Սամվել Բաբայանը չի ճանաչում Արցախի Սահմանադրությունը

Սամվել Բաբայանը չի ճանաչում Արցախի Սահմանադրությունը

2019թ. մարտի  21-ին ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել էր ԼՂ հակամարտության կարգավորման հայեցակարգ, որտեղ հարավկովկասյան պետությունների ինտեգրացիան համարվում էր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման նախադրյալ:

Ըստ այդմ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի «կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն որեւէ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկյալ իշխանության կամ որեւէ առաջատար երկրի, որի հեղինակությունը ընդունվում է հակամարտող երկրների կողմից, հայ փախստականների եւ ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց կամավոր վերաբնակեցման, Արցախում տնտեսական զարգացման նախադրյալներ ստեղծելու եւ Արցախի կարգավիճակը նոր հանրաքվեի միջոցով որոշելու սկզբունքները»:

Արցախի տարածքի մասին «Հայեցակարգն» ուներ շեշտադրում, որ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները «բանակցային քննարկումների թեմա չեն կարող լինել»: Տրամաբանորեն՝ մյուս շրջանները՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը եւ Կուբաթլուն համարվում են բանակցային քննարկումների առարկա, իսկ եթե ավելի կոնկրետ՝ ենթակա են Ադրբեջանին վերադարձնելուն:

Ըստ «Հայեցակարգի»՝ Արցախի ինքնորոշման, այսինքն՝ վերջանական կարգավիճակի հարցով հանրաքվեի «ժամկետը որոշում է մանդատի կրողը»: Ընդ որում, ըստ Սամվել Բաբայանի «Հայեցակարգի»՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով ընդունում է Սահմանադրություն, որը չի հակասում միջազգային կազմակերպության հիմնարար օրենսդրական ակտին՝ հենքային պայմանագրին եւ միջազգային իրավունքին»:

Ստացվոում է, որ ՊԲ նախկին հրամանատարը չի ճանաչում Արցախի ներկայիս սահմանադրության օրինականությունը, այն համարում է միջազգային իրավունքին հակասող: Ահա նման «Հայեցակարգ» է մեկ տարի առաջ հրապարակել ՊԲ նախկին հրամանատարը, ով ներկայումս շանթ ու կրակ է թափում Հայաստանի նախկին, Արցախի գործող իշխանությունների եւ ԱՀ նախագահի թեկնածուների հասցեին՝ նրանց հռչակելով «դավաճան»՝ պատրաստ հինգ միլիարդ դոլարի դիմաց Ադրբեջանին սկուտեղի վրա մատուցել Արցախն ու ազատագրված տարածքները:

Նկատենք, որ Հայաստանի եւ Արցախի նախագահներից ոչ ոք երբեք Արցախում մանդատային կառավարում սահմանելու, անկախություն հռչակած երկրի մայր օրենքը մանադատակիր կազմակերպության կամ պետության քմահաճույքին վերապահելու, ինքնորոշման հանրաքվեի ժամկետները դարձյալ մանդատակիր կողմի որոշմանը թողնելու,  միայն Լաչինի եւ Քելբաջարի նկատմամբ հսկողություն պահելու մասին հայտարարություն չի արել: Սամվել Բաբայանը հայ առաջին եւ միակ գործիչն է, որ Արցախի ինքնիշխանությունը մանդատակիր երկրի օրենսդրությանը զիջելու տեսակետ է հնչեցրել՝ փաստացի վկայելով, որ չի ճանաչում Արցախի ինքնիշխանությունը, նրա սահմանադրությունը եւ օրենքները եւ մտադիր է դրանք փոխարինել մանդատակիր կողմի քմահաճույքով: Սա է ցավալի իրողությունը, որի մասին պետք է իրազեկել Արցախի հանրությանը, որպեսզի նրա համար պարզ լինի՝ քվեարկել Սամվել Բաբայանի կամ նրա կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված որեւէ մեկի, նրա «Միասնական հայրենիք» կուսակցության օգտին, միայն մի բան է նշանակում՝ հրաժարվել Արցախի ինքնիշխանությունից, հայցել օտար ուժերի կառավարում եւ տարածքային մեծ զիջումներ անել Ադրբեջանին: ՊԲ նախկին հրամանատարի հրապարակած «Հայեցակարգից» միայն նման եզրահանգման կարելի է գալ: