Բացակայող պատգամավորների նկատմամբ կիրառել ժամանակավոր «մանդատի սառեցում»՝ 3-6 ամիս ժամկետով

Բացակայող պատգամավորների նկատմամբ կիրառել ժամանակավոր «մանդատի սառեցում»՝ 3-6 ամիս ժամկետով


Հայաստանում գործող կուսակցությունները ինստիտուցիոնալ գաղափարական իմաստով կայացած չեն: Ավելին՝ կուսակցությունները հասարակության գիտակցության մեջ չեն ընկալվում որպես քաղաքական համակարգի կարևոր ինստիտուտներ, ինչպես նաև կազմակերպություններ, որտեղ գեներացվում է քաղաքական միտքը: 
Դրանք ավելի շատ «կարիերիստական», «ակումբային» կամ խարիզմատիկ կազմակերպություններ են, և շատ դեպքերում համախմբված անձերի շուրջ: 
Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս խորհրդարանական երկիր է, հետևապես քաղաքական զարգացման հրամայական է դիտվում խորհրդարանական մշակույթի զարգացումն ու կուսակցական համակարգերի կայացումը: 
ՀՀ- ում կուսակցական համակարգի զարգացման համար անհրաժեշտ է շարունակել ժողովրդավարության որակի բարձրացման ուղեգիծը որպես քաղաքական համակարգի ներդաշնակ կերպափոխման հրամայական: Տվյալ հիմնախնդրի իրականացման նկատառումներով առաջարկում ենք հետևյալը. 
Կուսակցությունների խոշորացումը ըստ գաղափարական հիմքի: 
ՀՀ կուսակցական համակարգի զարգացումը անհրաժեշտ է իրականացնել կուսակցությունների խոշորացման ճանապարհով՝ պահպանելով գաղափարական պլյուրալիզմը: 
- Զարգացնել սոցիալական երկխոսություն՝ կուսակցություններ-հասարակություն և պետություն հարացույցով: Սա կբարձրացնի սոցիալական շերտերի արժեքային և գաղափարական կողմնորոշվածության նախընտրությունը, ինչպես նաև կձևավորի քաղաքացիական մշակույթ։
-    Ընդունել  «ՀՀ կուսակցությունների մասին» նոր օրենք, որտեղ պարտադիր ամրագրում կստանա այն, որ ցանկացած կուսակցություն կդադարի օրենքով գործել, եթե նա չի հրավիրել իր հերթական համագումարը: Օրենքում հստակ ամրագրել նաև այն, որ այն կուսակցությունը, որի չի մասնակցում ՏԻՄ և համապետական հերթական ընտրություններին՝ օրենքի ուժով լուծարվում է: 
-    Պառլամենտական բազմակարծության խթանման և կոնսենսուալ ժողովրդավարության հասնելու տեսանկյունից՝ առաջարկում ենք ընդունել նոր ընտրական օրենսգիրք, որտեղ հստակ կնշվի խորհրդարանում կուսակցությունների թվի ընդլայնումը (մինչև 7), ինչպես նաև կիջեցվի ընտրական շեմը իջեցում(3%): Բազմակուսկացական պառլամենտը ժողովրդավարական համակարգերի ողնաշարն է:
-    Զարգացնել խորհրդարանական մշակույթը ՀՀ-ում՝ պատգամավորների հետ անցկացնելով տարատեսակ միջազգային դասընթացներ և վերապատրաստումներ: Կազմակերպել պատգամավորների այց Մեծ Բիտանիա, Գերմանիա և Իսրայել:
-    Բարձրացնել խորհրդարանի դերը պետական-քաղաքական կյանքում: Այդ նպատակով առաջարկում ենք գերատեսչություների ղեկավարներին, մարզպետներին, դեսպաններին նշանակել պետական պաշտոնների միայն այն բանից հետո, երբ նրանց թեկնածությունները հանգամանալից կքննարկվեն Ազգային Ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովներում: Առաջարկում ենք նաև պառլամենտական վերահսկողության տակ վերցնել բոլոր ուժային կառույցները:
-    Հանրային հնչեղություն ստացած թեմաների վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական շաբաթական լսումներ և ներգրավվել քաղաքացիական հասարակության հատվածին:
-    Կուսակցությունների զարգացման համար կարծում ենք, անհրաժեշտություն կա՝ անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի:
-    Մեզանում չկա քաղաքական մեծամասնության և քաղաքական փոքրամասնության փոխգործակցության պրակտիկա, ինչը թուլացնում է խորհրդարանի ինստիտուցիոնալ հիմքերը: Պետք է միջոցներ ձեռնարկել այս մշակույթը ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ: Այդ նպատակով առաջարկում ենք սահմանադրությամբ նախատեսված մի շարք առանցքային պաշտոնների նշանակման կարգը դարձնել այնպիսին, որ քաղաքական մեծամասնությունը այլ ելք չունենա քան փոքրամասնության հետ համագործակցելն է: Առաջարկում ենք ԱԺ կանոնակարգ օրենքում կատարել լրացուցիչ փոփոխություններ և խորհրդարանական փոքրամասնությանը տալ լրացուցիչ լիազորություններ մեծամասնությանը և կառավարությանը վերահսկելու համար: Առաջարկում ենք փոխել սահմանադրության այն կետը, որտեղ ընդդիմադիր փոխխոսնակի քվոտան ըստ երկրում ձևավորված ավանդույթի հասնում է ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայն ստացած կուսակցությանը: Պատճառը պարզ է, եթե նույնիսկ այդ կուսակցությունը շատ ձայն է ստացել, դա չի նշանակում, որ նա կարող է ունենալ ընդդիմադիր փոխնախագահ, եթե օրենքում չկա հստակ կարգավորում: Պարզ է չէ, որ ավանդույթը դա ոչ իրավական, ոչ էլ՝ առավելևս քաղաքական կատեգորիա չէ: Պետք է քննարկել ու հստակեցնել այս հարցը:
-    Կուսակցությունների զարգացման համար առաջարկում ենք մեծացնել պետության կողմից հատկացվող չնչին ֆինանսական միջոցները:
-    Խորհրդարանական մշակույթի զարգացման, ինչպես նաև խորհրդարանականության ներդաշնակ ապահովման համար, առաջարկում ենք ԱԺ աշխատանքներից բացակայող պատգամավորների նկատմամբ կիրառել ժամանակավոր «մանդատի սառեցում»՝ երեքից վեց ամիս ժամկետով: Այդ պրակտիկան գործում է զարգացած պառլամենտական հանրապետություններում:
-    Այն պատգամավորները, որոնք խուսափում են լրատվամիջոցների  հետ շփվելուց, նրանց համար քննարկել և ներդնել վերահսկողական մեխանիզմ: Ժողովրդի ընտրյալը և օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պարտավոր է պատասխանել լրագրողների հարցերին:
-    Հայհոյող և կամ գռեհիկ արտահայտություններ իրենց թույլ տված պատգամավորների նկատմամբ կիրառել՝ էթիկական և բարոյական պատասխանատվություն՝ զրկելով հերթական մի քանի լիագումար նիստերին հարցով հանդես գալու կամ ելույթ ունենալու իրավունքից:
-    Կուսակցական համակարգերի զարգացման համար առաջարկում ենք ստեղծել մարզային կուսակցություններ, որոնք տեղերում կապահովեն թե՛ քաղաքական սոցիալիզացիան, թե՛ լոկալ ժողովրդավարությունը և թե առավել արդյունավետ իրենց ծրագրերը կմշակեն տարածաշրջանի խնդիրները լուծելու համար:

Սմբատ Ղահրամանյան
Քաղաքագետ, ՀՀ ՊԿԱ շրջանավարտ