Ջեներիկ դեղերի առումով՝ չեմ կարող վստահ լինել, որ բոլոր ջեներիկները միևնույն որակի են

Ջեներիկ դեղերի առումով՝ չեմ կարող վստահ լինել, որ բոլոր ջեներիկները միևնույն որակի են

Հարցազրույց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանի հետ

- «Նատալի ֆարմը» պնդում է, որ 6 հոգու կուրության պատճառ դարձած «Ավաստին» դեղամիջոցը նախատեսված չէ ներակնային ներարկման համար, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն էլ՝ հակառակը, որ դեղամիջոցն ամբողջովին կիրառելի է, եւ նախկինում նույնպես եղել են այդ դեղորայքի կիրառման դեպքեր։ Որպես լրագրող՝ առավել հակված եմ հավատալ կլինիկային, քանի որ տարիներ շարունակ անում են վիրահատություններ, աչքի ստուգման հետազոտություններ, բուժում, կանխարգելում։ Դուք որքանո՞վ եք հավանական համարում բժշկական սխալը, բժշկի մեղքն այս իրավիճակում։

- Բժշկական սխալի հարցը շատ արդիական է Հայաստանում, սակայն, որպեսզի տարբերակենք բժշկական սխալը բժշկական անփութությունից, անհրաժեշտ է ունենալ հստակ գործելակարգեր եւ ուղեցույցներ, ինչի ուղղությամբ առողջապահության նախարարության կողմից կատարվող քայլերն իրականացվում են ոչ բավարար տեմպերով: Ես չեմ ուզում շտապողականություն ցուցաբերել եւ պնդել որեւէ կողմից մեղավորությունը: Ճիշտ կլինի, որ ձեւավորվի անկախ փորձագիտական խումբ եւ բազմակողմանի քննության ենթարկի այս հարցը:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ ներմուծվի եւ գրանցվի դեղ, որը նման վնաս կարող էր պատճառել հիվանդներին։ Այն, որ Հայաստանում դեղերը վատ առումով տարբերվում են արտերկրում, ՌԴ-ում նույն անունով վաճառվող դեղերից, ժամանակին բարձրաձայնել են ԱԺ-ում։ Մասնավորապես՝ օնկոլոգիական։ Համաձա՞յն եք եւ եթե այո, ինչպե՞ս կարող էր նման բան լինել։

- Ոչ վաղ անցյալում մամուլում առկա էր հոդված, որ նույնիսկ ադրբեջանական դեղեր են հայտնվել հայաստանյան շուկայում, ուստի ես չեմ կարող բացառել այդ վարկածը… Ճիշտ կլինի դա ճշտել առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարությունից, քանի որ համակարգից դուրս գործունեություն ծավալող անձանց համար նման տեղեկատվությունը փակ է։ Եթե մենք խոսում ենք օրիգինալ դեղերի մասին, այլ ոչ թե ջեներիկների, ապա ասեմ, որ տարբերություն չկա մեր մոտի եւ արտասահմանի դեղերի միջեւ (դեղը երբ արտադրվում է որոշակի փորձակումների արդյունքում, գրանցվում, արտադրվում որեւէ ֆիրմայի կողմից, եւ որն արտադրելու իրավունք որեւէ այլ ընկերություն չունի, կոչվում է օրիգինալ, սակայն տարիների անց՝ տարբեր ժամանակահատվածներում այլ ընկերություններ ստանում են այդ դեղն այլ անվամբ արտադրելու իրավունք, այդ դեղամիջոցները կոչվում են ջեներիկ)։
Իսկ ջեներիկ դեղերի առումով ես չեմ կարող վստահ լինել, որ բոլոր ջեներիկները միեւնույն որակի են թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս: Այդ պատճառով ես իմ բուժառուներին գրեթե միշտ նշանակում եմ օրիգինալ դեղորայք։

- Հիմա՝ մի քիչ ընդհանուր․ ՌԴ սոցիալական գովազդները նայելուց հետո հասկանում ես, որ ժամանակակից բժիշկը պետք է ծանոթանա օրական 20-30 հոդվածի՝ նոր մեթոդաբանության, հայտնագործությունների, միտումների հետ ծանոթանալու համար։ Մինչդեռ լավատեղյակները պնդում են, որ մեզ մոտ տարիներով նույն քարացած մեթոդներն են, լավագույն դեպքում ինչ-որ մոդայիկ դեղեր են նշանակում։

- Բժիշկների համար անհրաժեշտ է թե՛ ընթերցել նոր հոդվածներ եւ թե՛ մեկնել վերապատրաստումների ու կոնֆերանսների: Այդ գործընթացը կոչվում է շարունակական մասնագիտական զարգացում, սակայն Հայաստանում շարունակական մասնագիտական զարգացումը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ դեռեւս չկա հստակ կանոնակարգում։ Մեր կազմակերպությունը միտված է մոտակա ժամանակներում այդ կանոնակարգումների առաջարկների փաթեթով հանդես գալ եւ տրամադրել դա պատասխանատու մարմնին:
Ինչեւէ, մինչեւ այդ ամենն իրականանա, կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանի բժիշկները ձգտում են ստանալ գիտելիքներ՝ իրենց հասանելի բոլոր աղբյուրներից: