Կոչ են արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 

Կոչ են արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 

«Քառյակի խմբի» ԱԳ նախարարները, որի մեջ մտնում են՝ Բրազիլիան, Ճապոնիան, Գերմանիան եւ Հնդկաստանը, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կոչ են արել համակողմանի բարեփոխումներ սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ընդլայնելով վերջինիս մշտական եւ ոչ մշտական անդամների կազմը։

Համաձայն հաղորդման, վերոնշյալ խմբի մեջ մտնող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ ՄԱԿ ԱԽ-ն իր ներկայիս վիճակով չի կարող արդյունավետ եւ ժամանակին արձագանքել համաշխարհային այժմյան մարտահրավերներին, ինչն իր հերթին առաջ է բերում վերջինիս համակողմանի բարեփոխման հրամայականը, որպեսզի որպես մարմին այն դառնա ավելի արդյունավետ եւ արտացոլի ժամանակակից աշխարհի գեոպոլիտիկ իրականությունը։ Նախարարները նաեւ կոչ են արել ընդլայնել ՄԱԿ ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամների թիվն այնպես, որ վերջինում ներկայացված լինեն նաեւ այնպիսի զարգացող ռեգիոններ, ինչպիսիք են Աֆրիկան, Լատինական Ամերիկան եւ Կարիբյան ավազանը։