջ դնելով՝ ժամանակ չեն տալիս նույնիսկ շունչ քաշելու։ 

2018-ի ողջ ընթացքում իշխում էր այն մտայնությունը, որ 2019-ը լինելու է կարեւոր տեղաշարժերի տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Շատ վերլուծաբաններ, փորձագետներ նույնիսկ բաց տեքստով էին հայտարարում, որ հայաստանյան «թավշյա» իշխանությունների կողմից շատ բան հանդուրժում են հենց ղարաբաղյան ճակատում ունենալիք դրական տեղաշարժերի ակնկալիքով։ Ու եթե գոնե վերջին մեկ տարվա հրապարակումներն ենք թերթում՝ հայկական, ռուսական, անգամ ադրբեջանական մամուլում ու միջազգային ԶԼՄ-ներում հրապարակված, հասկանում ենք, որ տեղաշարժեր ասվածն այլեւս չի ենթադրում հանդիպում հանուն հանդիպման, այլ պարունակում է որոշակի կոնկրետություն՝ հստակ քայլեր։ Նույնիսկ Դուշանբեի «չկրակելու» պայմանավորվածությունը կարելի է այդ համատեքստում տեղավորել՝ հաշվի առնելով սահմաններում տիրող հարաբերական անդորր վիճակը, որով հպարտանում է նաեւ Փաշինյանը։ 

Ինչ վերաբերում է հակամարտության բանակցային հիմքում դրված Մադրիդյան սկզբունքներին, ապա նման տեղաշարժ կարող է համարվել տարածքների հանձնումը։ Միայն այս պարագան կարող է դիտարկվել որպես դիվանագիտական՝ տեղում դոփող պրոցեսի «տեղից պոկում»։ Ու նական հարց է առաջանում․ իսկ Հայաստանի ներկայիս ղեկավարը պատրա՞ստ է նման շրջադարձային, նույնիսկ՝ ճակատագրական քայլ անելու։ Ըստ ամենայնի՝ ոչ։ Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ վերջնագծին հասնելը հնարավորինս հետաձգելու որքա՞ն ժամանակ ունի նա, որ մանեւրի։ Թերեւս հենց սա է ամենամեծ ինտրիգն առաջիկա քաղաքական անցքերի։ 

Հայտնի է նաեւ, որ նոր իշխանությունը սուպերվարչապետական կառավարման համակարգը փոխելու շրջանակներում խոստանում էր, որ որոշ լիազորություններ կարող է զիջել։ Փաշինյանն էլ ասել էր, որ պառլամենտական կառավարման երկրում ենք ապրում, եւ ԱԺ-ին կարելի է որոշ իրավունքներ եւ լիազորություններ զիջել։ Սակայն արդյոք երկրի արտաքին քաղաքականությունը, որը գործադիր իշխանության գործառույթն է, կարելի՞ է զիջել ԱԺ-ին։ Բացի այդ, 88 հոգանոց կայուն մեծամասնությունը, որը 100 տոկոսանոց կախում ունի իրենից, բնական է, որ անխոս կատարելու է իր կամքը։ Իսկ նախագահի ինստիտուտին նման զիջում անելն, ըստ էության, բավականին խորամանկ մանեւր կլիներ։

Զիջելով արտաքին քաղաքականության իրականացման գործառույթը ՀՀ նախագահին՝ Փաշինյանը կարող էր մասամբ իրենից հեռացնել տարածքների հնարավոր հանձնման պատասխանատվությունը։ Եւ հասարակությունը «պարտք ու պահանջ» կունենա ոչ թե իրենից, այլ՝ նախագահից։ Այլ է հարցը, թե Արմեն Սարգսյանը կհամաձայնի՞ նման ծանր պատասխանատվության տակ մտնել, չէ՞ որ ղարաբաղյան հակամարտության հարցն այն հարցն է, որտեղ փոքր սխալը նույնիսկ կարող է լինել ճակատագրական ե՛ւ երկրի, ե՛ւ ժողովրդի, ե՛ւ հենց անձամբ սխալվողի համար։